Շինարարությունն այստեղ ընթանում է մեծ թափով
Երեկ Արգենտինայի Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Ռաֆայել Բիելսայի Հայաստան կատարած այցելության վերջին օրն էր: Մինչ հայրենիք մեկնելը նախարարն այցելեց «Զվարթնոց» օդանավակայան, որն, ինչպես հայտնի է, հանձնվել է արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության երկարաժամկետ կառավարմանը: Ռաֆայել Բիելսային ընկերակցում էր նաեւ ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեքյանը:
Արգենտինացի հյուրերը շրջեցին օդանավակայանում, որտեղ մեծ թափով ընթանում է նոր համալիրի շինարարությունը: Մինչեւ 2008 թ. այստեղ ամբողջությամբ կավարտվի նոր մասնաշենքի կառուցումը, որի համար արգենտինական ընկերությունը կներդնի 105 մլն դոլար: Սա օդանավակայանի 230 մլն դոլար ներդրումային ծրագրի երեք փուլերից առաջին փուլում նախատեսված ներդրումների չափն է: Իսկ արդեն եկող տարվա աշնանը նոր մասնաշենքի ժամանման սրահը կսկսի գործել:
Օդանավակայանը հագեցվելու է նաեւ նոր սարքավորումներով եւ, ինչպես հավաստիացրին կառավարիչ ընկերության պատասխանատուները, համապատասխանելու է ամենաբարձր միջազգային չափանիշներին: Մասնավորապես լրագրողներին ներկայացվեց մատնահետքերով մարդկանց ճանաչման նորագույն սարքավորումը:
Շրջայցից հետո Ռաֆայել Բիելսան եւ Հայաստանի իր գործընկեր Վարդան Օսկանյանը կարճատեւ հանդիպում ունեցան լրագրողների հետ, որի ժամանակ կողմերը անդրադարձան անցած երկու օրում կայացած պաշտոնական հանդիպումներին: Իսկ ոչ պաշտոնական հանդիպումներից արգենտինացի նախարարն առանձնացրեց այցելությունն օդանավակայան եւ արգենտինյան դպրոց: Ռաֆայել Բիելսային հատկապես հուզել էր իր հայրենիքից հեռու գտնվող երկրի դպրոցում երկու երեխաների արգենտինյան տանգո պարելը:
Մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացվեց, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կառուցման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Թեեւ դեսպանատան տեղը ճշտված չէ, բայց դեսպանն արդեն նշանակված է:
Հայ-արգենտինական հարաբերությունների մասին հարցին պատասխանելով, արտաքին հարաբերությունների, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարարը ասաց, որ Արգենտինայի հայերն ավելի շատ արգենտինացի են, եւ ինքն էլ Հայաստան գալով, ավելի շատ հայ դարձավ, եւ իր խոսքը եզրափակելով նշեց, որ այդ հարաբերությունները հրաշալի են:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ