Երեւանը մտահոգված է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցումից
Պաշտոնական Երեւանը մտահոգված է Հայաստանը շրջանցող տարածաշրջանային եւս մեկ նախագծիՙ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցումից: Եթե ընդամենը մի քանի շաբաթ առաջ Հայաստանի իշխանություններն այդ երկաթուղու կառուցումը համարում էին հարեւան երեք հանրապետությունների, մասնավորապես Ադրբեջանը եւ Թուրքիան միմյանց կապող Վրաստանի ներքին գործ (նման ոգով արտահայտվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ջավախք կատարած այցի օրերին), ապա այսօր ակնհայտ է դառնում շեշտադրության փոփոխությունը:
Հայաստանի արտգործնախարարն իր վերջին ասուլիսում նշեց, որ Վրաստանն ու Ադրբեջանը բարոյական իրավունք չունեն կառուցելու այդ երկաթգիծը, եթե անգամ նախագծի ֆինանսավորումը կատարվի ոչ դոնոր կազմակերպությունների, այլ այդ երկրների բյուջեներից: «Այսօր կա Կարս-Գյումրի երկաթգիծ, որը չի աշխատում Թուրքիայի վարած սխալ քաղաքականության պատճառով: Մենք կարծում ենք, որ նոր երկաթգիծ կառուցելուն միտված յուրաքանչյուր ներդրում, որը կշրջանցի արդեն գոյություն ունեցող երկաթգիծը, անիմաստ է: Մենք պայքարելու ենք դրա դեմ», ասաց Վարդան Օսկանյանը եւ ընդգծեց, որ Հայաստանը փորձելու է շահագրգիռ երկրներին ապացուցել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցման անիմաստ լինելը:
Հայաստանը շրջանցող երկաթգծի կառուցման հավանականությունը հավանաբար իրական է, այլապես պաշտոնական Երեւանն արտգործնախարարի շուրթերով ակնհայտ անհանգստության նշաններ ցույց չէր տա: Ըստ էության Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցմամբ Կարս-Գյումրի երկաթգիծը մոռացության կմատնվի: Համենայն դեպս, Թուրքիան շարունակում է Հայաստանի ցամաքային շրջափակումը, եւ քանի դեռ հայ-թուրքական սահմանը փակ է, Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հեռանկարներն իրատեսական չեն, Կարս-Գյումրի երկաթգծի վերաշահագործումն առաջիկա տարիներին հավանական չի թվում:
Եթե Երեւանում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցումն ընկալվում է ոչ բարեկամական քայլ Վրաստանի կողմից, ավելինՙ հայկական իշխանություններն ակնարկում են, որ դրանով Վրաստանը նպաստում եւ տեւական է դարձնում Հայաստանի շրջափակումը, ապա Թբիլիսիում այլ կարծիքի են: Օրինակ, Վրաստանի խորհրդարանի Եվրատլանտյան ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Բաքրաձեն կարծիք է հայտնում, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգիծը ոչ միայն չի մեկուսացնի Հայաստանը, այլեւ ընդհակառակըՙ հարեւան հանրապետությանը կբերի տնտեսական օգուտներ: «Եթե Հայաստանը Թուրքիայի եւ Եվրոպայի հետ կապվի Վրաստանի տարածքով, ապա այս փուլում դա կլինի հաջողված քայլ հենց Հայաստանի համար», նշում է նա:
Արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում նշել է, որ նախագիծը Հայաստանի հավանությանը չի արժանանում, եւ Թբիլիսին պատրաստ է քննարկելու նաեւ այլ երթուղիներ, բայց, մյուս կողմից, Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ որեւէ երկիր, այդ թվում Հայաստանը փորձի խոչընդոտել ծրագրի իրականացմանը, ավելինՙ Միացյալ Նահանգների միջոցով: Հուլիսին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ջո Նոլենբերգը եւ Ջորջ Ռադանովիչը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել մի օրինագծի նախագիծ, ըստ որի Մ. Նահանգներին արգելվում է օժանդակել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցումը: Կոնգրեսականները նշել էին, որ Կարս-Գյումրի երկաթգիծը շրջանցելն ու Հայաստանին տնտեսական եւ առեւտրային վնասներ հասցնելը հարվածում է Մ. Նահանգների տարածաշրջանային երկարաժամկետ շահերին:
Սակայն ակնհայտ է, որ որեւէ լոբբիստական կառույց չի կարող խոչընդոտել Մ. Նահանգների համար կարեւոր ծրագրի իրականացմանը, եթե վերջինս բխում է աշխարհի գերհզոր տերության շահերից: Առայժմ Մ. Նահանգների կառավարությունը հստակ դիրքորոշում չի արտահայտել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցման եւ Վաշինգտոնի քաղաքական ու ֆինանսական աջակցության մասին: Հիշենք Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը, որով մոտ 10 տարի արգելված էր Մ. Նահանգների կառավարությանը ֆինանսական աջակցություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս շարունակում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Բայց բավական էր Վաշինգտոնի շահերից բխեր հակաահաբեկչական պայքարում Բաքվի հետ համագործակցությունը եւ 907 ուղղումը կասեցվեց:
Երբ 90-ականների կեսերին խոսվում էր Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կառուցման հավանականության մասին, Հայաստանում եւ Ռուսաստանում թերահավատորեն էին վերաբերվում այդ ծրագրերինՙ դրանք համարելով քաղաքական: Ասվածի մեջ ճշմարտություն կար, սակայն այսօր Բաքու-Թբիլիսի)Ջեյհանն արդեն պատրաստ է շահագործման, իսկ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը մի քանի տարի հետո պատրաստ կլինի: Այս նախագծերն ակնհայտորեն ուղղված էին Ռուսաստանի նավթային շահերի դեմ:
Կարս-Ախալքալաք-Թբիլիսի նախագծին ԱՄՆ-ի աջակցելը կամ չաջակցելը կարեւոր ցուցիչ կլինի Հայաստանի նկատմամբ Մ. Նահանգների տարածաշրջանային-կոմունիկացիոն քաղաքականությունը ճիշտ հասկանալու համար: Այդ նախագիծը չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ, քանի որ դրա կառուցումն էականորեն չի կարող սահմանափակել ռուսական ազդեցությունը կովկասյան տարածաշրջանում: Հետեւաբար եթե Մ. Նահանգները քաղաքական եւ ֆինանսական աջակցություն ցույց տա Կարս-Ախալքալաք-Թբիլիսի նախագծին, ինչպես կասպյան խողովակաշարերի դեպքում է, ապա կնշանակի, որ Հայաստանի մեկուսացումը մեծ հաշվով չի հետաքրքրում ամերիկացիներին: Ավելինՙ շրջափակված Հայաստանը այլ ելք չի ունենա, քան կառչած մնալ Ռուսաստանից, ինչը կարծես թե մինչեւ այսօր չի գոհացրել ամերիկացիներին:
Վրաստանով Թուրքիան Ադրբեջանի հետ կապող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի երկարությունն, ըստ նախագծի, 98 կմ է (նկատենք, որ երկաթգծով Ախալքալաքը կապված է Թբիլիսիին, վերջինս էլՙ Ադրբեջանին, հետեւաբար անհրաժեշտ է կառուցել միայն Կարս-Ախալքալաք հատվածը եւ վերանորոգել Ախալքալաք-Թբիլիսիի որոշ հատվածներ), որից 68 կիլոմետրն անցնելու է Թուրքիայի, 30-ըՙ Վրաստանի տարածքով: Նախագծի արժեքը տատանվում է 500-800 մլն դոլարի սահմաններում:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ