«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2005-08-26 | #152, 2005-08-27 | #153, 2005-08-30


ՏՈՆ, ՈՐ ԲՈԼՈՐԻՆՍ ԷՐ

Երեւանյան թիմերը հաստատեցին իրենց գերազանցությունը

Ավարտվեց բասկետբոլի համահայկական առաջին մրցաշարը: Մրցումների վերջին օրը հայտնի դարձան տղամարդկանց մրցաշարի մրցանակակիրները: Առանց չափազանցության կարելի է փաստել, որ Երեւանի ու Վալեյի թիմերի եզրափակիչ հանդիպումը մրցումների իսկական զարդը դարձավ: Անզիջում ու դրամատիկ պայքարում ընթացած մրցախաղը մինչեւ վերջ հաճելի լարվածության մեջ պահեց «Դինամո» մարզադահլիճում գտնվող հանդիսականներին: Բավական ժամանակ Վալեյի թիմը հաշվի մեջ առջեւում էր ընթանում, նույնիսկ մի պահ միավորների տարբերությունը հասավ 13-ի: Սակայն, ի պատիվ երեւանցիների, նրանք իրենց մեջ ուժ գտան փոխելու մրցակցության ընթացքը, աչքի ընկան դիպուկ նետումներով ու արժանի հաղթանակ տոնելով (68-59)ՙ նվաճեցին չեմպիոնի տիտղոսը: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրին Գլենդեյլի բասկետբոլիստները, որոնք պարտության մատնեցին Թբիլիսիի թիմին:

Եզրափակիչ խաղից հետո խնդրեցինք Երեւանի թիմի մարզիչ Էդուարդ Հարությունյանին իր տպավորությունները կիսել վճռորոշ հանդիպման ու մրցաշարի մասին. «Տրամադրված էինք հաղթանակի, եւ տղաներն ամեն ինչ ներդրեցին հաջողության հասնելու համար: Փառք ու պատիվ նրանց, հոգի ներդրեցին հաղթանակի համար: Ես վստահ էի տղաների ֆիզպատրաստության վրա, եւ թեեւ 13 միավորով զիջում էինք մրցակցին, համոզված էի, որ մեր ներուժը բավականացնելու է հաջողության հասնելու համար: Նաեւ տակտիկական փոփոխություններ կատարեցինք: Զգալով, որ մրցակցի հեռահար նետումները հաջող են ստացվում, անցանք անհատական պաշտպանության, ինչը դրական արդյունք տվեց: Անչափ ուրախ եմ հաղթանակի առթիվ: Համահայկական 3-րդ խաղերում էլ հաղթել էինք Վալեյի թիմին, իսկ ահա եզրափակիչում պարտվել էինք Գլենդեյլի բասկետբոլիստներից: Բասկետբոլի այս մրցաշարի ընդհանուր մակարդակն անհամեմատ բարձր էր նախորդներից: 16 թիմերից 9-10-ը մոտավորապես հավասար հնարավորություններով մեծ ներուժ ունեցող թիմեր էին»:

Մրցաշարի ավարտից հետո տեղի ունեցավ մրցանակակիր թիմերի եւ աչքի ընկած մարզիկների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: 4-րդ անգամ անընդմեջ բասկետբոլի մրցաշարի չեմպիոն հռչակված Երեւանի կանանց թիմին (մարզիչՙ Համլետ Առաքելյան) հանձնվեց գավաթը, իսկ բասկետբոլիստուհիները պարգեւատրվեցին ոսկե մեդալներով: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած Թեհրանի եւ Գյումրու թիմերի մարզուհիներին հանձնվեցին արծաթե եւ բրոնզե մեդալներ: Համապատասխան մեդալներով պարգեւատրվեցին նաեւ տղամարդկանց մրցաշարի մրցանակակիրներ Երեւանի, Վալեյի եւ Գլենդեյլի թիմերի բասկետբոլիստները:

Լավագույն խաղարկողի համար սահմանված անհատական մրցանակներին արժանացան Հասմիկ Մամիկոնյանը (Երեւան) եւ Կառլոս Հովհաննիսյանը (Գյումրի): Լավագույն պաշտպաններ ճանաչվեցին երեւանցի Լիանա Բաղդասարյանն ու թբիլիսցի Միխայիլ Զիկաշվիլին: Լավագույն կենտրոնականների համար մրցանակները հանձնվեցին Էթնա Եսայանին (Թեհրան) ու Թորոս Էտներյանին (Վալեյ): Էթնան ճանաչվեց նաեւ մրցաշարի լավագույն բասկետբոլիստուհի, իսկ տղամարդկանցից այդ մրցանակին արժանացավ Դավիթ Նավասարյանը (Վալեյ): «Արդարացի խաղի» մրցանակները հանձնվեցին Թեհրանի կանանց եւ Գլենդեյլի տղամարդկանց թիմերին: 3 միավորանոց նետումներով լավագույն արդյունք ցույց տված Վարդուհի Ասատրյանը (Գյումրի, 45 միավոր) եւ Արին Ղարաբօղլին (Թեհրան, 93 միավոր) եւս հատուկ մրցանակների արժանացան: Լավագույն մարզիչներ ճանաչվեցին Երեւանի կանանց թիմի մարզիչ Համլետ Առաքելյանը եւ Գլենդեյլի տղամարդկանց թիմի մարզիչ Արթուր Ռումայան: Լավագույն մրցավարի մրցանակը հանձնվեց թեհրանցի Վրեժ Աբգարյանին: Հատուկ մրցանակով պարգեւատրվեց նաեւ մրցումների գլխավոր մրցավար Ժորա Բաղդասարյանը:

Մրցումների ավարտից հետո զրուցեցինք մեր գործընկերներից մեկիՙ Թբիլիսիի «Արեւիկ» մանկական ամսաթերթի խմբագիր, նույնանուն հիմնադրամի փոխնախագահ Ինգա Աղեկյանի հետ:

- Երկրորդ անգամ եմ Երեւանում լուսաբանում բասկետբոլի մրցումները: Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված: Ցանկալի կլիներ, որ սփյուռքի ավելի մեծ թվով թիմեր մասնակցեին, հետագայում ավելի ընդլայնվեր Համահայկական խաղերի աշխարհագրությունը: Օրինակ, Հունաստանում հայկական մեծ համայնք կա, Ավստրալիայում եւս քիչ թիվ չեն կազմում հայերը: Նման մրցաշարերը սփյուռքի մեր հայրենակիցներին հնարավորություն են ընձեռում զգալու հայրենիքի ուժը: Իմ կարծիքով, Համահայկական խաղերը մեծ հետք կթողնեն ապագա սերնդի զարգացման վրա եւ կնպաստեն հայրենիքի հետ կապին: Շատերը ցանկություն ունեն տեղափոխվելու Հայաստան: Նրանցից մեկն էլ շվեյցարահայ Դալալ Ավետիսյանն է: Դա երեւի Համահայկական խաղերի ամենամեծ դրական քայլն է: Օգտվելով առիթից, խորին շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի ներկայացուցիչներին, ովքեր աջակցեցին թբիլիսյան թիմերինՙ հոգալով ճանապարհածախսն ու բնակության հարցերը: Ուրախ եմ, որ այսպիսի հայրենիք ունեմ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4