«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2005-08-31 | #155, 2005-09-01 | #156, 2005-09-02


ՄԵԿՆ ԱՅՍՊԵՍ, ՄՅՈՒՍՆՙ ԱՅՆՊԵՍ

Սահմանադրության փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցումն իրողություն է, այսինքն` երեկ կեսօրից արդեն սկսվել էր այն քարոզելու նախահանրաքվեական ժամանակը: Երեկ խորհրդարանում ներկա չէր ընդդիմությունը, կրքերը հանդարտվել էին, մինչեւ քվեարկություն ամեն ինչ ընթացավ գծված, իսկ քվեարկության պահին աշխատեց 98 կողմ եւ 1 դեմ կոճակ: Միջանցքներում եւս խաղաղություն էր, թեեւ օրաթերթերի ընթերցման կամ անտեղյակներին մի անգամ եւս պատմելու մակարդակով նստած էր նախորդ օրվա տհաճ անցուդարձի տտիպ օդը: Չնայած այս խորհրդարանի վերաբերյալ շատերը պատրանք չունեն` նախորդ օրվա էրոտիկ, սադո-մազոխիստական, տոքսիկոզ եւ սափրագլուխ դրսեւորումները վիրավորական էին թվում հենց թեկուզ այն պատճառով, որ դրանք դիտում էր ողջ ժողովուրդը, ինչու չէ` նաեւ հենց խորհրդարանի երկու ձեռքի մատների վրա կամ գուցե մի քիչ ավելի հաշվվող պարկեշտ պատգամավորների դիտանկյունից: Սկանդալներից ուրախացողի եւ դրանցից թերթի նյութ քաղողի կեցվածք չորդեգրողների համար իսկապես տխուր է երկրի այսպիսի բարձրագույն ատյան ունենալը: Սա վերջին օրերի քննարկումների թիվ մեկ եզրակացությունն է, երկրորդն այն է, որ անվերադարձ կորավ իշխանության եւ ընդդիմության երկխոսության տեսականորեն վերջին հնարավորությունը: Այժմ արդեն ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը մնում է մեկ բան` գումարել ողջ ներուժը Հայաստանի ընտրական տարիքի քաղաքացիներին համոզելու մի դեպքում նախագծին «այո» ասելու անհրաժեշտության մեջ` ժողովրդավարական բարեփոխումների համար իրավական հիմք ստեղծելու ուղերձով, մյուս դեպքում մերժելու փոփոխությունները` սահմանադրություն բարեփոխելն այս իշխանության բարոյական իրավունքը չհամարելով:

Ամբիոնի մոտ մենակ մնալով` նախագիծը ներկայացնողները մի անգամ եւս հնարավորություն ունեցան, այս անգամ առանց ընդդիմախոսների, խոսելու բարեփոխված նախագծի առավելությունների մասին. «ծռված» հակակշիռների համակարգի փոխարեն` կատարյալը, նախագահական կենտրոնացված իշխանության փոխարեն` կիսանախագահականը, սահմանադրական երաշխիքներ չունեցող դատական կառույցների փոխարեն` անաչառ վճիռներ կայացնելու սահմանադրական երաշխիքներով օժտված դատարան, սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ եւ այլն... Մի խոսքով` ըստ Տ. Թորոսյանի, Մ. Շահգելդյանի`հավասարակշռված համակարգի մոդել է առաջարկում այս նախագիծը, որը թույլ կտա լուծել Հայաստանում առկա շատ ու շատ պրոբլեմներ եւ պարզերես դուրս գալ Եվրոպայի խորհրդի առջեւ: Սա` ԱԺ ամբիոնից:

ԱԺ միջանցքում

Ե՛վ ամբիոնից, իր արտահերթ ելույթում, ե՛ւ միջանցքում տված հարցազրույցների ընթացքում ԱԺ մյուս փոխնախագահ Վ. Հովհաննիսյանը զարգացրեց այն միտքը, որ բարեփոխված սահմանադորություն ունեցող Հայաստանն անհամեմատ ավելի շահեկան դիրքում կհայտնվի Ադրբեջանի համեմատ միջազգային բեմերում, որովհետեւ աշխարհն ականատես է, թե ինչպես է Արեւմուտքը պատժում ժողովրդավարության տեսակետից խնդիրներ ունեցող Սերբիային, Ինդոնեզիային, Սուդանին, որոնք համանման իրավիճակում են եւ տարածքային խնդիրներ ունեն: ԱԺ փոխնախագահը ընդդիմության հետ հարաբերություններին անդրադառնալիս` փաստորեն մարտահրավեր նետեց նրանց` ասելով.«Թող անցնեն ընդհատակ, «Իսկրա» տպեն եւ ապրիլյան թեզիսներ կարդան»:

Այս խոսքին արձագանքեց ընդդիմությունից Հրանտ Խաչատրյանը. «Մենք ընթացքում համատեղ եղել ենք ընդհատակում, երբ միասին պայքարում էինք ռեժիմի դեմ, եւ հուսով ենք, որ ընդհատակ անցնելու անհրաժեշտությունը Հայաստանում հինգ տարով կհետաձգվի, իսկ «Իսկրայի» փոխարեն հայկական թերթ ենք տպում»: Ըստ Հ. Խաչատրյանի` ընդդիմության եւ իշխանությանՙ սահմանադրական փոփոխությունների հետ կապված համագործակցության հեռանկար կար, բայց նախագծի անցումային դրույթներում իշխանությունը կոշտություն ցուցաբերեց` ամրագրելով դրա ընդունումից 2 տարի հետո միայն սահմանադրության գործողությունը:Այսինքն` հին համակարգում նոր սահմանադրության պայմանները հերթական ընտրություններում ամրագրելու, այդպիսով` ոչ արտահերթ, ոչ հերթական ընտրություններում ընդդիմությանը շանս չտալու տարբերակն ընտրվեց, ինչն էլ ստիպեց ընդդիմությանը կոշտ կեցվածք որդեգրել:

Այսպես թե այնպես` սահմանադրության նախագծի քարոզչության ժամացույցը միացված է: Այդ քարոզչությունը կուսակցություններից յուրաքանչյուրն իրականացնելու է ըստ իր հնարավորությունների եւ շնորհքի, եւ կարճ ծամանակ անց պարզ կլինի` նրանք իսկապես մտահոգվա՞ծ են ժողովրդին հասու դարձնելու նախագծի լույսնումութը, թե՞ երկու կողմն էլ, իշխանություն եւ ընդդիմություն, հին գործելակերպն են որդեգրելու` մեկը նախընտրելու է վարչական ռեսուրսի օգտագործման եւ լցոնումների պրակտիկան, մյուսը` մերժվածի լուսապսակը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4