«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2005-09-07 | #160, 2005-09-08 | #161, 2005-09-09


40-ԱՄՅԱ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նորայր Ադալյանն անվանի արձակագիր է, դրամատուրգ, հրապարակախոս ու գրականագետ: Նա անցել է գրական-գեղարվեստական, ստեղծագործական կյանքի 40-ամյա ճանապարհ, թողել հետագիծՙ լայն ճանաչում գտնելով մայր հայրենիքում, սփյուռքահայ գաղթօջախներում: Նրա «Ետ մի՛ նայիր», «Կարկանդակները», «Արագածի ձյուները», «Մենախոսության ժամեր», «Կապույտ Երզնկա», «Թաղման թափոր», «Շոգ ամառ», «Խաղաղ զորանոցներ», «Ընտիր երկեր», «Եփրատ», «Դավայաթաղ», «Համաճարակ», «Տեսիլք», «Փոխակերպություններ», «Կինը եւ տղամարդը», «Ապոկալիպսիս», «Բեմական փորձ», «Մարկոս», «Սովետահայ պատմվածքը», «Քննադատության ժամանակը», «Ճամփաներ եւ ճամփորդներ», «Վահան Թոթովենց», «Սփյուռքի բարեկամիս» եւ այլ խորագրերով գրքերը, որոնցում զետեղված են գրողի ու գրականագետի պատմվածքները, վիպակներն ու վեպերը, դրամատիկական երկերը, գրականագիտական, հրապարակախոսական մենագրություններն ու հոդվածները, զգալի չափով հարստացրել են արդի արձակը, դրամատուրգիան, գրականագիտական ու հրապարակախոսական միտքը, բերել ինքնատիպ ոճեր ու գույներ:

Նորայր Ադալյանի մի քանի գրքեր թարգմանվել ու տարածվել են ռուսերենով: Նրա ստեղծագործությունները հետաքրքրել են շատերին: Ահա թե ինչու Հայաստանի, հայասփյուռ տարբեր գաղթօջախների (Լիբանան, ԱՄՆ, Սիրիա եւ այլն), ռուսալեզու մամուլի բազմաթիվ օրգաններ տարիների հոլովույթում անդրադարձել են Ն. Ադալյանի բազմաժանր ստեղծագործություններին, գրականագիտական ու հրապարակախոսական երկերին, հանգամանորեն քննաբանել ու վերլուծել դրանքՙ մատնանշելով առավել ու թերի կողմերը, լույսերն ու ստվերները: Մամուլն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել Նորայր Ադալյանի ստեղծագործական վաստակը:

Ն. Ադալյանի տարբեր ստեղծագործությունների քննաբանությամբ մամուլում հանդես են եկել անվանի գրողներ, գրականագետներ, թատերագետներ, կինոգետներ, գրաքննադատներ, ժուռնալիստներ, դերասաններ, շարքային ընթերցողներ եւ այլք:

Եվ ահա 64 հեղինակների գրախոսություններն ամփոփվել են 2005 թվականին հրատարակված «Խոսք Նորայր Ադալյանի մասին» 386 էջանոց ժողովածուում, որ տպագրել է Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը:

Իհարկե, գրախոսվող գիրքը չի ներկայացնում Ն. Ադալյանի մասին հրապարակված բոլոր նյութերի ամբողջությունը: Կազմողներըՙ Աննա եւ Նունե Ադալյանները (գրողի դուստրերը), դժվարացել են ի մի բերել մամուլի էջերում սփռված նյութերըՙ համապատասխան հավաքածուների բացակայության պատճառով: Այնուամենայնիվ, դուստրերը խրախուսանքի արժանի գործ են կատարելՙ հոր հետ մնալով հավերժի ճամփաներին:

Ժողովածուի գիտական խմբագիրը բազմաբեղուն ու վաստակաշատ գրականագետ Աելիտա Դոլուխանյանն է:

Գիրքն ունի հետեւյալ բաժիններըՙ «Գեղարվեստական արձակը», «Թատրոնը», «Գրականագիտությունը եւ հրապարակախոսությունը»: Յուրաքանչյուր բաժնում զետեղված են համապատասխան գրախոսություններ, հարցազրույցներ: Կան նաեւ նյութեր, որ հրապարակվում են առաջին անգամ:

Գիրքն ունի նաեւ «Լուսանկարների հավաքածու», «Հոբելյանական», «Այլազան», «կենսամատենագիտություն», «Հեղինակների այբբենական անվանացանկ» բաժինները, որոնք նույնպես հարստացնում են Ն. Ադալյանի 40-ամյա ստեղծագործական ճանապարհի վավերագրությունը:

Գրախոսվող ժողովածուն կազմված է գիտական սկզբունքով. պահպանված է հրապարակված նյութերի ժամանակագրությունը, առանձնացված են Նորայր Ադալյանի գեղարվեստական արձակի, թատերգության, գրականագիտական ու հրապարակախոսական մտքի մասին եղած գրախոսությունները, անջատված են տարբեր հոբելյանների առթիվ գրողի վերաբերյալ տպագրված դիմանկարային բնութագրումները, բարեմաղթանքի ուղերձները, կենսամատենագիտությունը:

Միանգամայն իրավացի է ժողովածուի խմբագիր, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, երբ «Խմբագրի կողմից» խոսքում ընդհանրացնում է. «...Նման գրքերը մեծապես կօգնեն ժամանակակից գրականությամբ զբաղվող գրականագետներինՙ ստեղծելու մեր օրերի նշանավոր գրողների ստեղծագործական, գիտական-մեկնողական ուսումնասիրությունըՙ իրենց թանկ ժամանակը չվատնելով տասնամյակների մամուլը թերթելու աշխատատար հոգսի վրա» (էջ 8):

Հավելենք նաեւ, որ գրախոսվող աշխատությունն ըստ արժանվույն բնութագրում է Նորայր Ադալյանի վաստակը, ներկայացնում նրա գրողական եւ քաղաքացիական կերպարի լավագույն հատկանիշները, նրա ոգորումներն ու միտումները, հայության ու նրա մշակույթի նկատմամբ ունեցած անխառն սերը, մեր ազնիվ ձգտումներն ու երազները, մեր թերություններն ու սխալները:

«Խոսք Նորայր Ադալյանի մասին» գիրքն օգտակար կլինի ո՛չ միայն մասնագետներին, գրողներին, այլեւ բանասեր ուսանողներին, հայոց գրով ու գրականությամբ հետաքրքրվող մարդկանց:

ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4