Ալյոշա Աբրահամյանը 60 տարեկան է
Հայկական ֆուտբոլի անվանի վետերաններից մեկնՙ անցած դարի 70-ականների «Արարատի» անփոխարինելի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանն օրերս նշեց ծննդյան 60-ամյակը: Սովորաբար նման դեպքերում մի հետադարձ հայացք են նետում ապրած տարիներին, անցած մարզական ուղուն, վերհիշում կյանքի լավագույն պահերը: Իսկ Ալյոշա Աբրահամյանի մարզական կենսագրությունում քիչ չեն եղել ուրախության ու բերկրանքի պահերը: 13 տարի (1966-1978 թթ.) Ալյոշա Աբրահամյանը հուսալիորեն պաշտպանել է Երեւանի «Արարատի» դարպասը ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության ու գավաթի, եվրոգավաթների հանդիպումներումՙ բազմիցս փրկելով թիմին անխուսափելի թվացող գոլերից, ցուցադրելով հասուն վարպետություն, աչքի ընկնելով ակրոբատիկ ցատկերով: Միայն բարձրագույն խմբում նա անցկացրել է 276 խաղ: Նրա ազգանունը գրանցված է խորհրդային ֆուտբոլի լավագույն դարպասապահներիՙ Լեւ Յաշինի անվան խորհրդանշական ակումբում: Պաշտոնական 325 խաղում Աբրահամյանը 138 անգամ դարպասը պահել է անառիկ: «Արարատի» կազմում Աբրահամյանը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու կրկնակի գավաթակիր, 2 անգամ արժանացել արծաթե մեդալի, 1973 թ. ԽՍՀՄ-ում ճանաչվել է 2-րդ դարպասապահը:
Գուցե զարմանալի թվա, սակայն պատանեկան տարիներին Աբրահամյանը զբաղվել է ոչ թե ֆուտբոլով, այլ վոլեյբոլով: Այդ մարզաձեւում նա որոշակի հաջողությունների է հասել, մասնակցել է դպրոցականների ԽՍՀՄ սպարտակիադային: Սակայն պատահական մի դիպված փոխեց նրա կյանքի ուղին, ընդմիշտ կապեց ֆուտբոլի հետ:
«Մի օր ինձ իր մոտ հրավիրեց Գյումրու պատանեկան հավաքականի մարզիչ Ալիկ Աբրահամյանը, որ ժամանակին հանդես էր եկել Երեւանի «Սպարտակում» ու «Դինամոյում», եւ ասաց, որ թիմը մնացել է առանց դարպասապահի: Նրանցից մեկը տեղափոխվել էր «Շիրակ», մյուսն ընդունվել էր ինստիտուտ: Մարզչի համոզմամբ, քանի որ հայրս ու եղբայրներս ֆուտբոլիստներ էին, ուրեմն ես էլ կարող էի լավ ֆուտբոլ խաղալ: Երկու շաբաթ մարզվելուց հետո մեկնեցինք Կրեմենչուկ, որտեղ անցկացվում էր ԽՍՀՄ պատանեկան առաջնության եզրափակիչը: Գրավեցինք 5-րդ տեղը: Վերադառնալուց հետո կրկին սկսեցի վոլեյբոլով զբաղվել: 1963 թ. Գյումրիում անցկացվում էր վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը: Մրցաշարի ավարտից հետո կրկին ինձ մոտեցավ Ալիկ Աբրահամյանը եւ հրավիրեց «Շիրակ»: Այսպես սկսվեց իմ ֆուտբոլային կենսագրությունը, որի համար երախտապարտ եմ առաջին մարզչիսՙ Ալիկ Աբրահամյանին: 1964 թ. առաջին շրջանի ավարտից հետո «Արարատը» Գյումրիում ընկերական հանդիպում անցկացրեց «Շիրակի» հետ: Հանդիպման ավարտից հետո ինձ հրավիրեցին «Արարատ»: Ուրախությանս չափ ու սահման չկար: Հաջորդ իսկ օրը մեկնեցի Երեւան: 1965 թ. հիմնականում խաղում էի թիմի փոխարինողների կազմում, թեեւ մի քանի խաղում փոխարինման դուրս եկա: Այդ ժամանակ «Արարատի» հիմնական դարպասապահն Ալաբուժեւն էր: 1966 թ. Գագրայում նոր մրցաշրջանին նախապատրաստվելիս նա ծանր վնասվածք ստացավ, եւ դարպասի պաշտպանությունը վստահվեց ինձ: Այսպես դարձա «Արարատի» հիմնական դարպասապահը եւ 13 տարի գրեթե անփոփոխ պաշտպանեցի այն», հուզմունքով վերհիշում է անվանի վետերանը:
Բարձրագույն խմբում Աբրահամյանի նորամուտն իրոք տպավորիչ էր: Առաջին խաղը նա անցկացրեց 1966 թ. ապրիլի 10-ին, առաջնության մեկնարկային տուրում, «Կռիլյա սովետովի» հետ: Այդ օրը նրա պաշտպանած դարպասը մնաց անառիկ: Եվ միայն Մինսկի «Դինամոյի» հետ հաջորդ տուրի հանդիպման 89-րդ րոպեին մրցակցին հաջողվեց գրավել Աբրահամյանի պաշտպանած դարպասը: Ընդհանրապես 1966 թ. Աբրահամյանն աչքի ընկավ հուսալի խաղով: Առաջնության 34 հադիպումներից 18-ում նա դարպասը պահեց անառիկ: Այդ ցուցանիշը լավագույնն էր «Արարատի» դարպասապահների շրջանում: Եվ պատահական չէ, որ այդ տարի Ալյոշա Աբրահամյանն արժանացավ «Սմենա» հանդեսի «Լավագույն նորեկին» մրցանակին: Տարիների ընթացքում ձեռք բերելով փորձ ու հմտություն, կատարելագործելով վարպետությունը, Աբրահամյանն իր հուսալի խաղով մեծ ներդրում ունեցավ «Արարատի» 70-ական թվականների նվաճումներում: 1973 թ. ոչ միայն թիմի, այլեւ Աբրահամյանի աստեղային տարին էր: Նա ընդգրկվեց ԽՍՀՄ հավաքականում եւ մտավ «33 լավագույնների» կազմի մեջ: Աբրահամյանը դարձավ առաջնության լավագույն դարպասապահը հետեւյալ ցուցանիշներով. մեկ խաղում միջինը բաց թողած գոլերի քանակովՙ 0,86 (26 գոլ 30 խաղում), դարպասն անառիկ պահած խաղերի (14) թվով, որից 6-նՙ անընդմեջ:
Աբրահամյանի ֆուտբոլային կենսագրությունում քիչ չեն հիշարժան հանդիպումները, որոնց մանրամասները նա այսօր էլ հաճույքով է վերհիշում. «1973 թ. գավաթի եզրափակիչի առաջին րոպեներին Բլոխինն ու Կոլոտովը սուր գրոհ ձեռնարկեցին, սակայն ես հրաշքով փրկեցի դրությունը: Երբ դարպասապահն անչափ վտանգավոր պահերին հաղթող է դուրս գալիս, դա նյարդայնացնում է մրցակցի հարձակվողներին, փոխարենը ոգեւորվում են խաղընկերներդ ու սկսում են ավելի վստահ խաղալ: Անջնջելի են Մյունխենի «Բավարիայի» հետ խաղերի տպավորությունները: Մոտենում էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 30-ամյակը: Զգուշանում էինք սադրանքներից: Մյունխենի մարզադաշտում մոտ 20 հազար հայ հանդիսական կար: Մինչեւ 78-րդ րոպեն անառիկ պահեցի դարպասը, մեծ ծանրաբեռնվածությամբ էի գործում, ուստի խաղավերջում արդեն զգալ տվեց հոգնածությունը, եւ մրցակցին հաջողվեց 2 գոլ խփել:
Հիշում եմ 1975 թ. գավաթի քառորդ եզրափակիչ խաղը Մոսկվայում տեղի «Լոկոմոտիվի» հետ: Հաշիվը 1-1 էր, իսկ խաղավարտից 2 րոպե առաջ մեր դարպասին 11 մ հարված նշանակվեց: Ինձ հաջողվեց հետ մղել հարվածը: Խաղի ելքը վճռվեց հետխաղյա 11 մ հարվածներով, որում եւս հաջող խաղացիՙ թիմի համար եզրափակիչի ուղի հարթեցի»:
1978 թ., 33 տարեկանում Աբրահամյանն ավարտեց ելույթները մեծ ֆուտբոլում: Նա որոշ ժամանակ զբաղվեց մրցավարությամբ, իսկ վերջին տարիներին իր փորձն ու հմտությունն է փոխանցում «Բանանցի» դարպասապահներին: Անվանի վետերանը շարունակում է ծառայել հայկական ֆուտբոլին: Շնորհավորելով Ալյոշա Աբրահամյանին ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ, նրան մաղթենք ամենայն բարիք:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ