«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2005-08-31 | #155, 2005-09-01 | #156, 2005-09-02


«ՌԵԿՈ-ՌԵԿՈ՞ՐԴՍ», ԹԵ՞ «ԿԱՐԵՆ ՍՏՈՒԴԻՈ»

6-րդ վարչության «պայքարը» «պիրատության» դեմ

«Ռեկո-ռեկորդս» ձայնագրման ընկերության դեմ աղմուկը շարունակվում է: Երեկ ստուդիայի հետ համագործակցող երգիչներ Արամոն եւ Արթուր Իսպիրյանը մամուլի ասուլիս էին հրավիրել: Նրանց էին միացել նաեւ դերասան Հրանտ Թոխատյանը եւ արձակագիր Վահրամ Սահակյանը:

Տեսաձայներիզների կեղծ արտադրությունը, այսպես կոչված «պիրատությունը», լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում: Երեւույթից ապահովագրված չեն նույնիսկ համաշխարհային մեծության աստղերը: Զարգացած երկրներում, սակայն, իրավիճակն այսպիսին է. 90 տոկոս արտոնագրված, 10 տոկոսՙ կեղծ արտադրանք: Հայաստանի պարագայում հակառակն է, այսինքնՙ վաճառվող տեսաձայներիզներից ֆինանսական օգուտ է ստանում ոչ թե երգիչը կամ նրա երգը տարածելու հեղինակային իրավունքն ունեցող ընկերությունը, այլ բոլորը, բացի նրանցից: Հրանտ Թոխատյանը կեսկատակ-կեսլուրջ նշում է, որ, բարեբախտաբար, բեմի «պիրատներ» չկան, սակայն նրա միակ «Մեր այբբենարանը» տեսաերիզը եւս կեղծարարներին լուրջ եկամուտներ է բերում: Նա պայմանականորեն այսպիսի օրինակ է բերում. եթե արտադրվել է 1000 լիցենզավորված տեսաերիզ, ապա 999-ը դեռ պահեստում է, 1-ը դիտում է դերասանի երեխան: Պարզ է, իհարկե, որ «Մեր այբբենարանը» «պիրատների» միջոցով է հայտնվում բնակչության ձեռքին:

Երգիչներ Արամոն եւ Արթուր Իսպիրյանը պնդում են, որ «պիրատության» դեմ պայքարում անհրաժեշտ է պետական աջակցություն: Այդ աջակցությունն, ի դեմս իրավապահ մարմինների, կարծես թե կա, սակայն իրականում նրանք ոչ թե աջակցում, այլ խանգարում են երգիչներին: Արամոյի եւ Արթուր Իսպիրյանի ձայնագրությունների տարածման իրավունքը պատկանում է «Ռեկո-ռեկորդս» ընկերությանը, սակայն այսօր ձայնագրությունները հայտնվել են 6-րդ վարչությունում որպես կեղծ արտադրանք: Փաստորեն ոստիկանության այդ ստորաբաժանումը, հետապնդելով այլ նպատակներ, դրանք իրականացնում է երգիչներին օգտագործելով:

Արձակագիր-դերասան Վահրամ Սահակյանը նշում է, որ նման «օգնություն» արվեստագետներին պետք չէ: Իսկ եթե որոշ ոստիկանների գումար է հարկավոր, երգիչները կարող են հանգանակել: Ի դեպ, իրենց նպատակների համար «իրավապահները» շահարկում են նաեւ հանրապետության նախագահի անունը, իբր հանրապետության առաջին դեմքն է նրանց «տանիքը»: Վահրամ Սահակյանը պատրաստվում է հանդիպել երկրի առաջին դեմքին եւ տեղեկացնել կատարվող ապօրինությունների մասին, եւ վստահեցնում է, որ դրա համար ունի լուրջ հիմնավորումներ:

Ասուլիսին ներկա էր նաեւ «Ռեկո-ռեկորդս» ձայնագրման ստուդիայի տնօրեն Դավիթ Խանոյանը: Հիշեցնենք, որ «Ռեկո-ռեկորդսը» 6-րդ վարչության թեթեւ ձեռքով հուլիսի 20-ից փակված է: Հենց այս ընկերությանն է պատկանում հայկական շուկայի լիցենզավորված արտադրանքի գերակշիռ մասը: Դավիթ Խանոյանը կարծում էՙ նպատակը, որ հետապնդում է վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, «Ռեկո-ռեկորդսին» դաշտից դուրս մղելը եւ նրա հովանավորած «Կարեն ստուդիոյի» համար մենաշնորհային իրավունքներ ապահովելն է:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4