Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրի շրջանակում գիտելիքի օրվա կապակցությամբ այցելեց Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց:
2004-05 ուսումնական տարում դպրոցը ունեցել է 68 շրջանավարտ, որոնցից 15-ը դարձել են ուսանողներ` Երեւանի բարձրագույն ուսումնական տարբեր հաստատություններում:
Դպրոցն իր դռները բացեց 2005-06 ուսումնական տարվա 850 աշակերտների համար, որոնցից 70-ն առաջին դասարանցիներ էին: Տնօրենությունը եւ ուսուցչական անձնակազմը ջանք չէին խնայել տոնական դարձնելու աշակերտների դպրոցամուտը:
1973 թ.-ին դպրոցը կառուցվել է 366 աշակերտների համար: Այժմ, երբ աշակերտների թիվը հասնում է մոտ 900-ի, դասերի պարապմունքները անցկացվում են երկհերթ: Դպրոցի աշակերտությունը արդեն ութ տարի զրկված է ֆիզկուլտուրայի դասի հնարավորությունից` մարզադահլիճ չունենալու պատճառով: Դասարանների կիսաքանդ եւ ավերակ հիշեցնող դռներն ու պատուհանները ավելի տխուր տեսք էին ստացել վերջին օրերի ուժեղ եւ ավերիչ քամու հետեւանքով: Դպրոցը կառուցման օրից մինչ այսօր չի ենթարկվել վերանորոգման եւ խիստ կարիք ունի պետության հոգածության:
Չնայած ամենուրեք աչքի էր զարնում ավերված ու խոնավ պատերով, բետոնապատ հատակով դասասենյակների մռայլ տեսքը, դպրոցի տնօրենությունը հոգացել եւ հնարավորինս տրամադրել էր աշակերտներին մաքուր դասարաններ:
Գիտելիքի օրվա առիթով դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանն իր բացման խոսքում հաջողություններ մաղթեց բոլոր աշակերտներին եւ ցանկացավ նորանոր գիտելիքների ձեռքբերում:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության անունից Գայանե Մուրադյանը աշակերտներին շնորհավորեց օրվա առիթով եւ առաջին դասարանցիներին հանձնեց գրենական պիտույքներ: Կոչ արեց աշակերտներին օգտվել դպրոցի ուսուցչական մեծ պոտենցիալ ունեցող կազմի գիտելիքների պաշարից: Հայաստան երկրի վաղվա տերերին ցանկացավ ազնվորեն նվիրվել երկրի ապագայի կերտման աշխատանքին:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ