«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2005-09-01 | #156, 2005-09-02 | #157, 2005-09-03


ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԱԶԱՏՎԵԼ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍՂՈՑՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻՑ

Ձեզ հասցրե՞լ են նյարդայնացնել մեքենաների տհաճ եւ երկարատեւ ազդանշանները, դո՞ւք էլ եք առիթ ունեցել այդ տհաճ ձայներից փախչելու համար ականջները փակել, թե՞ հաշտվել եք այն մտքի հետ, որ ամենաանպատեհ պահին ստիպված պիտի լինեք «վայելել» այդ ազդանշանների ստեղծած «փողոցային սիմֆոնիան»:

Իհարկե, վերը թվարկված տարբերակներին շատերս ենք առիթ ունեցել հանդիպելու, սակայն երեւի թե ոչ մեկիս չի հաջողվել որեւէ կերպ կանխել մեզ անհարկի «ուղեկցող» աղմուկը: Կամ զայրացել ենք, կամ էլ փնտրել տիրոջը:

Մեզ շատ հետաքրքրեց, թե կա՞ արդյոք որեւէ կառույց, բաժին կամ աշխատակազմ, որն զբաղվում է փողոցների կարգապահությամբ, հետեւաբար նաեւ մեքենաների ազդանշանների աղմուկի չափավորման հարցով` նախապես ենթադրելով, որ դժվար թե մեզ մոտ նման բան գոյություն ունենա: Դիմեցինք հանրապետության պետավտոտեսչության կազմվերլուծական բաժին, որտեղ մեզ խնդրեցին դիմել Երեւան քաղաքի պետավտոտեսչություն (կարծես թե մարզերի բնակիչների հանգստի հարցը կարեւոր չէ): Երեւանի պետավտոտեսչությունն էլ մեզ զարմացրեց` ասելով, թե պետք է դիմել ոստիկանություն. «Նրանք մեր վերադասն են, եթե մի բան ասեն, նրանք կասեն»:

Ոստիկանության լրատվության վարչությունից մեր հարցին պատասխանեցին, որ այդ հարցով կոնկրետ զբաղվող չկա: Վարչությունում երեւույթը որակեցին ոչ դիտավորյալ արարք, հակառակ դեպքում դա կդիտվի վարչական խախտում, որի դեպքում սահմանվում է վարչական պատիժ: Վարչությունում հայտնեցին նաեւ, որ ազդանշանների երկար աղմուկ միշտ չի պատահում (դրա հետ մենք համամիտ չենք), իսկ հետո էլ դա տեխնիկական անսարքության հետեւանք է, որի համար դժվար է ինչ-որ մեկին մեղադրել: «Ազգի» հարցին, թե գուցե խնդիրն այնպիսին չէ, որ կոնկրետ կառույց կամ խումբ դրանով զբաղվի, փոխարենը պետավտոտեսչության աշխատակիցները, երբ իրենց «բծախնդիր» աշխատանքի ժամանակ կանգնեցնում են վարորդներին, չե՞ն կարող այդ մասին նախազգուշացնել, վարչության աշխատակիցը պատասխանեց. «Ինչ ասեն, հո վարորդները դիտավորյալ միացված չեն թողնում ազդանշանները, դա իրենց էլ ձեռ չի տալիս` հոսանք է ծախսվում»: Վերջինս չմոռացավ հավելել, որ աղմուկը շատ չէ, պարզապես մենք ենք ավելի նյարդային դարձել: Փաստորեն մենք` քաղաքացիներս դեռ շատ առիթներ կունենանք մեզ շրջապատող, անգամ չշրջապատող մեքենաների նյարդայնացնող ձայները լսել ու քանի դեռ նման հարցի կարգավորումը մնում է մեքենատիրոջ խղճին ու խելքին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4