«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2005-09-01 | #156, 2005-09-02 | #157, 2005-09-03


ԴԵՍՊԱՆ ԷՎԱՆՍԻՆ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ ԵՆ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԻՐԱՏԵՍԱԿԱՆ» ՀԵՌԱՆԿԱՐ ՉԷ

Երեկ արտգործնախարարությունում «Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողով. եզրափակիչ ակտ» գրքի շնորհանդեսին ներկա, Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսը հրաժարվեց լրատվամիջոցներին իր մեկնաբանությունները տալ սահմանադրական բարեփոխումների փաթեթի առնչությամբ: Դեսպան Էվանսը ավելացնելու բան չուներ, քան ասել էր նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, եւ խորհուրդ տվեց ծանոթանալ դրան:

Մ. Նահանգները վարչակարգի փոփոխությունը չի դիտարկում անհրաժեշտ պայման Հայաստանի ժողովրդավարացման համար եւ ինտենսիվ աշխատելու է, որ Հայաստանում 2007 թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրությունները լինեն ազատ եւ արդար, ասել է դեսպանը: Էվանսը վերահաստատել է Մ. Նահանգների աջակցությունը սահմանադրական փոփոխությունների փաթեթին: «Հայաստանում ներկայումս հնարավորություն կա անհրաժեշտ փոփոխություններն իրականացնել սահմանադրական ճանապարհով», ասել է նա:

Նախորդ շաբաթ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը «Պատասխանատվության ժամանակը» հրապարակման մեջ սահմանադրական փոփոխությունների փաթեթը որակել էր «չափազանց կարեւոր գործընթաց»: «Մ. Նահանգները պաշտպանում է բոլոր նրանց ջանքերը, ովքեր մասնակցել են Հայաստանի ընթացիկ սահմանադրության բարեփոխումների մշակման գործընթացին, եւ կոչ է անում բոլոր կողմերին կառուցողական ու պատասխանատու երկխոսություն վարել այս խնդրի շուրջը: Քաղաքական խաղի կանոնները յուրաքանչյուր երկրում սահմանվում են սահմանադրությամբ, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն պետք է շահագրգռված լինի այդ կանոնների սահմանմամբ», ասվում էր հոդվածում:

«Ազատությանը» տված հարցազրույցում Էվանսն ընդգծել է. «Մենք չենք փորձում հայաստանցի ընտրողներին ասել, թե ինչպես քվեարկել: Միակ բանը, որ մենք ասում ենք, հետեւյալն է. սա կարեւոր խնդիր է, արժանի ընտրողների ուշադրությանը եւ պատասխանատու քննարկման Ազգային ժողովում»: Դեսպանը համամիտ չէ Հայաստանի ընդդիմության մտահոգությունների հետ, ըստ որի սահմանադրական բարեփոխումները տեսականորեն հնարավորություն կտան Ռոբերտ Քոչարյանին 3-րդ անգամ հավակնելու նախագահի պաշտոնին: «Բավականին հեղինակավոր որոշ մարդիկ ինձ հավաստիացրել են, որ դա իրատեսական հեռանկար չէ», նշել է դեսպանը:

Հարցին, թե նոյեմբերյան հանրաքվեն խախտումներով անցնելու դեպքում ի՞նչ տեղի կունենա, դեսպանը պատասխանել է. «Հատկապես աշխարհի այս հատվածում վերջին մի քանի տարվա ամենալուրջ դասերից մեկն այն է, որ եթե ընտրությունները կեղծվում են, դա կարող է հանգեցնել այս կամ այն տեսակի լուրջ բարդությունների, որոնք արտահայտվում են փողոցներում: Դրան մենք ականատես եղանք որոշ երկրներում... Այս դասերը պետք է պարզ լինեն ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի այս հատվածի բոլոր երկրների համար: Մարդիկ սպասում են արդար ու ազնիվ ընտրությունների, եւ Մ. Նահանգները նույնպես դա է ուզում տեսնել»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4