«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2005-08-31 | #155, 2005-09-01 | #156, 2005-09-02


ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԹԱՆԿ ԳԻՆ Է ՎՃԱՐՎԵԼ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանի Գերագույն խորհուրդը 1991 թ. օգոստոսի 30-ին արտակարգ նստաշրջանում ընդունեց անկախության հռչակագիր 1918-1920 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության սահմաններում: Երեք օր անց` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) եւ Շահումյանի շրջանի խորհուրդների համատեղ նստաշրջանը, ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ) հռչակելու մասին: Նույն տարվա դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում, բացառությամբ ադրբեջանաբնակ վայրերի, անցկացվեց անկախության հանրաքվե: «Համաձա՞յն եք ԼՂՀ անկախ հանրապետության կազմավորմանը» հարցին «այո» պատասխանեց հանրաքվեի մասնակիցների բացարձակ մեծամասնությունը:

Իրավական եւ պատմական առումներով ԼՂՀ անկախ պետականության իրավունքն անժխտելի է: Ադրբեջանն իր անկախությունը հռչակել էր 1918-1920 թթ. մուսավաթական Ադրբեջանի սահմաններում, որին Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել: Ազգերի լիգան իր շարքերում չընդունեց Ադրբեջանին պատճառաբանությամբ, որ վերջինս հավակնում էր անդամակցել այն ժամանակվա ամենահեղինակավոր կազմակերպությանը` հավակնելով «վիճելի տարածքների»: Ադրբեջանի հեղկոմը 1920 թվականի նոյեմբերի 30-ին ընդունեց Հայաստանի հեղկոմին ուղղված պաշտոնական ուղերձ, որտեղ ասվում էր. «Այսօրվանից չեղյալ են հայտարարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած սահմանները: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչվում են Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բաղկացուցիչ մաս»: Սակայն Նարիմանովը դեկտեմբերի 2-ին ուղերձը հրապարակեց մեկ այլ խմբագրմամբ. «Զանգեզուրի եւ Նախիջեւանի նահանգների տարածքները Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասն են, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լրիվ իրավունք»:

Խորհրդային Միության ձեւավորմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց եւ յոթ տասնամյակ ստիպողաբար` ինքնավար մարզի կարգավիճակով, մնաց Խորհրդային Ադրբեջանի կազմում: Խորհրդային Միության փլուզման հետեւանքով նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում ձեւավորվեցին երկու անկախ պետություններ` ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը: Վերջինս անմիջապես արժանացավ միջազգային հանրության ճանաչմանը, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ չճանաչված` զրկված միջազգային օժանդակությունից եւ շարունակելով կրել ադրբեջանական շրջափակման հետեւանքները:

1991 թ. սեպտեմբերի 2-ի որոշմանը Ադրբեջանը պատասխանեց պատերազմով: Չնայած սկզբնական հաջողություններին, Ադրբեջանը պարտություն կրեց իր իսկ սանձազերծած պատերազմում եւ միայն 1994 թ. համաձայնեց զինադադար կնքել` խույս տալով տարածքային հավելյալ կորուստներից: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը տարան արցունքոտված հաղթանակ: Հայ ժողովուրդը, առաջին հերթին արցախահայությունը, չափազանց թանկ գին է վճարել, անասելի զրկանքներ կրել Լեռնային Ղարաբաղի ազատության համար:

Ամեն տարի սեպտեմբերի 2-ին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց մի մասը եւս մասնակցել է արցախյան ազատամարտին, որոնց երեխաները մանկություն չեն տեսել, մասնակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծննդյան օրվա հերթական տոնական միջոցառումներին, թարմ ծաղիկներով ծածկում նահատակների գերեզմանները: Հազարավոր հայ երիտասարդների կորստի, նրանց մահը սգացող մայրերի, կանանց, առանց հայրական գուրգուրանքի մեծացած երեխաների համար սփոփանք կարող է լինել ազատություն նվաճած, թեկուզ չճանաչված, բայց արդար եւ ազնիվ հանրապետությունում արժանապատիվ կյանքով ապրելը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4