«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2005-08-31 | #155, 2005-09-01 | #156, 2005-09-02


ԵՐԵՎԱՆԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ

Ռոբերտ Քոչարյանը ԼՂ հարցում ունի «զգուշավոր լավատեսություն»

Պաշտոնական Երեւանը Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության համատեքստում դրական է գնահատում ինչպես ռուս-թուրքական մերձեցումը, այնպես էլ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական սերտ կապերը: Այս մասին երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների հետագա մերձեցումը, ըստ Սողոմոնյանի, կարող է որոշակի «միջնորդական ռեսուրս» լինել Հայաստանի եւ Թուրքիայի հակասությունները հարթելու գործում: Բացի այդ, ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ ռուս-ադրբեջանական համագործակցության խորացումը Երեւանն ընկալում է բացառապես դրականորեն:

Սողոմոնյանը վերահաստատեց Անկարայի հետ հարաբերություններում Երեւանի դիրքորոշումը. առանց նախապայմանների Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Արդյոք Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգ բերելը չի՞ նշանակում նախապայման Հայաստանի կողմից Երեւան)Անկարա հարաբերություններում:

Նախագահի մամուլի քարտուղարն ի պատասխան այս հարցադրման մեջբերեց Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին Երեւանում կազմակերպված միջազգային գիտաժողովում Ռոբերտ Քոչարյանի ունեցած ելույթի հետեւյալ հատվածը. «Մենք անցյալը հիշում ենք ցավով, բայց ոչՙ ատելությամբ»: Սողոմոնյանը հավելեց, որ նման դիրքորոշումը բացատրում է Հայաստանի պատրաստակամությունը Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելու հարցում, բայցՙ «չմոռանալով զոհերի հիշատակը եւ 1915 թ. անվանել ցեղասպանություն»:

Սողոմոնյանը նշեց, որ ղարաբաղյան կարգավորման ներկա փուլին նախագահ Քոչարյանը վերաբերվում է «զգուշավոր լավատեսությամբ»: Նա հարկ չհամարեց արձագանքել ադրբեջանական կողմի մեկնաբանություններին, քանի որ դրանք սովորաբար հերքվում են հենց Բաքվի պաշտոնյաների հակասական հայտարարություններով: Ինչ վերաբերում է ռուսական մամուլում, մասնավորապես «Նեզավիսիմայա գազետայում» վերջին շրջանում տպագրվող ընդգծված հակահայկական եւ հակաքոչարյանական հրապարակումներին, ապա Սողոմոնյանը խորհուրդ է տալիս դրանք ընդունել որպես տվյալ լրատվամիջոցի ու հրապարակման հեղինակի կարծիք եւ ոչ ավելին: Նախօրեին «Նեզավիսիմայա գազետան» Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին անդրադառնալով, հրապարակումը վերնագրել էր «Արմենբաշի»:

Նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի մինչեւ տարեվերջ արտասահմանյան այցերի գրաֆիկը: Սպասվում են Հայաստանի նախագահի այցելությունները Սլովենիա, Բելգիա եւ Հունաստան:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4