«Ընտրական օրենսգիրքն ակնհայտ խոտան է», գնահատում է ԿԸՀ-ում ՀԺԿ ներկայացուցիչը
Հայաստանի Հանրապետությունն աղավաղումներով հագեցած երեք տարբեր հրատարակության ընտրական օրենսգիրք ունի: Ինչպես ասում են շատ լինիՙ պակասություն չանի: Բայց պակասություն հաստատ լինելու է: Անհավանական է, որ բոլոր ընտրատեղամասերում երեք օրինակն էլ ձեռքի տակ լինեն: Ըստ էության դա անհրաժեշտ էլ չէ, քանի որ հիմք է ընդունվում պաշտոնական տարբերակը: Այս պարագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) եւ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության հրատարակած տարբերակները դառնում են անպետք: Չնայած, ինչպես պնդում է ԿԸՀ անդամ, Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, եղածից լավագույնը ՀԿ-ի հրատարակած ընտրական օրենսգրքի տարբերակն է: Մյուս երկուսը, երեկ կայացած ասուլիսի բանախոս Ֆելիքս Խաչատրյանի գնահատականով, անպատկերացնելի աբսուրդ են եւ ինքնին ընտրակեղծիքների օրինականացման հիմք: ԿԸՀ ներկայացուցիչն այս դիտարկման ակնհայտ ապացույց համարեց ընտրացուցակներում արդեն իսկ առկա մեղմ ասած թերացումները: Նրա դիտարկմամբ ցուցակներում զգալիորեն պակասեցվել է ընտրողների թիվը եւ պահպանվել են մեռած հոգիները: Զավեշտի հասնող կեղծիք էլ է հայտնաբերվել Նար-Դոսի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում գրանցված ընտրողների ցուցակումՙ 2108 Գասպարյան Անահիտ Ադրբեջանի 01.03.1958: Ցուցակի հաջորդ 2109 հորիզոնականում գրանցված է նույն անձը, բայց արդեն ծննդյան 3 օրվա տարբերությամբ: Նմանատիպ եւ այլ կեղծիքների անհնարինությունն ապահովելու նպատակով Խաչատրյանը ԿԸՀ ներկայացրել է 16 կետից բաղկացած նախագիծ, որն ընդունված կարգով կառավարություն դիմելուն դեմ է քվեարկել ԿԸՀ 7 ներկայացուցիչ: ԿԸՀ առաջիկա նիստում Ֆելիքս Խաչատրյանը նույն առաջարկը ներկայացնելու մտադրություն ունի եւ դրանից բացի այլ գործնական քայլ չի պատկերացնում մինչ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավարտը: Այդ դեպքում ԿԸՀ ներկայացուցչի համոզմամբ ընտրական օրենսգրքի ակնհայտ խոտան լինելու անհամար վառ ապացույցներ կլինեն: Այլ եղանակ չառաջարկելով հանդերձ Ֆելիքս Խաչատրյանը ընդգծեց, որ ընտրացուցակներ կազմելու ներկայիս տարբերակի դեպքում հանրաքվեն եւս չի կարող կայանալ առանց կեղծիքների:
Ի վերջո Բուքիքիոն պատասխանեց Սադոյանին
Սպասվող հանրաքվեն, Արշակ Սադոյանի համոզմամբ, արդեն իսկ կոչված է իշխանափոխություն ապահովելու. «Առանց կեղծիքների անցնելու դեպքում ժողովուրդը կմերժի սահմանադրության այսպես կոչված բարեփոխումները: Դա հավասարազոր է գործող իշխանություններին անվստահություն հայտնելուն եւ ենթադրում է նրանց հրաժարականը: Կեղծիքների դեպքում արդյունքը նույնը կլինի»: Այսօր ադեն առավել վստահությամբ է այս մասին խոսում Արշակ Սադոյանը վկայակոչելով եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի վերջերս արած հայտարարությունը, եւ օգոստոսի 30-ին Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջիաննի Բուքիքիոյի նամակը: Այն սկսվում է ներողամտության հայցմամբ եւ ավարտվում խորին շնորհակալությամբ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տեսակետներ տրամադրելու համար: Բայց Արշակ Սադոյանը առանձնապես գոհ չէ Բուքիքիոյից. «Նախ ուշանում է ինքնաթիռից, հետո 38 օր անց ինչ-որ կերպ պատասխանում է նամակիս: Իհարկե, ինչ է իրենց համար Հայաստանի սահմանադրությունը»: Ամեն դեպքում Սադոյանն ընդգծեց, որ Եվրոպան կանաչ լույս է վառել գունավոր հեղափոխությունների համար եւ ոչ մի կերպ չի հանդուրժի ընտրակեղծիքներ կամ կեղծիքներ հանրաքվեի ընթացքում: Անկախ դրանից Սադոյանն անհրաժեշտ է համարում 15 հազար տեղեկացված մարդկանց կազմակերպված աշխատանքն ընտրատեղամասերումՙ կանխելու համար իշխանությունների կազմակերպելիք լայնածավալ խախտումների ալիքը:
Ընդդիմությունը իշխանություններին մերկացնելու նպատակ ունի
Ընդդիմությունը, պարզվում է, երբեք էլ չի հեռացել խորհրդարանից: Պարզապես չի մասնակցել օրինաստեղծ գործունեությանը, չնայած Վիկտոր Դալլաքյանի սիրահոժար այլ պատգամավորներին նվիրած օրենքների նախագծերից 10-ն ընդունվել է: «Արդարություն» դաշինքի քարտուղարը նաեւ գտնում է, որ անգամ բոյկոտի ընթացքում ընդդիմությունը մասնակցել է ժողովրդի համար կարեւոր բոլոր հարցերի (ավանդների վերադարձման, Իրաք հայկական զորախումբ ուղարկելու մասին) քննարկումներին եւ շարունակելու է նույն մոտեցմամբ աշխատել: Դալլաքյանը գտնում է, որ այս համատեքստում ընդդիմության վերադարձի մասին խոսելն ավելորդ է, քանի որ խորհրդարանի նիստերին այսուհետեւ մասնակցելն ընդամենը որդեգրած ուղուն հետեւելն է: Հատկապես որ օգոստոսի 29-ի նիստից հետո բազմաթիվ հայաստանաբնակներ խնդրել են ընդդիմությանը մասնակցել լիագումար նիստերինՙ ցույց տալու համար իշխանությունների դեմքը: Ընդդիմությունն էլ անսացել է ժողովրդի ձայնին: Իշխանությունների մերկացումը, Դալլաքյանի հավաստմամբ, ընդդիմությունը ուղեկցելու է հակաքարոզչական գործունեությամբ, քանի որ հանրաքվեն անխուսափելիորեն կարող է լինել իշխանափոխության եղանակ: Հակաքարոզչական գործունեության մանրամասները բարձրաձայնվելու են Ռոբերտ Քոչարյանիՙ հանրաքվեի վերաբերյալ հրամանագրից հետո: Ընդդիմության առաջնային խնդիրը շարունակում է մնալ իշխանափոխությունը:
Անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության պառակտմանըՙ Դալլաքյանն ընդգծեց. «Ամեն մի կուսակցության պառակտում երկրի քաղաքական կյանքի համար բացասական երեւույթ է: Բայց այս դեպքում գործ ունենք չարյաց փոքրագույնի հետ, քանի որ Ալբերտ Բազեյանը նոր կուսակցություն հիմնելու դեպքում գործելու է ընդդիմադիր դաշտում եւ շարունակելու է մնալ «Արդարության» կազմում: Իսկ Արամ Սարգսյանն ու Սմբատ Այվազյանը երեկ մասնակցում էին դաշինքի նիստին: Իհարկե, միասնական հանդես գալու դեպքում Հանրապետություն կուսակցությունն ավելի ուժեղ կլիներ»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ