«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2005-09-01 | #156, 2005-09-02 | #157, 2005-09-03


ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐԻԿԱԴՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՄՐԱՆԱՆ

Բնակիչների եւ պաշտոնյաների կռիվը շարունակվում է

Քարուքանդ պատմամշակութային շենքերի սեւ ու կարմիր աղյուսե նկուղների հարեւանությամբ արդեն 2 օր բարիկադներ են խփել մայրաքաղաքի Բուզանդի փողոցի բնակիչները, որոնց իրենց տներից բռնի դուրս են հանել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն ու կարմիր բերետավորները: Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղից 1988 թվականին փախած Էմմա Աղաջանյանն իր 2 անչափահաս երեխաների հետ ապրում էր նախորդ օրն ավերված Բուզանդի 23 շենքում, ուր նրան տեղ էր տվել հարազատ քրոջ ընտանիքը: «Երեխաներիս առավոտյան դպրոց տանելուց հետո տուն եկա ու տեսա, որ տանս դուռն արդեն չկա, սարսափելի վիճակ էր: Տան կտուրը գլխիս քանդեցին եւ 3 տղամարդ ինձ բռնի դուրս հանեցին, ասելով, որ դատարանի վճռով ես «այլ անձ» եմ համարվում, վտարված եմ եւ ոչ մի կոպեկ ստանալու իրավունք չունեմ, չնայած գրանցված եմ եղել, ինձ ոչ մի առաջարկ չի արվել: Քրոջս տղային թույլ չէին տալիս տնից հագուստ վերցնի, ամբողջ գույքը պատուհանից շպրտեցին, չթողեցին անգամ ներս մտնել ու մեր իրերը հավաքել: Մեր իրերն ու գույքը տարել են, գիշերը քնել ենք այս փլատակների տակ: Ո՞ւր գնանք, ոչ մի տեղ չունենք գնալու», հուսակտուր պատմում էր Էմման:

Նույն շենքի բնակչուհի Անժետա Մուրադյանը հրաժարվել է դուրս գալ իր տնից, սակայն նրան ստիպողաբար դուրս են հանել, դուրս շպրտել ունեցվածքը եւ հենց նրա աչքի առջեւ քանդել տունը: «Այս տանը ծնված ամուսինս վաղուց մահացել է, 45 տարի ապրել եմ այս տանը, երեխաներիս համար ամեն ինչ ստեղծել մեծ դժվարությամբ, որ մի օրում այդ ամենը փոշի դարձնեն իմ տուն մտած 12 տղամարդիկ: Ես պայմանագիր չեմ կնքել, որովհետեւ չեմ համաձայնել ինձ առաջարկված 17 հազար դոլարին, ես որտե՞ղ տուն գնեմ այդ գումարով, նույնիսկ քաղաքի ծայրամասում այդ գնով տուն չես գտնի: Ուսումնական տարի է սկսվել, բայց թոռներս չեն կարողանում դպրոց հաճախել: Մեզ վտարում են, որ «էլիտար» մարդիկ մեր տների տեղում շենքեր կառուցեն ու միլիոններ վաստակեն: Աստված տեսնում է նրանց արարքները, նրանք չեն վայելի, մեր անեծքը նրանց վրա է: Իմ ընտանիքն այստեղից ոչ մի տեղ չի գնա, մինչեւ երկրի ղեկավարները չարձագանքեն մեր բողոքին: Թող մեզ ուղարկեն այստեղից, ուր ասես կգնանք, էլ չենք ուզում Հայաստանում ապրել: Այստեղ մարդը պաշտպանված չէ, նրան ամեն վայրկյան կարող են վնասելՙ առանց հաշվի առնելու մարդու նրա իրավունքները: Ոչ մի հեռանկար չկա մեզ նման մարդկանց համար, այստեղ իրենց ապահով են զգում միայն պաշտոնյաներն ու գործարարները, որոնք զբաղված են իրենց գրպանը լցնելով», դժվարությամբ շնչելով բողոքեց տիկին Անժետան ու ցույց տվեց թեւերի ու ոտքերի կապտուկները, որ մնացել էին կարմիր բերետավորների նախորդ օրվա քաշքշոցներից:

Մագդա Մուրադյանի դատական գործը դեռ չի ավարտվել, սակայն նրա ընտանիքը նույնպես վտարվել ու դրսում է հայտնվել: «Առանց նախապես զգուշացնելու ներս մտան ու ամեն ինչ տակնուվրա արեցին: Քաղաքապետ Երվանդ Զախարյանի հայտարարությունից հետո, թե մինչեւ սեպտեմբերի 10-ն այս տարածքը պետք է ազատվի, բոլոր բնակիչները պատրաստ սպասում են ԴՀԱԿ-ի աշխատակիցներին: Մենք նստադուլ ենք հայտարարել եւ դիմանալու ենք այնքան, մինչեւ մեզ ապահովեն բնակարաններով: Իրենց տված գումարով մենք չենք կարող Երեւանում տուն գնել», ասաց նա:

Բարիկադ կազմած Բուզանդի 15-ի բնակիչներն իրենց շենքի պատին փակցրել էին ԴՀԱԿ-ի աշխատակիցների հետ նախորդ «պատերազմի» լուսանկարները, իսկ փողոցի վերեւում կախել «Գենոցիդ» սեւ պաստառը: Բնակիչներն ասացին, որ բարիկադներն առաջիկա օրերին ավելի կամրացնեն ու կմեծացնեն, քանի որ երկուշաբթի էլի վտարումներ են լինելու:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4