ՀՕՖ-ն աջակցում է սոցիալապես անապահով եւ առաջադեմ ուսանողներին
Երեւանի պետական համալսարանի, Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մի շարք ֆակուլտետների դիմորդներ, որոնք այս տարի ընդունվել են վճարովի համակարգ, կարող են մասնակցել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Մաթեւոսյան կրթավճարի» մրցույթին: Հաղթող 10 դիմորդների ուսման վարձը կվճարի Հայ օգնության ֆոնդը, այս մասին երեկ «Ազգի» հետ զրույցում ասաց ՀՕՖ-ի լրատվության պատասխանատու Լեւոն Լաճիկյանը: Մրցույթին կարող են մասնակցել նրանք, ովքեր ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, ավարտական քննությունները հանձնել են գերազանց, ընդունելության քննություններըՙ բարձր գնահատականներով: Մրցույթը վերոհիշյալ բուհերի տնտեսագիտություն, կիրառական մաթեմատիկա, կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկա, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, բանասիրություն եւ լրագրություն ֆակուլտետների առաջին կուրսեցիների համար է: Մրցույթին մասնակցող երիտասարդները պետք է լինեն սոցիալապես կարիքավոր ընտանիքներից եւ պարտավորվեն ուսման ավարտից հետո առնվազն 5 տարի ապրել եւ աշխատել Հայաստանում կամ Արցախում: «Մեր նպատակը տեղում կրթական համակարգին աջակցելն է: Այդ պատճառով ուսանողի հետ կնքվում է պայմանագիր, որի խախտման դեպքում ուսանողը կամ նրա ընտանիքը պետք է փոխհատուցի ուսմանն առնչվող ՀՕՖ-ի կատարած ծախսերը», ասաց Լեւոն Լաճիկյանը եւ ուրախությամբ ավելացրեց, որ մինչ օրս նման դեպքի չի գրանցվել:
Գրասենյակում զգուշացնում են, որ ուսման ընթացքում ուսանողի առաջադիմության անկման կամ նրա ընտանիքի սոցիալական վիճակի բարելավման դեպքում ֆոնդը դադարեցնում է ուսման վարձի վճարումը: Ի դեպ, 2003/04 ուստարում ցածր առաջադիմություն դրսեւորած երեք ուսանողներ զրկվեցին կրթաթոշակից:
Մրցույթին մասնակցել ցանկացող երիտասարդները մինչեւ օգոստոսի 31-ը պետք է ներկայացնեն դիմում, անձնագրի, միջնակարգ կրթության վկայականի պատճենները, ընդունելության քննությունների քննաթերթիկը, վճարովի ուսուցմամբ ուսանող դառնալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք եւ ընտանիքի սոցիալական անձնագրի («Փարոս») պատճենը: ՀՕՖ-ի աշխատակիցները, վստահելով հանդերձ ներկայացված փաստաթղթերին, այցելում են յուրաքանչյուր հայտատուի բնակարան, զրուցում ընտանիքի անդամների, նույնիսկ հարեւանների հետ: «Մեկ սխալ ընտրությունն էլ կարող է շատ բացասական անդրադառնալ ծրագրի վրա: Եղել են դեպքեր, երբ մեզ փորձել են խաբել, սակայն օգտագործել ենք բոլոր լծակները եւ բացահայտել իրականությունը», ասում է Լաճիկյանը: Նախնական ընտրությունից հետո դիմորդները հրավիրվում են հարցազրույցի եւ ընտրվում 10 լավագույնները:
«Առանց տարկետման իրավունքի» (ԱՏ) բուհ ընդունված երիտասարդները չեն օգտվում պետական որեւէ ծրագրից: Ինչ վերաբերում է կրթաթոշակին, այս տարի առաջին անգամ ԱՏ-ով ընդունված երկու երիտասարդ է դիմել կրթաթոշակ ստանալու ծրագրին: ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող Ռիտա Խաչիկյանն ասաց, որ դեռեւս կրթավճարը տրամադրող նյույորքաբնակ բարերար Անուշ Մաթեւոսյանի հետ չեն խոսել այս մասին: Հնարավոր է, որ ԱՏ-ով ընդունված երիտասարդները նույնպես մրցույթին մասնակցելու հնարավորություն ունենան:
Երեկ ՀՕՖ-ում դիմումների ընդունման առաջին օրն էր: Մինչ աշխատանքային օրվա ավարտն արդեն 15 դիմում էր ներկայացվել: Արդեն 9-րդ տարին իրականացվող ծրագրի շնորհիվ պետական բուհերի ավելի քան 80 երիտասարդներ ստացել են այս կրթաթոշակը եւ հնարավորություն ունեցել ուսումը շարունակելու բուհում:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ