«Պահպանենք մեր մշակույթը» հանրապետական փառատոնի շրջանակներում եռօրյա այցով եղա Սյունիքի մարզում եւ առիթն օգտագործելով, զրուցեցի սյունեցիների հետ, տեղեկանալով, թե ի՞նչ խնդիրներ ունեն:
Երիտասարդ տղաների խմբի հետ զրույցից տեղեկացա, որ նրանք իրենց օրն անցկացնում են պարապությամբ կամ տանը քնում են: «Ոչ մի բանից չենք կարողանում օգտվելՙ գումար չկա: Մեր քաղաքի տղաները չեն կարողանում ամուսնանալ սոցիալական պատճառով ու դրա համար էլ թողնում են հայրենի օջախն ու գնում: Հենց այսպես էլ անգործ ու ամեն ինչից անտեղյակ օր ենք մթնեցնում», դժգոհում էին նրանք մեկը մյուսին լրացնելով:
63-ամյա թոշակառու Հենրիկ Ավետիսյանը երկրորդ կարգի հաշմանդամ կնոջ հետ ստանում է 20 հազար դրամ եւ ինչպես ինքն էր պատմում. «Ծայրը-ծայրին չենք կարողանում հասցնել: Եթե էն մի կտոր հողն էլ չլիներ, սովի կմատնվենք: 40 տարի աշխատել եմ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում, մարդավարի ապրել ենք, իսկ հիմա մեր վիճակը շատ վատ է: Աչքերիս առաջ 20 տոկոսը շատ լավ է ապրում, վայելում է կյանքը, իսկ մյուսներնՙ աղքատության մեջ տառապում ու սոված օրեր մթնեցնում: Գոնե նախկին գործարաններից մեկ-երկուսը աշխատի, լավ կլիներ, բայց ով է մեր մասին մտածողը: Թերթ էլ կարդում եմ ամիսը մեկ անգամՙ թոշակի օրը, դրանից ավելի չեմ կարող գնել, ժամանակներն այլ են, ամեն ինչի նկատմամբ մեր հետաքրքրությունն ու հավատը կորել է: Հեռուստատեսությամբ ուրիշ բան են ասում, բայց իրականում ուրիշ բաներ են տեղի ունենում: Այդքան տարիների քրտնաջան աշխատելը ջուրը թափվեց, մեզ նմաններին բանի տեղ չեն դնում: Իսկ եթե բարեկամ ունես կամ որեւէ թայֆի մեջ եսՙ աշխատանք էլ ունես, փող էլ, ու վայելում ես նրանց հետ ու նրանց պես, եթե ոչՙ սոված սատկի»:
48-ամյա Անդրանիկ Օվչյանի ընտանիքը բաղկացած է 6 գործազուրկներից: Միայն Անդրանիկն է իր մեքենան տաքսի դարձրել ու քիչ-միչ օրվա հացը հայթայթում է (500-1000 դրամՙ օրական): Իհարկե, լինում են օրեր, որ նա ոչ մի կոպեկ էլ չի աշխատում: Հենց այդ կարիքներն են ստիպում նրան ու ընտանիքի անդամներին իրենց օրվա ապրուստը հավաքել անտառիցՙ միրգ, հատապտուղ, կանաչեղեն. «Ահա այսպես ենք մեր գոյությունը պաշտպանում: 20 տարի էլեկտրամեխանիկ եմ եղել, փականագործի ու էլի մի քանի մասնագիտությունների եմ տիրապետում ու արդեն 15 տարի գործազուրկ եմ: Լավ է գոնե, որ տաքսի-սերվիսի կողքին ինձ ու ինձ նման մի քանի անճարների ղեկավարները չեն նեղում, ու մենք էլ օրվա հացի փողը վաստակում ենք, եթե հաջողվում է»:
70-ամյա թոշակառուն չցանկացավ ներկայանալ, վրդովված թվարկում էր դժվարություններն ու միշտ կրկնում. «Մեր կյանքն ամբողջությամբ պրոբլեմներով լեցուն է, չգիտես որ ծայրից բռնես ու փորձես լուծել: Մի աղջիկս այս տարի Երեւանի մանկավարժական ինստիտուտում ռուսերեն գրավորից ստացել է 20, հայերեն բանավորիցՙ 17,5 միավոր, միտումնավոր ռուսերեն բանավորը ցածր են գնահատել, որ անվճար չանցնի, սա է իրողությունը: Բա մեր քաղաքին մասնագետներ պե՞տք չեն, որ անխղճորեն երեխիս սիրտը կոտրեցին, որտեղի՞ց ես վճարեմ, հետո էլ ասում ենՙ մարզերում ուսուցիչների ազատ տեղեր կան: Քանի էդպես են վարվում, մեր վիճակը չի լավանա... Բա էդ ինչի ավարտողները քաղաքից չեն գալիս ու մի քանի տարի էստեղ աշխատում... մենք ամեն բան լավ էլ հասկանում ենք: Ինչ անենք, որ հեռավոր շրջանից ենք, ուրեմն մեր երեխեքը չպիտի՞ սովորեն ինստիտուտում: Եթե այդպես է, մեր մարզերում թող մասնաճյուղ բացեն»:
«Ես անգործ եմ, միջամտեց մեկ այլ ղափանցի ու շարունակեց, փեսասՙ Արմեն Հայրապետյանը Սյունիքի մարզի հերոս է, արժանացած «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանի, զոհվեց ու իր երեք երեխաներն աղջկաս հետ մնացին իմ խնամքին, հուզված պատմում էր 68-ամյա Կամո Պետրոսյանը: Օրվա ապրուստը մի կերպ հայթայթում եմ Ռուսաստանում աշխատող որդուս ուղարկած գումարներով գնած մեքենայով ուղեւորներ փոխադրելով: Երեխեքիցս երկուսը դպրոց են գնալու, մեկն էլՙ Երեւանում համալսարան: Օր ու գիշեր մտածում եմ, որ մի բան ճարեմ ու նրանց գրենական պիտույքներով գոնե ապահովեմ: Հագուստի մասին էլ չեմ ասում, միայն մեծի համար ենք կարողանում մի բան գնել, ու նա էլ մի քիչ հագնում է, տալիս քույրերինՙ փոխ-փոխի հագնելով մաշում են: Ահա այսպես էլ երեք որբերին մեծացնում եմ: Չկա մի ընտանիք, որ դուրս գնացած չունենա: Ով խելոք է, ընտանիքով է գնում, իսկ ով ճարպիկ էՙ ընտանիքը թողնում ու նոր ընտանիք է կազմում օտարի հետ, դառնում բոսյակ: Ոչ մի առաջընթաց չկա, էս կառավարությունից լավ բան հնարավոր չէ սպասել, հրեն ամեն կուսակցություն էլ կա այստեղ, բայց նրանց արածն արժեք չունի եւ ոչ մի սպասելիք չունենք թե՛ նրանցից, թե՛ ներկա ու գալիք իշխանություններից...»:
«Ելքը որտե՞ղ եք տեսնում», իմ հարցին հնչեց հստակ պատասխան. «Պիտի նորից Սովետական Միությունը վերականգնենք իր սիստեմով, որ մարդավարի ապրենք ու աշխատենք: Էն վախտը սառնարանը լիքն էր, իսկ հիմաՙ կամ անջատել ենք, կամ էլ վաճառելՙ մեջը դնելու բան չկա: Ամեն ինչ վճարովի արին, սրա լուծումը միայն հեղափոխությունն է, Սով. Միության հաստատումը, որ էս ազգին փրկենք չարիքից, թե չէ ասում ենՙ կարում ես ապրի, չես կարումՙ գնա մեռի, բա սյունեցին փայ (ողորմություն) հավաքո՞ղ էր, որ 30 տոկոսին էտենց դարձրին ու զիբիլի արկղներից շշեր են հավաքում: Հմի մեզ մոտ ունեւորները քիչ են, չունեւորներըՙ շատ-շատ: Էդ ունեւորներից շատերը նախկինում ոչինչ չունեին ու այսօր ավազակախումբը եկավ ու տեր դարձավ պետությանը...»:
«37 տարի շարունակ աշխատել եմ գործարանում ու հիմա թոշակառու եմ ու միայնակ, 74 տարեկան: Տունս քանդվում է խոնավությունից: Էնքան քինում եմ ու գալիս, հարցը լուծվում չի: Էնա կաբինետում փակվել են ու չեն էլ ուզում լսել, խաբում են: Մինակ կնիկ եմ, պոլս ծակ, 8500 դրամ թոշակս 10 օր հերիքում չի ու դրանից հետո բարեկամներիս տներում եմ մի կտոր հաց ուտում», հուզված պատմում էր երկրորդ կարգի հաշմանդամ Ֆլորա Դավթյանը:
Հաջորդ զրուցակիցս Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցն էր, որի հետ էլ մեր զրույցն ընթացավ բարձրացված հարցերի, ծայրահեղ աղքատության, զարգացման ծրագրերի մասին: Սյունիքի մարզը հանրապետության ամենահեռավոր մարզն է, իր 109 համայնքներով, եւ այնտեղ խնդիրներն արտահայտված են ավելի սրությամբ: Մարզում գործազրկությունը 1,7 անգամ բարձր է հանրապետական միջինից: Այժմ մարզում իրականացվել են 2 միլիարդից ավելի (կառավարության ֆինանսավորմամբ) զուտ քաղաքաշինական ուղղությամբ աշխատանքներ:
Սոցիալական վիճակը մեղմելու, աղքատության տոկոսը նվազեցնելու խնդրով 2005 թ. մարզի համար նախատեսվել է շուրջ 70 միլիոն դրամի աշխատանքների իրականացում «Հասարակական վճարովի աշխատանքներ» ծրագրով: Իսկ հանձնաժողովի ընտրած 66 ծրագրերին հատկացվել է 44 միլիոն դրամ, եւ աշխատանքներն ընթացքի մեջ են: Այսօր մարզում թիվ մեկ խնդիրն աշխատատեղերի ստեղծումն է:
Ավելացնեմ, որ մարզում 2004 թ. առաջին կիսամյակում նորածինների թիվը եղել է 819, իսկ 2005 թ.-ի նույն ժամանակահատվածումՙ 839, մահերի թիվըՙ 2004 թ.-ին 503, իսկ 2005 թ.-ին 434 (երկուսն էլ 6 ամսվա կտրվածքով): Իսկ որ մարզը զարգացման ուղին է բռնել, դա երեւում էր մարզ մտնող նոր ու գեղեցիկ ասֆալտապատ ճանապարհից, որն իրագործվել է կառավարության հատուկ ծրագրի շրջանակներում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ