«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2005-09-01 | #156, 2005-09-02 | #157, 2005-09-03


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ԼԱՏԻՆԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ

Դեռեւս 2002 թ. Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ ընդունվեց «Նոտարիատի մասին» նոր օրենքը, որը, լատինական նոտարական համակարգի փորձագետների կարծիքով, լիովին համապատասխանում է համակարգի պահանջներին: Օրերս Հայաստան ժամանած Լատինական նոտարիատի միության պատվիրակության այցելությունների մասին երեկ լրագրողների հետ զրուցեցին պատվիրակության ներկայացուցիչներն ու ՀՀ արդարադատության նախարարը:

Ըստ Դավիթ Հարությունյանի, Հայաստանի որդեգրած համակարգը ենթադրում է համապատասխան մեխանիզմների ստեղծում, այդ թվում նոտարիատի, եւ քանի որ Հայաստանում ներդրված է լատինական նոտարիատի համակարգը, ապա առաջնային հարց է անդամակցել Լատինական նոտարիատի միջազգային միությանը: Պրն Հարությունյանի խոսքերով, անդամակցության աշխատանքները սկսվել են անմիջապես օրենքի ընդունումից հետո, անցած տարիներին եղել են տեսչական այցեր, փոփոխվել է օրենքը: Այս այցելությունը եզրափակիչ է, որի ավարտին արդեն կդրվի Հայաստանիՙ Լատինական նոտարիատի միջազգային միության լիիրավ անդամ դառնալու հարցը:

Լատինական նոտարիատի միջազգային միության միջազգային համագործակցության կոմիտեի նախագահ Ժան Պոլ Դեկորը նշեց, որ այցելության ընթացքում գնահատվել է նոտարիատի օրենքը, նոտարիատի որակը Հայաստանում: Ըստ այդմ պատվիրակության անդամները բարձր են գնահատել օրենքի որակը, պրն Դեկորն անգամ որակեց աշխարհում լավագույններից մեկը, իսկ հայ նոտարների աշխատանքը որակվեց բարեխիղճ:

Պատվիրակության անդամները Հայաստանում եղել են 3 նոտարական գրասենյակներում, անցկացրել են ստուգումներ: Ինչպես նշեց կոմիտեի քարտուղար պրն Կրամսըՙ «Կարծում ենք, որ կարող եք հպարտանալ նոտարական ձեր նոր սերնդով»: Նշենք, սակայն, որ նման կարծիք ձեւավորվել է միայն նոտարների հետ խոսակցության ու գրասենյակների ստուգումների արդյունքում, եւ քաղաքացիների հետ որեւէ խոսակցություն չի եղել: Այցելությունները եղել են մայրաքաղաքի գրասենյակներ, կլինեն նաեւ մարզային նոտարներին այցելություններ:

Ընդհանուր առմամբ անդամակցությունը Լատինական նոտարիատի միջազգային միությանը երկարատեւ գործընթաց է: Սակայն ի՞նչ կտա դա Հայաստանին եւ կոնկրետ Հայաստանի քաղաքացիներինՙ դժվար է ասել, հատկապես որ առաջին իսկ հայացքից Լատինական նոտարիատի միջազգային միության պատվիրակության կարծիքը դժվար թե համընկնի շարքային քաղաքացիներիՙ նոտարիատների հետ շփման տպավորությունների հետ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Պատվիրակությունը դեռեւս 8 տարի առաջ այցելել էր Հայաստան, սակայն ցայսօր անդամակցության հարց չի դրվել, քանի որ կան օրենսդրական թերություններ: Ադրբեջանը եւս անդամակցության համար ոչ մեկին չի դիմել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4