«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2005-08-26 | #152, 2005-08-27 | #153, 2005-08-30


ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Շարունակվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախաձեռնած հանրապետական մշակութային փառատոնըՙ «Պահպանենք մեր մշակույթը» խորագրով: Մարզից-մարզ իրականանում է փառատոնի նպատակըՙ ազգային բազմաբնույթ մշակութային արժեքների ներկայացումը: Այս անգամ եռօրյա այցով փառատոնը հյուրընկալվեց Սյունիքի մարզում: Մինչ մարզ հասնելը, Վայոց ձորի տարածքում պատվիրակությանն աղ ու հացով դիմավորեցին, կազմակերպեցին կանգառ-հանգիստը: Կես գիշերով պատվիրակությանն աղ ու հացով, դհոլ-զուռնայով դիմավորեցին փոխմարզպետ Արա Դոլունցը, Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանը, մարզպետարանի աշխատակիցները եւ բնակչությանը: Ուրախ շուրջպարից հետո մեքենաների շարասյունն ուղեւորվեց Կապան քաղաք: Հաջորդ օրը Կապանի երաժշտական դպրոցի դահլիճում կայացավ փառատոնի պատվիրակության կազմում ընդգրկված մշակութային գործիչների եւ համայնքի բնակչության հետ հանդիպում ու քննարկում: Հանդիպմանը բարձրացվեցին բազմաբնույթ հարցեր, որոնց պատասխանեցին «Թաթուլ Ալթունյանի անվ. երգի-պարի պետական անսամբլի» գեղ. ղեկավար Ժիրայր Ալթունյանը, Հայաստանի պարարվեստի միության նախագահ Վանուշ Խանամիրյանը, ՀԳՄ անդամ, գրող Լեւոն Բլբուլյանը, Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը եւ ուրիշներ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարությանը նման հետաքրքրական հանդիպում կազմակերպելու համար: Ջերմ ու մտերմիկ հանդիպումից հետո հյուրերը ծաղկեպսակ դրեցին Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիրին, մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ քաջերի անձնազոհ հիշատակը: Քիչ անց պատվիրակությունն այցելեց Գարեգին Նժդեհի հուշահամալիրը եւ սպիտակ ծաղիկներով զարդարեցին մեծ հայրենասերի գերեզմանը: Երեկոյան Կապանի մշակույթի լեփ-լեցուն դահլիճում կայացավ «Պահպանենք մեր մշակույթը» խորագիրը կրող փառատոնը, որը ողջույնի խոսքով բացեց Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը: Փառատոնին իրենց ողջույնի ուղերձն էին հղել այդ հողից ու ջրից սերված կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը (Սան Ֆրանցիսկո) եւ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Մի քանի ժամ տեւած համերգային ծրագրում իրար էին հաջորդում մարզի բոլոր համայնքներից ընտրված լավագույն խմբերը, անհատ կատարողները Երեւանից ժամանած արվեստի գործիչների հետ: Իհարկե, փառատոնում հատուկ շնորհակալություն եւ երախտագիտության խոսքեր հնչեցին հովանավորներ «Մուլտի ագրո» ՍՊԸ-ի տնօրեն Ռոզա Ծառուկյանի, ՀՀ մշակույթի նախարարության եւ, իհարկե, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, փոխմարզպետ Արա Դոլունցի, Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանի եւ մարզի բնակչության հասցեինՙ ջերմ ու բարեկամական մթնոլորտ ու ընդունելություն կազմակերպելու համար: Փառատոնն ավարտվեց, սակայն ստացած տպավորությունները դեռ երկար կմնան սյունիքցիների սրտերում ու հիշողության մեջ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4