«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2005-08-31 | #155, 2005-09-01 | #156, 2005-09-02


ԿԱՍԵՑՐԵ՛Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ պրն Անդրանիկ Մարգարյանին

Պարոն վարչապետ: Օրերս շրջանառության մեջ է դրվել տարածքային նախարարության օրինագիծը միջհամայնքային միավորումների մասին, որով նախատեսվում է վերստին ստեղծել մի նոր «ընտրովի» վերադաս մարմին գյուղերի եւ գյուղապետարանների ու մարզպետարանների միջեւ, անհասկանալի գործառույթներով եւ իրավունքներով օժտված: Անհասկանալի է նախ, թե ի՞նչ նպատակ է հետապնդում այդ նոր վարչական վերակառուցումը:

Հիշյալ օրինագծի երեւան գալը պետք է համարել թյուրիմացություն հետեւյալ նկատառումներով.

1. Օրինագիծը նախաձեռնողները եւ «մշակողները», ինչպես երեւում է, պարզապես անտեղյակ են մեր երկրի ոչ հեռու խորհրդային անցյալի (1948-50-ական թվականների եւ հետագա տարիների) վարչատարածքային վերաձեւումների ձախորդ փորձին, որը մեծ վնաս եւ կորուստներ պատճառեց Հայաստանին: Բավական է հիշեցնենք միայն, որ այդ շրջանի գյուղապետարանների խոշորացումների, միացումների եւ ապա դրանց ապախոշորացումների հետեւանքով Հայաստանի քարտեզից անհետացան ավելի քան 250 լեռնային գյուղեր, լքվեցին ավելի քան 500 հազ. հեկտար գյուղատնտեսական հողեր: Տնտեսական կորստյան մատնվեց մեր ժողովրդի առանց այն էլ չափազանց սահմանափակ կենսատարածքը:

Հարց է ծագում. ի՞նչ են ակնկալում նոր վարչատարածքային վերակառուցյան հեղինակները անցյալ դարում ձախողված խոշորացումների եւ միավորումների վերակենդանացումից:

2. Պատմության դասերի տրամաբանությունից բացի ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի նաեւ տնտեսական եւ սոցիալական կյանքի տրամաբանությունը: Մի քանի գյուղական համայնքների կառավարման կենտրոնացումը ենթադրում է նաեւ նրանց ֆինանսական միջոցների կենտրոնացումը, որն, ինչպես կյանքն է վկայում, անխուսափելիորեն գործելու է ի վնաս փոքր եւ աղքատ գյուղերի: Նման կենտրոնացման հետեւանքով տեղի կունենան միավորված միջոցների վատնումներ ու չարաշահումներ, դրանց օգտագործման վատթարացում:

Ավելի մեծ են լինելու սոցիալական կորուստները. «իշխանազուրկ» գյուղերից դեպի նոր գյուղապետարան (կամ «կենտրոնական գյուղ») տանող ճանապարհը երկարելու է առնվազն 3-4 անգամ, ուստի նույն չափով ավելանալու են այդ ճանապարհին մատնված «լքված» գյուղերի բնակիչների աշխատաժամանակի, նյութերի եւ նյարդերի կորուստները: Այդ եւ այլ սոցիալական կորուստները ճակատագրական դեր են խաղալու միավորված 3 գյուղերից երկուսի գոյության, նրանց «լինել-չլինելու» հեռանկարի համար:

Ինչպես երեւում է, նմանօրինակ սոցիալական «հաշվարկը» վեր է ներկայացված օրինագծի հեղինակների մտածողությունից, ինքնին անարժեք է դարձնում նրանց կասկածելի նախաձեռնությունը: Նրանում բացակայում է ոչ միայն սոցիալ-տնտեսական օբյեկտիվ գործոնների հաշվառումը, այլեւ ազգային եւ պետական մոտեցումը:

3. Հայաստանի Հանրապետության կենսագործունեության համար արդի պատմական փուլում վճռական թելադրող նշանակություն ունի ներքին ոլորտումՙ սոցիալ-տնտեսական բարեփոխումների անցումային շրջանի բարդ խնդիրների լուծումը: Արտաքին ոլորտումՙ նույնքան ու թերեւս ավելի կարեւոր նշանակություն ունի կիսապատերազմական լարված իրավիճակի սթափ գնահատումը: Թե առաջին եւ թե երկրորդ գործոնները վկայում են երկրի արտակարգ իրավիճակի մասին, եւ դժվար է գուշակել, թե երբ կհանգուցալուծվի:

Այս արտակարգ իրավիճակում ձեռնարկել որեւէ լրացուցիչ, այն էլ ոչ հեռու անցյալում ձախողված վարչատարածքային նորաձեւությունՙ համարում եմ պարզապես անթույլատրելի: Նման նախաձեռնության կենսագործման փորձն անգամ կարող է վտանգել երկրի հարաբերական հասարակական կայունությունը:

Հասկանալի է, որ ներկայացված նախագիծը պետք է հանվի քննարկումից եւ մերժվի, որպես «օրենսդրական» արկածախնդրություն: Թե ինչ նպատակ է առաջնորդել նրա հեղինակներին, դժվար է հասկանալ: Համենայն դեպս այն ոչ մի ընդհանուր բան չունի հայրենական գյուղի այսօրվա եւ վաղվա իրոք հրատապ խնդիրների հետ:

Հայաստանյան գյուղի առավել հրատապ եւ միաժամանակ հեռանկարային խնդիրներից մեկն իր արտահայտությունն է գտել ՀՀ կառավարության 2002 թ. հաստատված «ՀՀ բարձրադիր (լեռնային) եւ սահմանամերձ բնակավայրերի ամրապնդման եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների հայեցակարգային ծրագրումը»: Այն վերաբերում է շուրջ 255 գյուղական բնակավայրերի, որը կազմում է հանրապետության գյուղական բնակավայրերի ավելի քան 26 տոկոսը: Այդ ծրագիրն անհրաժեշտ է կյանքի կոչել, հընթացս կատարելով մի շարք լրամշակումներ եւ շտկումներ, իսկ ամենակարեւորըՙ դարձնել տեղական տարածաշրջանային իշխանությունների (մարզպետարանների) ամենօրյա աշխատանքի գնահատման չափանիշ: Նրա լրամշակմանը պետք է մասնակից դարձնել գյուղնախարարությունից բացի, նաեւ Գյուղատնտեսական ակադեմիայի, ՀՀ ազգային ակադեմիայի, Պետական տնտեսագիտական ինստիտուտի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համապատասխան գիտնականներին եւ մասնագետներին, որոնք առնչվել են հիշյալ հիմնախնդրին, ինչպես նաեւ սահմանամերձ զորամասերի ղեկավարներին:

Մենք լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերի գոյատեւման եւ հարատեւման խնդիրը համարում ենք Հայաստանի Հանրապետության թիվ 1 գերխնդիրն այսօրվա եւ հեռանկարի համար:

Ինչ վերաբերում է միջհամայնքային միավորումների կազմավորման մասին ներկայացված օրինագծին, խնդրում եմ Ձեզ անհապաղ կասեցնել որպես ժամանակավրեպ, հակագիտական եւ վնասակար:

ՆՈՐԱՅՐ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, Պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4