Այսօր լրանում է մաեստրո Օհան Դուրյանի ծննդյան հերթական տարեդարձը (հատկապես կին երկրպագուների համար նշենք, որ Օհան (Հովհաննես) Դուրյանը ծնվել է 1922 թ.): «Ազգ» թերթը եւ ազգը շնորհավորում են մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկինՙ այս հրաշալի օրվա առիթով:
Օհան Դուրյանն ստեղծել է «ունիվերսալիզմ» կոչվող երաժշտական համակարգը: Դրա ռիթմերից կարելի է միլիարդավոր բազմապիսի երաժշտական կոմպոզիցիաներ կերտել մարդկությանը հայտնի երաժշտական բոլոր ոճերում ու ձեւերում: Դուրյանի դիրիժորական արվեստն արտահայտում է խոր եւ հզոր հույզեր, կրքոտ խառնվածք եւ հարուստ երեւակայություն:
Տիրապետելով բազմաթիվ լեզուների, նա տիրապետում է նաեւ բազմաթիվ երաժշտական ոճերի: «Պարտեր.ռու» ինտերնետային հրատարակության տվյալներով, նա ղեկավարել է 110 զանազան նվագախմբեր: Ամստերդամում տպագրված մի մեկնաբանության մեջ նշվում է. «Դիրիժոր Դուրյանը հանճար է»:
Մաեստրոն լսարանին մշտապես սքանչացնում է իր մեկնաբանություններով: Նա դյուրությամբ շփվում է տարբեր նվագախմբերի հետ եւ իր հարուստ նվագացանկի հայտնի եւ անհայտ գործերով ամենուրեք խանդավառություն առաջացնում:
Դուրյանին դասում են Կարայանի, Նիկիչի, Բեռշտայնի, Ստակովսկու հետ միեւնույն շարքում: Բազմաթիվ երկրներում նրան այսօր անվանում են «Արեւելյան Եվրոպայի Տոսկանինի»: Աշխատել է Կոգանի, Օյստրախի, Ռոստրոպովիչի, Սիտկովիցկու, Ցերինգի եւ այլոց հետ:
Ծնվել է Երուսաղեմում, որտեղ էլ կոնսերվատորիայում ուսումնասիրել է կոմպոզիցիա եւ դիրիժորական արվեստ: 1940-ական թթ. սկսած բազմաթիվ ելույթներ է ունեցել Եվրոպայում:
Պ. Ք.