Աշնան առաջին օրը հանրապետության բոլոր դպրոցներում հնչեց ուսումնական տարվա առաջին զանգը: Գիտելիքի օրվա կապակցությամբ Երեւանի Վահան Թեքեյանի անվան կրթահամալիրի սաներին, ուսումնական կազմին, տնօրենությանը շնորհավորանքի ու բարեմաղթանքի ուղերձ էին հղել Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանը եւ թաղապետ Աղվան Գրիգորյանը: Վերջինս տոնի առիթով կրթահամալիրի բոլոր սաներին նվիրեց սպորտային համազգեստ, իսկ կրթօջախինՙ մարզագույք:
Այս ուսումնական տարում Երեւանի, Գյումրու, Կարբիի եւ Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան կրթօջախներում եւ դպրոցներում առաջին դասարանցիների թիվը հասել է 215-ի, դեռ հոսքը շարունակվում է: Ամենուր տոնական տրամադրություն էր տիրում, ծաղկեփնջերով, գեղեցիկ հագնված դպրոցականները շտապում էին հարազատ դպրոցՙ Երեւանի Վ. Թեքեյանի անվան կրթահամալիր, որն արդեն կեսդարյա ճանապարհ է անցել եւ հանրապետության լավագույն ու օրինակելի կրթօջախներից է: Նախորդ ուստարվա 99 շրջանավարտներից 90-ը երեկ ոտք դրեցին բուհեր ու հպարտ են, որ թեքեյանցի են եղել:
Ուսումնական տարվա առիթով սաներին ողջունեցին ու շնորհավորեցին տնօրեն Անահիտ Խալաթյանը, ուսմասվար Սուսաննա Ղազարյանը, դպրոցի նախկին շրջանավարտներ Ժիրայր Մաթեւոսյանը, Աննա Սարդարյանը, 10-րդցի Աիդա Պապիկյանը եւ հյուրեր: Առաջին դասարանցիները նախ ծաղկեփնջեր դրեցին Վ. Թեքեյանի արձանին, այնուհետեւ հնչեցրին առաջին ուստարվա զանգը եւ ծնողների, ուսուցիչների ուղեկցությամբ մտան դասարան:
Առաջին դասը նվիրվեց գրերի գյուտի 1600-ամյակին, մեծն Մաշտոցին ու «Այբբենարանին» (դասվարՙ Գայանե Բաղդասարյան):
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ