Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչը նամակով դիմել է 16 երկրներիՙ Շվեյցարիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լիբանանի, Կանադայի, Արգենտինայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Հունաստանի, Ուրուգվայի, Շվեդիայի, Ռուսաստանի եւ Վենեսուելայի խորհրդարանների նախագահներին, դատապարտելով նրանց Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումների համար:
Նա ընդգծելով այդ որոշումների առնչությամբ թուրք ժողովուրդներին պատճառած հիասթափությունը, միաժամանակ հիշեցրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակով 1915 թ. իրադարձություններն ուսումնասիրելու համար հայ եւ թուրք պատմաբաններից հանձնախումբ ստեղծելու Հայաստանին արված առաջարկի մասին:
Արընչի խնդիրը տվյալ դեպքում ոչ այնքան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման համար վերոհիշյալ երկրների խորհրդարաններին դատապարտելն է, որքան կանխարգելիչ նախահարձակ միջոցներով Եվրոմիության անդամ պետություններին զրկելը ցեղասպանությունը որպես հավելյալ լծակ Թուրքիայի դեմ գործադրելու հնարավորությունից: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 3-ին սկզբնավորվում են ԵՄ-ի հետ Թուրքիայի անդամակցության բանակցությունները, իսկ վերջինը համառում է ճանաչել եվրոպական այս կառույցի անդամներից Կիպրոսի Հանրապետությունը:
Հ. Չ.