ԼՂՀ հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ, ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանի գնահատմամբՙ նախորդ տարիների համեմատությամբ այս տարվա ընդունելության քննություններն անցել են ավելի կազմակերպված: Այս մասին նա հայտարարել է օրերս կայացած մամուլի ասուլիսում: Ռեկտորը դա բացատրել է հանձնաժողովի կողմից քննությունների նախօրյակին դիմորդների եւ նրանց ծնողների հետ տարված անհրաժեշտ բացատրական աշխատանքներով: Ինչպես նախօրոք հայտարարվել էր, համալսարան են ընդունվել նաեւ որոշ մասնագիտությունների գծով ոչ բավարար գիտելիքներով դիմորդները: Հ. Գրիգորյանը դա բացատրեց գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ շահագրգռություն առաջացնելու նպատակադրությամբ, ինչպես նաեւՙ համալսարանի տնտեսական սուղ պայմաններով պայմանավորված: Պետպատվերի շրջանակներում պետությունը բուհի կարիքները բավարարում է շուրջ 30 տոկոսի չափով, ուստի 5000 ուսանող եւ ավելի քան 500 աշխատակից ունեցող բուհը ստիպված է գնալ այդ քայլին:
Ըստ Հ. Գրիգորյանիՙ համալսարանում իրականացվում են նաեւ սոցիալական ծրագրեր: Վճարովի համակարգից մեծ քանակությամբ ուսանողների թոշակ է տրվում, որը տարվա կտրվածքով կազմում է նրանց վարձավճարի չափը: Զեղչ է սահմանված հեռակա համակարգում սովորողՙ զոհված ազատամարտիկների երեխաների համար: ԱրՊՀ-ն տարածաշրջանում թերեւս միակ բուհն է, որը կարիքավոր ուսանողներին ապահովում է հանրակացարանով: Զոհված ազատամարտիկների երեխաներին հատկացվում է անվճար: Զեղչ է սահմանված նաեւ համալսարանում աշխատողների երեխաների համար: Բացի այդ, առաջնակարգ բուհերից հետ չմնալու նպատակով համալսարանում իրականացվում են շինարարական եւ կահավորման աշխատանքներ:
Ռեկտորը տեղեկացրեց, որ այս տարի ԱրՊՀ շրջանավարտների թիվը նախորդ տարվա համեմատությամբ քիչ էր 200-ով, իսկ դիմորդների թիվըՙ 50-ով ավելի, ինչը նա գոհացուցիչ համարեց այն առումով, որ ԱրՊՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է:
Ընդհանուր առմամբ ԱրՊՀ են ընդունվել 738 հոգի, որից պետպատվերովՙ 248 հոգիՙ նախատեսված 220-ի փոխարեն: Ավելացումը տեղի է ունեցել զոհված ազատամարտիկների երեխաների ընդունելության հաշվին:
Ռեկտորը դրական գնահատեց ընդունելության քննությունների արդյունքները: Ստվերային երեւույթների վերաբերյալ նա ասաց, որ դրանց 70 տոկոսը վերացված է. կազմակերպչական առումով ամեն ինչ արվում է, որպեսզի այդ խողովակները փակ լինեն: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահը, այնուհանդերձ, չժխտելով ստվերային երեւույթների գոյությունը, դրա լիարժեք վերացումը համարեց ոչ միայն համալսարանի խնդիրը: Դա սոցիալական չարիք է, որը համապետական մոտեցում է պահանջում:
Բողոքարկող հանձնաժողովը, ըստ ռեկտորի, համարյա անելիք չի ունեցել: Եղել է 4-5 դեպք, երբ տեխնիկական պատճառներով փոխվել են միավորները:
Հավաստագրերով (առանց ընդունելության քննությունների) ընդունելության կարգը, որը մտցվել էր հենց իրՙ Հ. Գրիգորյանի նախաձեռնությամբ, երբ զբաղեցնում էր ԼՂՀ ԿՄՍ նախարարի պաշտոնը, նույնպես այդ նպատակն էր հետապնդում: Պարզվում է, սակայն, որ հավաստագրեր տալու հսկողությունը թուլացել է դպրոցներում:
Առհասարակ, ընդունելության քննությունների ներկա կարգին Հ. Գրիգորյանը դեմ արտահայտվեց: Նրա կարծիքով, պետք է ընտրել մի ձեւ, որ, իրոք, վերացվեն ընդունելության քննությունները: Համալսարանը պետք է իր համար բալային շեմ հայտարարի տարբեր մասնագիտությունների գծով, եւ այն բավարարող դիմորդներն ընդունվեն առանց քննությունների: ԱրՊՀ պարագայում, Հ. Գրիգորյանի խոսքերով, դա հնարավոր է իրականացնել շատ շուտ: Պարզապես հարկավոր է մշակել համապատասխան մեխանիզմներ:
Անդրադառնալով դիմորդների մակարդակինՙ Հ. Գրիգորյանը նշեց, որ այս տարի դիմորդների որակական աստիճանը բարձր էր նախորդ տարիների համեմատությամբ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ