Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Դավիթ Նալբանդյանը: Նա 3 խաղափուլում պարտության մատնեց Բոգոմոլովին (6-2, 7-5, 6-4): Առաջին փուլի արգելքը հեշտությամբ հաղթահարեց թենիսիստների դասակարգման առաջատար Ռոջեր Ֆեդեռերը, որն առավելության հասավ Մինարի նկատմամբ: Հայտնի թենիսիստներից հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Շուտլերը, Գրոժանը, Սանտորոն, Դավիդենկոն, Ռոխուսը, Մոյան:
Իսկ ահա ամերիկացի Էնդի Ռոդիկն իր երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց: Իր ծննդյան օրը Ռոդիկը բավական համառ մրցապայքարում պարտվեց լյուքսեմբուրգցի Ժիլ Մյուլլերին: Բոլոր երեք խաղափուլերում էլ մրցակիցը հաղթեց թայք-բրեյքում: Պարտությունը շատ էր վշտացրել Ռոդիկին, որն այդ օրը նշում էր ծննդյան 23-ամյակը: Նա առաջին խաղափուլը շահում էր 5-3 հաշվով, սակայն չկարողացավ եւս մեկ միավոր վաստակել: Ըստ Ռոդիկի, դա ճակատագրական եղավ իր համար ու մյուս երկու խաղափուլերում էլ զիջեց մրցակցին:
Կանանց մրցաշարում իր անդրանիկ հաղթանակը տոնեց Մագդալենա Մալեեւա-Բերբերյանըՙ առավելության հասնելով Գալյարդիի նկատմամբ (6-1, 6-3): Բավական դժվարին մրցապայքարում Դեւենպորտը պարտության մատնեց Լիին (6-4, 6-4): Ուժեղագույն թենիսիստուհիներից պայքարը շարունակում են նաեւ Պիերսը, Մորեսմոն, Լիխովցեւան, Դեմենտեւան, Դեշին, Էնինը, Միսկինան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ