«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2005-09-07 | #160, 2005-09-08 | #161, 2005-09-09


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻՆ

Ազգայնամոլները հարձակման են ենթարկում կոտորածներին նվիրված ցուցահանդեսը

Նախավերջին համարում «Ազգը» սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում հույն, հայ եւ հրեա ազգային փոքրամասնությունների դեմ պետականորեն կազմակերպված կոտորածների 50-րդ տարելիցին անդրադառնալիս նշել էր, որ թուրքական կենտրոնական թերթերն անխտիր հասարակության ուշադրությունը բեւեռում են տարելիցի վրա, որպեսզի այդ կոտորածներն այլեւս չկրկնվեն երկրում:

Տարելիցի արձագանքները թերթերում դեռեւս շարունակվում են: Զուգընթաց դրան հենց տարելիցի օրը Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը Բերայում հիշատակման երթ է կազմակերպում, իսկ «Պատմություն» հիմնադրամըՙ «Սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունները 50-րդ տարելիցին» վերնագրով լուսանկարների ցուցահանդես:

Երթն ավարտվում է Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի հաղորդագրության հրապարակմամբ: Հաղորդագրությունն անձամբ ընթերցում է մասնաճյուղի նախագահ Էրեն Քեսքինը, միաժամանակ ներկաներին հայտնում, որ երթին մասնակցել են նաեւ զինվորական երկու ուսումնարաններից կուրսանտներ: Ինչ վերաբերում է ցուցահանդեսին, ապա դա էլ ենթարկվում է ազգայնամոլ տարրերի ոտնձգություններին:

Այլ կերպ, թուրքական կենտրոնական թերթերը, որոնց միացել են նաեւ ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունները, կոտորածների տարելիցին արձագանքելիս թուրք հասարակության ուշադրությունը միաժամանակ բեւեռում են նաեւ ցուցահանդեսի դեմ կատաված ոտնձգությունների վրա:

Հեռուստաընկերությունների պարագայում խոսքը հատկապես թուրքական NTV-ի մասին է, որը ոտնձգություններին արձագանքել էր հենց սեպտեմբերի 6-ինՙ ցուցահանդեսի բացման օրը, իսկ թերթերի պարագայումՙ «Ռադիկալի» ու «Աքշամի»: Հատկանշական է, որ այս երկու թերթերն էլ ոտնձգություններին արձագանքում են միեւնույն «50 տարի անց նույն մտայնությամբ» վերնագրերով: Ցուցահանդեսում ներկայացված են սեպտեմբերի 6-7-ի կոտորածները պատկերող 250 լուսանկարներ, որոնք պաշտոնաթող ադմիրալ Ֆահրի Չոքերի արխիվից են եւ փաստաթղթեր:

Ի դեպ, ադմիրալը եղել էր այն դատարանի նախագահողը, որն ստեղծվել էր այդ կոտորածների գործը քննելու համար: Նա լուսանկարներն ու փաստաթղթերը կտակել է «Պատմություն» հիմնադրամին: Բացման օրը ցուցահանդես է այցելել շուրջ հազար մարդ: Դա կգործի 21 օր:

Բացումը կատարվում է սեպտեմբերի 6-ին, տեղական ժամանակով 18.00-ին: Այդ պահին դահլիճ են մտնում Անատոլիայի մտավորականների օջախի անդամները: Օջախի փոխնախագահ Այնուր Սայդամը ցուցահանդեսի բացման համար դատապարտում է կազմակերպիչներին: Օջախի անդամներին հետեւում է 10-15 հոգանոց մի խումբ, Ստամբուլի ազգային օջախների նախկին պարագլուխ Լեւենթ Թեմիզի գլխավորությամբ եւ հայտարարում, որ իրենք ներկայացնում են «Թուրքական դիմակայության» միությունը:

Հանկարծ Թեմիզը ելույթ է ունենումՙ ասելով. «Այսօր մեր հայրենիքն օկուպացված վիճակում է: Նույնիսկ չեզոքացրել են անվտանգության ուժերին: Թուրք երիտասարդությունը, որին Աթաթուրքը վստահեց հանրապետական Թուրքիան, գործի դնելով իր ուժն ու կարողությունները, կատարելու է սրբազան պարտքը»: Ելույթին իսկույն արձագանքում են խմբի անդամները. «Հայրենիքի դավաճաններ», «Կամ սիրիր, կամ հեռացիր», «Թուրքիան թուրքերինն է, թուրքական է մնալու» կարգախոսներով հարձակվում են ցուցադրվող լուսանկարների եւ փաստաթղթերի վրա: Դրանց զգալի մասը ոչնչացվում է: Հարձակվողներն իրենց հետ ցուցահանդեսից վերցրած լուսանկարներով եւ թուրքական դրոշներով ցույցի են դուրս գալիս Բերայի գլխավոր պողոտայում: Ոստիկանությունը միջամտում է եւ ցուցարարներից երեքին ձերբակալում:

Ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը ոտնձգությունների մանրամասներըՙ հագեցված լուսանկարներով տարածում է աշխարհով մեկ ցրված իր բոլոր բաժանորդներին: Այդ ընթացքում «Պատմություն» հիմնադրամի նախագահ Օրհան Սիլիերը ոտնձգության համար դատապարտում է ոստիկանությանըՙ պատճառաբանելով, թե կանխարգելիչ միջոցներ չեն իրականացվել: Մինչդեռ ցուցահանդեսի կազմակերպիչներին բացումից դեռեւս 15 օր առաջ սպառնացել էին, սպառնալիքը նույնիսկ հայտնվել էր մամուլի էջերում, իսկ հիմնադրամն այդ ամենի մասին նախազգուշացրել էր իրավապահ մարմիններին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4