Գուժկանն այս անգամ Ջորջ Տեր-Բարթողն էր, Cyprus Weekly շաբաթահանդեսի խմբագիրը. երեկ առավոտ Նիկոսիայի օնկոլոգիական հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում (խորհրդարան) հայ համայնքի ներկայացուցիչ Պետրոս Գալայճյանը, 71 տարեկանում: Իսկապես ծանր կորուստՙ եթե նկատի ունենանք, որ հանգուցյալը ականավոր քաղաքական եւ հասարակական գործիչ էր, շատ հարգված գործարար, բարերար, 3 անգամ (1995, 1996 եւ 2001 թթ.-ին) ընտրվել էր խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ: Միաժամանակ նա Կիպրոսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահն էր, եկեղեցական խորհրդի անդամ, Կիպրոս-Հայաստան բարեկամության միության հիմնադիր եւ մոտ մեկ տասնամյակՙ Մելգոնյան կրթական հաստատության հոգաբարձության անդամ, որի համար այդ նշանավոր կրթօջախի փակման տխրահռչակ որոշումը հսկա ցավ էր եւ որի դեմ պայքարում էր շարունակ: Նրա բազում բարերարություններից կարելի է հիշել իր հանգուցյալ եղբորՙ նմանապես Կիպրոսի խորհրդարանի հայ համայնքի նախկին ներկայացուցիչ Արամ Գալայճյանի հետ Նիկոսիայում հայ ծերերի համար կառուցած հանգստյան տունը կից գողտրիկ մատուռով:
Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ցավակցական հեռագիր է ուղարկել հանգուցյալի ընտանիքին:
Թաղումը տեղի կունենա շաբաթ օրը: