«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2005-08-30 | #154, 2005-08-31 | #155, 2005-09-01


ՎԱՂՎԱ ԱՂՈՒՏՆԵՐԻ ՎԱԽԻՑ

Վերջերս թերթերից մեկում լրատվություն կարդացի «Գարուն» ամսագրի այսօրվա վիճակի մասին, որն, ըստ ներկայացվածի, կարելի է ասել ողբերգական է: Տպագրվում է ընդամենը 1000 օրինակ եւ վաճառվում է ընդամենը 500 դրամով: Այո, «Գարուն» ամսագրի պարագայում պետք է այս 500 դրամը փոքր գումար համարել, եթե հիշենք, թե ժուռնալն ինչպիսի ժողովրդականություն ուներ ժամանակին: Բայց ժամանակները փոխվել են, եւ անգամ այս 1000 օրինակի շատ մասը վերադարձվում է խմբագրություն: Ամսագրի գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը դա բացատրում է երկու հանգամանքով. մեղավոր է «Հայմամուլը», որը ջանք չի թափում ամսագիրը տարածելու համար եւ երկրորդ, մեղավոր է մեր իրականությունը, «որտեղ տիրում է ավերիչ կուսակցականիզմը, եւ մշակույթը հետին պլան է մղված, հասարակությունը կարդալու կարիք բնավ չի զգում»:

Վարուժան Այվազյանի երկրորդ մտքի հետ համաձայն ենք: Դժբախտաբար, այդպես է: Այժմ մարդիկ գեղարվեստական գրականությունից հեռացել են: Նրանց հետաքրքրում է չոր տեղեկատվությունը եւ ցնցող իրադարձությունը: Բայց քանի որ այժմ ցնցող իրադարձությունն այլեւս չի ցնցում, մնում է չորուցամաք տեղեկատվությունը: Տեսաք, չէ՞, ինչ կատարվեց այս տարի բուհերի ընդունելությունների քննությունների ժամանակ: Անգրագիտություն լինում է, սակայն այդպիսի դաժան անգրագիտություն չէր պատկերացնի ամենաֆանտաստ գրողը: Եվ հետեւանքն այն է, ինչ կա: «Գարունի» պարագայում ամեն ինչ պարզ է. ըստ Վարուժան Այվազյանի, ամսագրում տպագրվում են հայ միջակ գրողները:

Ստացվում է փակ շղթա. միջակ գրողների գործերն են տպագրվում, որովհետեւ լուրջ ստեղծագործությունները ընթերցող չունեն: Ո՞վ է մեղավոր: Դե, արի ու մեկնումեկին մեղադրի: Այսպես, առանց մեղավորին գտնելու անվերջ խոսում ենք մեղքի մասին:

Գիտենք, էս երկիրը փող չունի էս գործն անելու, էն գործն անելու, ԱԺ պատգամավորին ու նախարարին վարձատրելու համար, անգամ ուսուցչի համար դժվար է փող գտնում: Հիմա եկել ենք, մշակույթի, գիր-գրականության համար իշխանությունների դուռն ենք գնում, թեեւ շատ լավ գիտենք, որ իշխանավորը մեր առջեւ ոչ թե դուռ, անգամ օդանցք էլ չի բացի:

Մյուս կողմից էլՙ ոչ մշակութային զարգացման ծրագիր ունենք, ոչ մշակութային քաղաքականության ծրագիր, ով ցանկանում գիրք է տպագրում (լավ էլ անում է), ինչ գիրք ասես տպագրվում է (ավա՜ղ, հարյուրից իննսունի դեպքում հայոց լեզուն աղավաղելով), նույն որակի (եւՙ դեռ ավելի որակյալ) թղթի վրա տպագրվում են Դանիել Վարուժանի, եւ 13 գիրք հրատարակելուց հետո էլ այդպես էլ պոեզիայի իմաստը չհասկացած մի պաշտոնյայի գործերը...

Մի այնպիսի շիլաշփոթ է ստեղծվել, որից դուրս գալու համար այսուհետեւ տասնամյակների ջանքեր կպահանջվեն: Իսկ եթե ջանքն էլ չլինի, ապա վաղը, մյուս օրը կապրենք աղուտներում:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4