«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2005-08-30 | #154, 2005-08-31 | #155, 2005-09-01


ՀԱՅԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԼՔԵԼ ԵՆ ՆՈՐ ՕՌԼԵԱՆԸ

ՆՈՐ ՕՌԼԵԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կատրինա» կոչվող փոթորիկը, որ տեղացիների շրջանում ստացել է «մեր ցունամի» անունը, այսօր շարունակում է մոլեգնել ԱՄՆ հարավային Միսիսիպի եւ Լուիզիանա նահանգներում: Փոթորիկը Միացյալ Նահանգներին հասցրել է այնքան վնաս, որքան չի հասցրել եւ ոչ մի բնական աղետ:

Ֆլորիդա նահանգում, որտեղից սկսվել էր փոթորիկը, իրավիճակն արդեն հանգիստ է, եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հաջողվել է հեռախոսով կապվել Սենտ Պիտսբուրգ, Օքալա, Նեփլզ քաղաքների եւ Լուիզիանա նահանգի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ հայր Ներսես Չեպեքչյանի հետՙ տեղեկություններ ստանալու տեղի եւ հարեւան նահանգների հայության մասին:

«Ֆլորիդայում հայություն չկա, ամբողջ հայությունը Լուիզիանա եւ Ալաբամա նահանգներում է կենտրոնացված: Լուիզիանայի հետ հեռախոսակապ չկա, գրեթե ողջ Նոր Օռլանը դատարկվել է, շատերը գնացել են Տեխաս: Ունենք եկեղեցի Բատոն Ռուժում, որտեղ, բարեբախտաբար, ավերածությունները շատ չեն, այնտեղ ավելի հանգիստ է, միայն թե էլեկտրական հոսանք չունեն», հայտնել է նա:

Իսկ Լուիզիանայի հայկական եկեղեցու հոգեւոր խորհրդի ատենապետ Վազգեն Քալթաքչյանի խոսքերով, «հայերը հեռացել են իրենց տներից դեպի ավելի ապահով վայրեր»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4