«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2005-09-01 | #156, 2005-09-02 | #157, 2005-09-03


«ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԼԵԶՈՒ»

Պերճ Գարիբեկ անունով ընթերցողներից մեկն «Ազգին» Մ. Նահանգներից ուղարկած էլեկտրոնային նամակում խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին Վրաստանի դեմ օգտագործել սպառնալիքների լեզու: Բաղդադում ծնված եւ այժմ Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակցին մտահոգել է «Ազգի» նախանցյալ համարում տպագրված «Վրաստանը կարող է տեւական դարձնել Հայաստանի շրջափակումը» հրապարակումը: Պերճ Գարիբեկը նշում է, որ ինքը երբեք չի եղել Հայաստանում, սակայն, ինչպես սփյուռքում բնակվող յուրաքանչյուր հայ, մտահոգված է հայրենիքի ճակատագրով: Քանի դեռ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը քնած է, գրում է նա, Հայաստանին սպառնում է մեկ այլ խոչընդոտՙ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցումը. «Մինչ ռուսական արջը կարթնանա քնից, եւ Հայաստանի ղեկավարությունը կսկսի դիմել գործողությունների ընդդեմ թուրք-վրաց-ադրբեջանական կեղտոտ խաղերի, Հայաստանը փոխզիջումներ անելու սահմանագծին կհասնի, ինչը բացասաբար կանդրադառնա նրա գոյության վրա»:

«Առաջին հերթին մենք կարիք ունենք կարող ղեկավարության, որն ի վիճակի կլինի Արցախի հարցում ընդունել հաստատակամ որոշում-վճիռներ: Մենք կարիք ունենք մի ղեկավարի, որը կկանգնի եւ կասի. «Ադրբեջանցիներ, սրանք հայկական հողեր են եւ դրանցից մի թիզ անգամ չի վերադարձվելու ձեզ, որովհետեւ մենք հաղթել ենք պատերազմում»: Թուրքիան 85 տարի առաջ հաղթեց պատերազմում, այսօր օկուպացրել է Արեւմտյան Հայաստանը, եւ միակ տարբերակը, որ հնարավորություն կտա մեզ վերադարձնել այդ հողերը, պատերազմն է, ոչ դիվանագիտությունը», խորհուրդ է տալիս Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4