Դրանք էլ, ըստ Զարաքոլուի, պայմանավորում են թուրքական ժխտողականությունը
«Ազգն» օգոստոսի 27-ի համարում «Հետաձգված «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում» գիտաժողովը կանցկացվի սեպտեմբերին» խորագրով տեղեկացրել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը դրականորեն է արձագանքել դրա աշխատանքներին մասնակցելու հրավերին: Հիշեցման կարգով նշենք, որ «Սաբանջը», «Բիլգի» եւ «Բոսֆորի» համալսարանների նախաձեռնությամբ այս գիտաժողովը նախատեսվում էր հրավիրել դեռեւս մայիսի 25-27-ը: Սակայն երկրում իշխանության, ընդդիմության ներկայացուցիչների եւ ազգայնամոլ շրջանակների բուռն հակազդեցությունը կազմակերպիչներին ստիպել էր հետաձգել:
Հետաձգումը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում: Գիտաժողովը սեպտեմբերի 23-25-ը «Բոսֆորի» համալսարանում հրավիրելու կազմկոմիտեի որոշման առթիվ Թուրքիայում բարձրացած աղմուկը նույնքան մեծ է: Պարզվում է, որ դրա հրավիրումը, դիմելով «Բոսֆորի» համալսարանի ռեկտոր, պրոֆ. Այշե Սոյսալին, անձամբ խնդրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թեեւ այդ աղմուկի պատճառով գիտաժողովի կազմակերպիչները հարձակումների թիրախ են դառնում եւ հրահրվում է հակահայկական հիստերիա երկրում, այնուամենայնիվ դա նպաստում է, որ Հայոց ցեղասպանության հարցը վերարծարծվի թուրքական իրականության մեջ եւ վերստին երեւան հանվի ժխտողականության վրա հիմնված թուրքական պաշտոնական թեզի սնանկությունը: Այս ամենը կատարվում է առաջադեմ թուրք մտավորականների սկզբունքայնության շնորհիվ: Իսկ նրանց մեջ առանձնակի տեղ ունի հայ հասարակությանը քաջ հայտնի Ռագըփ Զարաքոլուն: Նրա «Ուզուն Յուրույուշ» հանդեսի ապրիլ-մայիսի համարում «1915 թ.-ի խորքային արմատները» հոդվածն, արտատպած «Ակօսի» հուլիսի 8-ի համարում, չափազանց ուշագրավ է, որովհետեւ այնտեղ հեղինակը Հայոց ցեղասպանության իրողությունը հիմնավորելու համար երեւան է հանում Թուրքիայի Հանրապետության ժխտողականից կառչելու քողարկված պատճառները:
Ահա թե ինչ է գրում Զարաքոլուն.
«Տպավորություն է ստեղծվում, թե աղետն իբրեւ ցեղասպանություն չբնութագրելու դեպքում այդքան սարսափելի չի թվա, բոլորը կհանդարտվեն եւ միանգամայն բնական կհամարվի մի ամբողջ ժողովրդի բնաջնջումը:
Եթե այդպես չէ, ո՞րն է տխմար ժխտողականությունից կառչելու բուն նպատակը: Իհարկե հարցը խեղաթյուրելը, դեպքի էության, կազմակերպչական մասշտաբների եւ պատմական շարունակականության շուրջը քննարկումների ծավալումը կանխելն է: Սակայն կա մեկ այլ նպատակ, դա թերեւս նորաստեղծ (թուրքական) հանրապետության հիմնադրմանն առնչվող ճշմարտությունները քողարկելու միտումն է:
Պետությունը չի ցանկանում, որ բացահայտվեն այն հիմնադիրների անունները, որոնք մինչ այդ տեղ էին զբաղեցրել 1915 թ. զանգվածային կոտորածների կազմակերպման մեխանիզմում: Փորձ է արվում այս ոլորտը փակ պահել: Ամենափոքր ակնարկն անգամ քրեական հետապնդման է ենթարկվում: Ամեն ինչ արվում է, որ մոռացության տրվի 1915 թ.-ից մինչեւ հանրապետության ստեղծման շրջանը: Նրանք, ովքեր հակառակն են անում, իսկույն մեղադրվում են «հերոսական ջանքերով» եւ «ազնիվ» նպատակներով ստեղծված հանրապետությանն անպատվելու մեջ: Մինչդեռ առանց պաշտոնական գաղափարախոսությունը քննության ենթարկելու, անհնար է ստեղծել ժողովրդավարական պետություն:
Համենայն դեպս, եթե նայելու լինեք Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նստաշրջանի բացման առթիվ 1936 թ. նկարված խմբակային լուսանկարին, իսկույն կնկատեք հանրապետության նախագահի (Աթաթուրքի) հետեւում կանգնած երկու գործիչներին, որոնք 1915 թ.-ին պատասխանատու պաշտոններում էին: Նրանցից Մուստաֆա Հալիք Ռենդան 1936 թ.-ին Մեջլիսի նախագահն էր: Նա այդ պաշտոնը վարել է շատ բարդ ժամանակահատվածումՙ 1935-46 թթ.-ին: Երկրորդ գործիչը Մուստաֆա Աբդուլհալիքն է, որը 1915 թ.-ին զբաղեցնում էր Բիթլիսի նահանգապետի պաշտոնը: Նա ակտիվ դեր էր կատարել հայերին Բիթլիսից եւ Մուշից արմատախիլ անելու գործում: Այնուհետեւ նույն գործը շարունակեց Հալեպում, հրաշքով փրկվածներին ոչնչացրեց Սիրիայի անապատներում: Աբդուլհալիքը միաժամանակ ներքին գործոց նախարարությունում Թալեաթի գլխավոր խորհրդականներից էր:
Մեծապես նրա ջանքերի շնորհիվ է, որ Աթաթուրքի մահից հետո նախագահ ընտրվեց Իսմեթ փաշան: Ընտրությունից հետո Իսմեթ փաշայի առաջին ձեռնարկումը եղավ այն, որ նա ներում շնորհելով մինչ այդ մեկուսացված իթթիհատական տարրերին, վերջիններիս դարձրեց իշխանության մասնակիցը: Իսկ 1943 թ.-ին նա Թալեաթ փաշայի աճյունը Թուրքիա փոխադրելու համար համաձայնագիր ստորագրեց նացիստական Գերմանիայի հետ:
1936 թ. խմբակային լուսանկարում տեղ գտած մեկ այլ գործիչն էլ ներքին գործերի նախարար Շուքրու Քայանն է, որը հայերի տեղահանության, այսինքնՙ բնաջնջման գլխավոր համակարգողն էր: 1927-38 թթ. Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար Շուքրու Քայան կուսակցությունը վերակառուցել էր Իտալիայի ֆաշիստական կազմակերպության օրինակով:
Դոկտ., պրոֆ. Թեւֆիք Սալիմը, որ 1943-46 թթ. վարել է Ստամբուլի համալսարանի ռեկտորի պաշտոնը, 1915 թ. զինվորական բժիշկ էր: Համաձայն 1919 թ.-ին «Ալեմդար» թերթում հրապարակված նամակի, նա լաբորատորիական փորձեր էր կատարել օսմանյան բանակի հայ զինվորների վրաՙ ներարկելով նրանց տիֆի վիրուս: Այսօր նրա անունը կրող կլինիկան շարունակում է գործել Ստամբուլի համալսարանում:
Վան նահանգի գավառներից մեկն առ այսօր կոչվում է 1924-35 թթ. Մեջլիսի նախագահի պաշտոնն զբաղեցրած Քյազմը Օզալփի անունով: Նա 1950 թ.-ին Վանից պատգամավոր է ընտրվել: Մինչդեռ ժամանակին Իթթիհատ վե թերաքքի կուսակցության անդամ էր եւ 1915 թ. Մուշում տեղակայված բանակը հայ զինվորներից մաքրող 36-րդ գնդի հրամանատարը: Իսկ Էնվեր փաշայի եղբայր Նուրին, որը 1918 թ.-ին ճնշել էր Բաքվի կոմունան եւ կոտորել տեղի հայերին, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զենքի առեւտուր էր անում Գերմանիայի հետ: 1945 թ. հանկարծ իր զենքի գործարանի հետ հօդս ցնդեց նաեւ ինքը, ինչն առ այսօր առեղծված է:
Ինչպես երեւում է, այս ավանդույթը խորքային արմատներ ունի, որոնք ձգվում են մինչեւ 1915 թ.: Թերեւս դա է պատճառը, որ ամեն կերպ կասեցվում են նման հարցերի քննարկումները»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ