Սա համայնքապետներն ու մարզպետները ոգեւորությամբ չեն ընդունել
Ապօրինի հողազավթումների դեպքում պատասխանատվություն կկրի համայնքի ղեկավարը: Համաձայն «Հողերի օգտագործման եւ պահպանման վերահսկողության մասին» կառավարության երեկ հաստատած օրենքի նախագծի, սահմանված են հողերի օգտագործման կարգը, դրա վերահսկողության մարմինները, սեփականատերերի իրավունքները: Փաստաթղթի մանրամասները երեկ ներկայացրեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը:
Մանուկ Վարդանյանը նշեց, որ կառավարության հաստատած օրինագիծը տարածվելու է բոլորՙ քաղաքաշինական, արդյունաբերական, գյուղատնտեսական, անտառային եւ մյուս, ընդհանուր առմամբ 9 տեսակի հողերի վրա: Ներկայումս այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մի քանի մարմիններ միանգամից են հայտնվում եւ պատժիչ գործողություններ իրականացնում հողօգտագործման կարգը խախտողի նկատմամբ: Մյուս կողմից, շատ հաճախ ապօրինի հողազավթումները, Մանուկ Վարդանյանի հավաստմամբ, այնքան էլ ապօրինի չեն: Այսինքն, դրանք կատարվում են «տարբեր կարգի չինովնիկների թույլտվությամբ»: Ցածր են նաեւ հողազավթման համար սահմանված տուգանքներըՙ 70-100 հազար դրամ, մինչդեռ, օրինակ, Երեւանի կենտրոնում հողի 14 քմ-ն հարյուրավոր դոլարներ է կազմում: Համայնքների ղեկավարները մշտապես դժգոհում են, որ հողազավթումների դեպքում իրենք պատժելու լծակներ չունեն:
Համաձայն նոր օրենքի, համայնքների ղեկավարները կկարողանան պատժել հողազավթման հեղինակներին: Սահմանված վարչական տուգանքը կազմում է 2,5 մլն դրամ, իսկ կրկնվելու դեպքումՙ ընդհուպ քրեական պատասխանատվություն: Նույն իրավունքներն էլ համայնքի ղեկավարների նկատմամբ ունեն մարզպետները: Վերջիններս էլ պատասխանատու են պետության լիազորված մարմնիՙ կադաստրի պետական կոմիտեի առջեւ:
Սակայն նման լիազորությունների հետ մեկտեղ, հողազավթումներ թույլ տված համայնքների ղեկավարները եւ մարզպետները նույնպես պետք է կրեն պատասխանատվություն, որը, բացի վարչական տուգանքից, նույնպես կարող է լինել ընդհուպ քրեական պատասխանատվության: Մինչ այժմ քրեական պատասխանատվություն հողազավթման կամ դա թույլ տալու հարցում նախատեսված չէր:
Մեր այն հարցին, թե ինչպիսի մոտեցում ունեն այս օրինագծի նկատմամբ համայնքների ղեկավարներն ու Երեւանի քաղաքապետը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը պատասխանեցՙ տարբեր: Կարելի է ենթադրել, որ հողազավթումներ թույլ տալու հարցում բացի պատասխանատվության ենթարկելուց, համանման պատասխանատվություն կրելու օրենսդրական դրույթը նրանց, մեղմ ասած, չի ոգեւորել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ