«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2005-09-01 | #156, 2005-09-02 | #157, 2005-09-03


ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկը Ստեփանակերտում բացել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» թեմայով ցուցահանդեսը, որի նպատակն է ԼՂՀ քաղաքացիներին ներկայացնել ազգային դրամի պատմությունը, դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի գործունեությունը:

Ցուցահանդեսում ներկայացված են հին ազգային մետաղադրամներըՙ հայոց Արտաշեսյան հարստության Տիգրան Մեծ արքայի պղնձե դրամների օրինակները եւ հայոց Կիլիկյան պետության տարբեր արքաների թողարկումները: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Շուշիում թողարկված Ղարաբաղի խանության ժամանակաշրջանի (XVIII դարի վերջ) արծաթե մետաղադրամը:

«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսում ներկայացված են նաեւ Հայաստանում շրջանառության մեջ եղած առաջին հայկական թղթադրամները եւ ներկայիս Հայաստանի Հանրապետության բոլոր դրամանիշներըՙ թղթադրամները, մետաղադրամները եւ հուշադրամները:

Ցուցադրվում են նաեւ նյութեր, որոնք լուսաբանում են դրամանիշների թողարկման գործընթացը եւ դրանց պատրաստման համար օգտագործված որոշ գործիքներ: Ցուցահանդեսի առանձին հատված նվիրված է Հայաստանում բանկային համակարգի ստեղծման պատմությանը: Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ «Դրամը երեխաների աչքերով» մրցույթի հաղթողների եւ մասնակիցների նկարները:

Երեւանի դպրոցականներն արդեն ունեն նման հնարավորություն, նրանք այցելում են Կենտրոնական բանկ եւ ծանոթանում բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ստեղծել նաեւ ԼՂՀ աշակերտների, ուսանողների եւ բնակչության համար: Ցուցահանդեսը կտեւի 10 օր, որի ընթացքում ԼՂՀ դպրոցականները եւ ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ ներկայացված նյութերին:

Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ կենտրոնական բանկը ԼՂՀ ուսանողների շրջանում հայտարարելու է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակառու դառնալու մրցույթ: Նրանք պետք է ՀՀ ԿԲ ներկայացնեն տնտեսագիտական տարբեր թեմաներով իրենց վերլուծությունները, որոնց հաղթողին որոշելու է ԿԲ խորհուրդը:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4