ԲՈՒԽԱՐԱ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը, որին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հրավիրել է մասնակցելու «Արեւելքի մեղեդիները» միջազգային երաժշտական փառատոնին, այցելել է Բուխարա եւ այսօր վերադարձել Սամարղանդ: Այդ մասին հայտնել է համաժողովի կազմակերպիչներից մեկըՙ Աիդա Իբրահիմովան: Նրա խոսքով, Շառլ Ազնավուրն ասել է, որ իրականացել է Ուզբեկստան այցելելու իր մանկական երազանքը: 12 տարեկան հասակում ապագա երգիչը կարդացել է «Մեկնենք Սամարղանդ» գիրքը, որը վառ տպավորություն է գործել նրա վրա: Ելույթ ունենալով փառատոնի բացմանըՙ Ազնավուրն ասել է, որ շատ երաժշտական փառատոներ է տեսել իր կյանքում, բայց Սամարղանդինը ցնցել է իրեն իր թափով եւ ազգային մշակույթի նկատմամբ հոգատար վերաբերմունքով: «Արեւելքի մեղեդիները» փառատոնին մասնակցում են 50 երկրների արտիստներ: Բեմահարթակը պատրաստվել է Ուզբեկստանի հին մայրաքաղաք Սամարղանդի Ռեգիստան կենտրոնական հրապարակում, բաց երկնքի տակ: Փառատոնը կավարտվի երեքշաբթի օրը: