ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ավանդաբար գրապաշտ մեր ազգի համար կրթությունը շարունակում է պաշտամունք մնալ: Թեեւ օրվա ապրուստը հազիվ են հասցնում, հայ ծնողներն իրենց զավակի բուհական վարձավճարի խնդիրը լուծելու միջոց ու հնար գտնում են: Եվ ուսանող զավակն ինքն էլ ուսման հետ սրճարաններում ու ռեստորաններում սպասարկելով, կամ ամռանը մեկնելով օվկիանոսից անդին, փորձում է վաստակել իր ուսման վճարը: Առողջապահության հետ կրթությունն այսօր հիշատակվում է կաշառասուն ասպարեզների առաջին շարքում: Ե՛վ սովորողը, ե՛ւ ուսման հետ գլուխ չունեցողը հայտնվում են նույն հարթության վրա` քննաշրջանը ոսկե երակի վերածած դասախոսի կամավոր կամ հարկադիր զոհը դառնալով:
Երեւի ոչ մի ոլորտ այնքան խնդիրներ չունի, ինչքան այսօր կարծրացել են կրթական համակարգում: Հանրակրթական դպրոցը կորցրել է գիտելիքի գլխավոր մատակարարի իր առաքելությունը: Դպրոցական դասընթացը դեպի բուհ ճանապարհի ընդամենը ձեւական օղակ է դարձել: Դպրոցի վարկի անկմանը զուգընթաց տարիների հետ ամրապնդվում է կրկնուսույցների ինստիտուտը, որ գրեթե զանգվածաբար անցնում են մասնավոր ու պետական բուհերի դիմորդները:
Իսկ մնացած հարցերում մեր կրթությունը պարտաճանաչորեն նմանակում է զարգացած աշխարհի կրթական չափորոշիչներն ու ստանդարտները` բակալավրիատ, մագիստրատուրա, 12-ամյա դպրոց: Նորոգվում ու հիմնանորոգվում են դպրոցները, ջեռուցման նախնադարյան մեթոդներից անցնում ենք լոկալ համակարգի: Համակարգիչները փոխարինել ու շարունակում են փոխարինել գրքերին: Եվ սա է գլխավոր պատճառներից մեկը, որ հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը մեր երեխաները ամենից վատ գիտեն: Այս մասին հատուկ ընդգծվեց նույնիսկ մայրաքաղաքի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդաժողովում: «Խիստ անհանգստացնող փաստ է այդ երեք առարկաների ուսուցման դրվածքը մեր դպրոցներում: Մեր գերխնդիրն է լինելու էական շրջադարձ կատարել այս առարկաների ուսուցման գործում», Երեւանի դպրոցների ներկայացրած նախորդ ուսումնական տարվա արդյունքները վկայաբերելով` հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Ազգային մտածողության ու նաեւ պետականության զգացողությունների ծիլերը այս երեք առարկաներն են կրթում: Ուսումնական ծրագրերում ու պլաններում այս առարկաների տարածքն ու նշանակությունը աններելի նվազել է: Նրանց տեղն այսօր գրավել են անգլերենն ու համակարգիչը: Ինչ ազգային դպրոց առանց գրականության ու պատմության:
Կրթական ոլորտը չընդհատվող փորձարարությունների շրջան է ապրում: Անցումային շրջան է` այսպես ենք արդարացնում մեր վրիպումներն ու դժվարությունները նաեւ այս ասպարեզում:
Բայց այսօր սեպտեմբերի 1-ն է, ամենագեղեցիկ օրերից մեկը հայ մարդու ու նրա զավակի համար: Հայ մարդու, որի համար դեռ մեծագույն արժեք է կրթապաշտությունը: Կամենանք, որ այն անփոփոխ անցնի նաեւ իր զավակին, որին բաժին ընկան կրթական արժեքների խեղաթյուրման ժամանակները: