«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2005-09-07 | #160, 2005-09-08 | #161, 2005-09-09


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԲԱՑՎԻ 83-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ

Սեպտեմբերի 10-ից սկսվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հերթական` 83-րդ թատերաշրջանը:

Այս մասին երեկ հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Թատերաշրջանը, որը նվիրված է «հայ թատրոնի մեծագույն բեմադրիչ, ռեժիսուրայի նահապետ» Վարդան Աճեմյանի 100-ամյակին, ընդգրկում է դրամաներ, տխուր, լիրիկական եւ ողբերգական կատակերգություններ, ինչպես նաեւ 4 պրեմիերաներ` Շիրվանզադեի «Պատվի համար», Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ», Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարներ» եւ ժամանակակից դրամատուրգ Ռուբեն Մարուխյանի «Իմ հին եւ բարի տուն» պիեսները: Թատերաշրջանը կբացվի Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» ներկայացմամբ, իսկ երկրորդը Խորեն Արամունու «Անվերադարձ ապագան» է` Ժան Նշանյանի բեմադրմամբ: Գեղարվեստական ղեկավարի խոսքերով, նշված բեմադրությունը հետաքրքրական է իր պրոբլեմով եւ հարցադրմամբ, քանի որ անդրադառնում է հայրենիքից հեռացած հայերի ճակատագրին:

Մայր թատրոնի մոտակա ծրագրերում Վահե Շահվերդյանը նշեց սեպտեմբերի 18, 19-ին Երեւան ժամանող Վորոնեժի «Գարսիա Լորկա» ազգային թատրոնի մասին: Գեղարվեստական ղեկավարի խոսքերով, մայր թատրոնում աճեմյանական օրերը կսկսվեն նոյեմբերից` Շիրվանզադեի «Պատվի համար» ներկայացմամբ, ինչպես նաեւ կլինի հոբելյանական երեկո, թատրոնի ճեմասրահում կբացվի ցուցահանդես, թատերական ինստիտուտի ուսանողների հետ կկազմակերպվի գիտաժողով: Կան նաեւ այլ ծրագրեր, որոնց իրականացումը կապված է ֆինանսական խնդիրների հետ: Ինչ վերաբերում է հյուրախաղերին, ապա պրն Շահվերդյանի խոսքերով, թատրոնը գոնե մինչեւ հունվարի մեկը զբաղված է:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4