«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2005-08-30 | #154, 2005-08-31 | #155, 2005-09-01


ԱՆԴՐԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԷԼ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԽԱՂԱԼՈՒՑ

Երեկ պետք է կայանար ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հերթական հանդիպումը լրագրողների հետ: Սակայն այն տեղի չունեցավ, քանի որ այդ ժամանակ նա մասնակցում էր ԱԺ նիստին: Նրա փոխարեն հանդիպմանն էր ներկայացել Հայաստանի հավաքականների տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը: Վերջինս ներկայացրեց հավաքականների հետ կապված ընդհանուր իրավիճակը: Նա նախ տեղեկացրեց, որ Ռուսաստանի «Մոսկվա» թիմում հանդես եկող Անդրեյ Մովսիսյանը հրաժարվել է Հայաստանի հավաքականում խաղալուցՙ պատճառաբանելով, որ ակումբում վերջերս է սկսել հիմնական կազմում հանդես գալ եւ չի ցանկանում իր տեղը կորցնել թիմում: Պատճառաբանությունն իրոք տարօրինակ է, քանի որ հավաքականների ընտրական մրցախաղերի ընթացքում Ռուսաստանի առաջնությունում եւս ընդմիջում է հայտարարվում:

Ինչ վերաբերում է ՀՀ երիտասարդական հավաքականում Ապուլա Բետեի եւ Կառլ Լոմբեի բացակայությանը, ապա Աշոտ Մանուկյանը նշեց, որ նրանք ներկայումս Հայաստանում չեն եւ նրանց հետ կապված հարցերը պետք է ուղղել «Փյունիկ» ակումբի ղեկավարությանը:

Տեխնիկական տնօրենն անդրադարձավ ազգային հավաքականի մարզումներին: Հրավիրված բոլոր 21 ֆուտբոլիստներն էլ օգոստոսի 30-ից մասնակցում են ուսումնամարզական հավաքին: Առաջին պարապմունքին չի մասնակցել միայն Համլետ Մխիթարյանը, որը ՄՏԶ-ՌԻՊՕ-ի կազմում վերջին խաղում մի փոքր վնասվածք էր ստացել: Սակայն հավաքականի բժիշկները հույս ունեն, որ հաջորդ մարզմանը նա կմասնակցի ու մինչեւ հանդիպումը լրիվ պատրաստ կլինի: Ապաքինվելուց հետո լրիվ ուժով են մարզվում հավաքականի ավագ Հարություն Վարդանյանն ու Կարեն Դոխոյանը: Անդրադառնալով Արման Քարամյանի եւ Արմեն Շահգելդյանի բացակայությանը, Աշոտ Մանուկյանը նշեց, որ Հորդանանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը նրանք իրենց չեն կարողացել դրսեւորել, ուստի Հենկ Վիսմանն այս անգամ նրանց ծառայություններից հրաժարվել է: Բարսեղ Կիրակոսյանի պարագայում խնդիրն այլ է: Վերջինս խնդրել էր հավաքականի ղեկավարությանը որոշ ժամանակ իրեն հանգիստ թողնել մինչեւ թիմ գտնելը: Այնպես որ, Կիրակոսյանը մնում է հավաքականի մարզիչների տեսադաշտում եւ հաջորդ տարի անպայման կրկին կհրավիրվի թիմ:

ՀՀ մինչեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականները սկսել են նախապատրաստվել աշնանը մեկնարկելիք Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցախաղերին: Մինչեւ 19 տարեկանների մարզիչն Արմեն Գյուլբուդաղյանցն է, իսկ մինչեւ 17 տարեկաններին մարզում է Սերժիկ Սարգսյանը: Այժմ բանակցություններ են ընթանում ֆուտբոլի Վրաստանի ֆեդերացիայի հետ ընկերական մրցախաղեր կազմակերպելու շուրջը: Հայաստանի կանանց հավաքականն էլ սեպտեմբերի 26-ին մեկնելու է Իսրայելՙ մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4