«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2005-09-01 | #156, 2005-09-02 | #157, 2005-09-03


ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՈԳԵՇՈՒՆՉ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին Արցախը տոնեց իր անկախության 14-րդ տարեդարձը: Տոնակատարության ծրագրում ներառված էին հանդիսավոր արարողություններ ու մարզամշակութային տարբեր միջոցառումներ: Ժողովրդական խանդավառությամբ ուղեկցվող այս միջոցառումներն արդեն ավանդական են դարձել ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ հանրապետության շրջաններում:

Առավոտյան զինվորական շարասյուները քայլերթ կատարեցին Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում, իսկ ժամը 10-ից մարդկային հոսքը ձգվել էր դեպի Հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին Մեծ հայրենականում ու արցախյան ազատամարտում նահատակվածների հուշաքարին: Այս արարողությանը ԼՂՀ կառավարական պատվիրակության հետ մասնակցում էր նաեւ ՀՀ պատվիրակությունըՙ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Երկու հայկական պետությունների ղեկավարները ծաղիկներ դրեցին նաեւ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

Նախագահները այնուհետեւ հանդիպեցին լրագրողներին: Այն հարցին, թե ՀՀ նախագահը Ղարաբաղի ո՞ր կարգավիճակի կողմնակիցն է, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ ինքը առիթ չի տվել մտածելու, որ իր դիրքորոշումը որեւէ փոփոխության ենթարկվել է: Նրա համոզմամբ ԼՂՀ անկախության 14 տարիները ցույց են տվել, որ Ղարաբաղը կենսունակ է եւ ի վիճակի անկախ պետականություն ունենալուՙ միեւնույն ժամանակ օրինակելի լինելով հետխորհրդային տարածքի այլ պետությունների համար: Նա հրաժարվեց մեկնաբանություններ անել կազանյան հանդիպման վերաբերյալ, ասելով, որ ընդհանուր տպավորությունը դրական է: ՀՀ նախագահը նաեւ տեղեկացրեց լրագրողներին, որ նույն օրը նախատեսվում է իր հանդիպումը Արկադի Ղուկասյանի հետ, որտեղ ինքը ԼՂՀ նախագահին կփոխանցի Կազանում ունեցած հանդիպման մանրամասները: «Ըստ էության, անուղղակի ձեւով, Ղարաբաղն այս գործընթացին մասնակից է, քանի որ մինչեւ հանդիպումները եւ հանդիպումներից հետո, միշտ ոչ միայն մտքեր ենք փոխանակում, այլեւ լուրջ քննարկումներ ենք ունենում», ասաց Ռոբերտ Քոչարյանը:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւս ձեռնպահ մնաց որեւէ մեկնաբանությունից: «Համարում եմ, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, մենք մտահոգվելու որեւէ հիմք չունենք», ասաց նա:

Տոնական միջոցառումների շարունակությունը Վերածննդի հրապարակում կազմակերպված համերգն էրՙ արվեստի վարպետների կատարմամբ եւ երեկոյան հրավառությունը հաղթանակով ոգեշունչ արցախյան երկնքում:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4