«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2005-09-07 | #160, 2005-09-08 | #161, 2005-09-09


«168 ԺԱՄ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹՆ ԱՐԴԵՆ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է

Լրատվական դաշտը վաղուց գծված-սահմանված է: Երբ որեւէ նոր լրատվամիջոց է հրապարակ գալիսՙ լրագրողներն անմիջապես արձագանքում են. «Ի՞նչ պիտի գրի...»: Ու դժվար է կոտրել թերահավատությունը, հաստատվել այդ դաշտում: «168 ժամ»-ին դա հաջողվեց: Նախ անվանումը հիշվեց, ապաՙ ոճն ու հեղինակներն առանձնացան: Համար առ համար նա ընթերցողներին կապեց իր հետ, գտավ նոր թեմաներ եւ մատուցման ձեւեր, փորձեց անկեղծ լինել: Օրաթերթ լինելը գուցե հեշտ է ավելի, իսկ շաբաթաթերթը չի կարող պարզապես իրադարձությունների արձանագրողը լինել, չի կարող դեպքերի եւ փաստերի հակառակ երեսին չնայել: Եվ այդպես էլ կաՙ թերթն առանձնանում է շաբաթվա իրադարձությունների վերաբերյալ տնտեսական եւ քաղաքական վերլուծություններով, երկրի կյանքում կարեւոր խնդիրների դիտարկումներով: «168 ժամ»-ի ընթերցողն ամեն շաբաթվա վերջում բացելով թերթըՙ գտնում է իր նախընտրած հեղինակներին մշտական էջում, մշտական խորագրերի ներքո, հասարակությանը հուզող տարբեր թեմաների մեջ խորամուխՙ ընթերցողին եւս հրավիրելով ընկերակցել իրենց:

Շնորհավորելով մեր գործընկերներին մեկ տարվա ընթացքում լրատվական դաշտի իրենց անկյունը ստեղծելու համարՙ ցանկանք առավել հավասարակշռված, առավել անաչառ հայացք եւ ստեղծագործական հաջողություններ:

Մեկ տարեկան «168 ժամ»-ինՙ երկար ճանապարհ, հասուն տարիք:

«ԱԶԳ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4