«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2005-08-31 | #155, 2005-09-01 | #156, 2005-09-02


ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ CD ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՊԱՆԹԵՈՆԻ ՄԱՍԻՆ

«Ազգ» օրաթերթը 2005 թ.-ի հունվարի 12-ին անդրադարձել էր Արտուշ Խանջյանի «Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում» գրքին: Այս տարի գարնանը հեղինակն արվեստասերների դատին ներկայացրեց պանթեոնին նվիրված համակարգչային CD:

- Ե՞րբ եւ ինչպե՞ս ծագեց պանթեոնի մասին CD ստեղծելու գաղափարը, եւ ինչպե՞ս այն իրագործեցիք:

- CD ստեղծելու մասին մտածում էի դեռ պանթեոնի մասին գիրքը չհրատարակած եւ գրքի ու CD-ի վրա աշխատում էի զուգահեռաբար, մտածելով, որ գուցե գիրքը հրատարակելու հետ կապված խնդիրներ (մեծ ծախսեր, հովանավոր...) կլինեն, իսկ CD-ն կարելի է փոքր տպաքանակներով բազմացնել եւ ներկայացնել հետաքրքրվողներին: Գրքի համեմատ CD-ն իր առավելություններն ունի, թեթեւ է, հեռավոր երկրներ տեղափոխելու հարցում հարմար է, բացի այդ CD-ում կարելի է նաեւ ձայնային ինֆորմացիա տեղադրել (երաժշտություն, խոսք):

- Ի՞նչ է իրենից ներկայացնում պանթեոնին նվիրված CD:

- Այս CD-ն ստեղծվել է վերոհիշյալ գրքի հիման վրա (տեքստ, լուսանկարներ) եւ պարունակում է հայ հոգեւոր, միջնադարյան, դասական երաժշտություն, հատվածներ պատարագից, Կոմիտասի ստեղծագործություններից իր, Արմենակ Շահմուրադյանի եւ այլ նշանավոր երգիչների ու երաժիշտների կատարմամբ: CD ձեռքբերողները հնարավորություն կունենան լսելու մասունք դարձած հայ մեծերիՙ Կոմիտասի (արդեն նշեցի), Ավ. Իսահակյանի, Հր. Ներսիսյանի, Վ. Փափազյանի, Մ. Սարյանի, Վ. Աճեմյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Շիրազի, Հ. Ղափլանյանի, Ս. Փարաջանովի, Հ. Սահյանի, Մ. Մկրտչյանի, Վ. Դավթյանի, Ս. Խանզադյանի, Կ. Դեմիրճյանի, Հ. Մաթեւոսյանի, Խ. Աբրահամյանի ձայները:

Պանթեոնում հուղարկավորված հայ մեծերից մի քանիսի ստեղծագործություններից ընթերցում է ճանաչված եւ սիրված ասմունքող Սարգիս Նաջարյանը: CD ծրագրային մասն իրականացրել է Սերգեյ Մամյանը:

- Ձեզ ինչպե՞ս հաջողվեց հայթայթել մեծերի հազվագյուտ ձայները եւ ովքե՞ր են աջակցել:

- Յուրաքանչյուր ձայնի ձեռք բերելն իր պատմությունն ունիՙ թանգարաններից, հարազատներից եւ այլն: Օգտվելով առիթից հայտնում եմ իմ երախտագիտությունը Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի, Ս. Փարաջանովի, Կ. Դեմիրճյանի տուն-թանգարանների, ԳԱԹ-ի տնօրեններին եւ մեծերի ժառանգներինՙ այդ հարցում աջակցելու համար:

Հայտնում եմ երախտագիտությունս նաեւ «Վեմ» ռադիոկայանի տնօրենությանը (աշխատակիցներ Արմեն Ղուկասյանին, Մհեր Պետրոսյանին, Արա Նալչաջյանին), Սարգիս Նաջարյանին եւ «Պարադիզ» գործակալության աշխատակից Արգիշտի Ազիզյանինՙ ձայնագրությունների հարցում բարեհոգաբար եւ մեծ նվիրումով ինձ օգնելու համար, Ռոբերտ Հայրապետյանին (համակարգչային աշխատանքների գծով):

Վերջում ավելացնեմ, որ CD-ն կարելի է օգտագործել նաեւ հայկական դպրոցներում մեծերի կյանքն ու գործունեությունն ուսուցանելու նպատակով:

Ս. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4