ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սեփականության իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին, ի դեպ, առաջինը, այսօր արդեն հնարավոր կլինի ծանոթանալ Հայաստանում օմբուդսմենի կայքէջում: Երեկ այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Արտահերթ զեկույցը լինելով առաջինը, պայմանավորված է հանրապետությունում առկա վիճակով, ինչպես նաեւ օմբուդսմենի խոստմամբ, որ աշնան սկզբից կլինեն հատուկ զեկույցներ մարդու իրավունքների խախտումների տարբեր դրսեւորումների մասին: Ինչպես նշեց Լարիսա Ալավերդյանը, բազմաթիվ խնդիրներից ընտրվել է թերեւս ամենացավալինՙ սեփականության իրավունքի ոտնահարումը: Թեեւ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում այս խախտումների վերաբերյալ նշվել էր, սակայն Լարիսա Ալավերդյանի խոսքերով, ակնկալվող լուծումները չեղան: Եվ չնայած դրան, օմբուդսմենը դեռեւս այն կարծիքին է, որ Երեւանի կառուցապատման հետեւանքով առաջացած խնդիրները բավականին պարզ եւ հեշտ լուծում կարող են գտնել:
Տարածված այն մոտեցումը, թե Երեւանի կառուցապատման անհրաժեշտ տարածքների դիմաց բնակիչներին փոխհատուցում տրամադրելիս առաջնորդվում են «Հայաստանը միայն Երեւանը չէ, Երեւանն էլ միայն կենտրոնը չէ» սկզբունքով, ճիշտ չէ, ըստ Լարիսա Ալավերդյանի, նույն այդ գործընթացը հնարավոր է իրականացնել մարդկանց իրավունքների պաշտպանությամբՙ օտարվող տարածքներն ու բնակարանները շուկայական գնին համապատասխան փոխհատուցելով:
Ամեն դեպքում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ իր արտահերթ զեկույցն այս թեմայով օգնություն է գործընթացն իրականացնողների համար եւ կարիք չկա ընդունել որպես նման գործընթացին հակադրվող զեկույց: Ինչեւէ, զեկույցն, ըստ տկն Ալավերդյանի, վերլուծություն է, որտեղ մանրամասն ներկայացված են օրենսդրական խախտված նորմերը, նշված են ուղիները, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել սեփականության խախտման իրավունքի այս խնդիրը լուծելու համար:
Չնայած Հյուսիսային պողոտայի եւ նման այլ ծրագրերի դեպքում սեփականության իրավունքի խախտումները բավականին երկար ժամանակահատված են ներառում, օմբուդսմենը գտնում է, որ հատուկ զեկույցն ուշացած չէ, քանի որ գործընթացը դեռ շարունակվում է: Ինչ վերաբերում է կոնկրետ փաստերին այդ առնչությամբ, ապա նման գործեր եւս ընդգրկված են զեկույցում: Ի դեպ, սեփականության իրավունքի խախտման շատ դեպքեր քաղաքացիների համաձայնությամբ բաց են հասարակության համար:
«Ազգի» սեպտեմբերի 8-ի համարում արդեն անդրադարձել ենք Հայաստանի դատական ատյաններից մեկի որոշման բովանդակությանը, որտեղ տարածքից մարդկանց վտարելու վճռում նշված է նաեւ «տարածքը զբաղեցնող այլ անձանց» եւս վտարելու մասին: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ սա աննախադեպ է, քանի որ, համաձայն օրենսդրության, որեւէ անձի վերաբերյալ, որը չի մասնակցել դատավարությանը, հնարավորություն չի ունեցել օգտվելու արդար դատավարության իր իրավունքից, չի կարող ընդունվել դատական որոշում: Մինչդեռ փաստն առկա է: Եվ քանի որ վճիռը վերաբերում է Բուզանդի փողոցի բնակիչներին, Լարիսա Ալավերդյանն ավելացրեց, որ այս դեպքում առկա է նաեւ երեխաների իրավունքների խախտում:
Սեպտեմբերի 8-ը միջազգային հանրությունը նշում է ՄԱԿ-ի հայտարարած գրագիտության միջազգային օր: Այս առնչությամբ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ միջազգային օրերն ընդհանրապես պետք է նշել Հայաստանում, որպեսզի ինքներս մեզ չմեկուսացնենք միջազգային հանրությունից: Կարեւորելով գրագիտության հարցը, օմբուդսմենն ավելացրեց նաեւ, որ Հայաստանի որոշ գյուղերում կան երեխաներ, որոնք լինելով 8-9 տարեկան, դպրոց չեն հաճախում: Տկն Ալավերդյանը ողջունեց Հայաստանի կառավարության քայլերն այս ուղղությամբ, մասնավորապես անապահով ընտանիքների առաջին դասարանցիներին օժանդակություն ցույց տալու առումով:
Լարիսա Ալավերդյանը խոսեց նաեւ վերջերս Շվեդիա ճանաչողական այցի մասին: Շվեդիան այն երկիրն է, որտեղ առաջին անգամ ձեւավորվել է օմբուդսմենի ինստիտուտը: Եվ քանի որ ընդհանուր առմամբ աշխարհի երկրներում մշակվում եւ իրականացվում է մարդու իրավունքների ոլորտում գործողությունների ազգային ծրագիր, Հայաստանում եւս առաջիկայում կսկսվեն այդ ծրագրի մշակման քննարկումներ: Հետաքրքրական է, որ, ըստ Լարիսա Ալավերդյանի, օմբուդսմենի ինստիտուտը պասսիվ է լինում այդ ծրագրի մշակման գործում, հիմնականում ծրագիրը պատրաստում է երկրի կառավարությունը: