Սեպտեմբերի 12-17-ը Երեւանում կանցկացվի շեքսպիրյան մոնոներկայացումների «Արմմոնո» 3-րդ թատերական միջազգային փառատոնը, որին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Մ. Նահանգների, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Թուրքմենստանի, Իրանի, Լեհաստանի եւ Հայաստանի հանրահայտ դերասանները: Փառատոնը կբացվի Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնումՙ «Տրակտատ թաշկինակի մասին» բեմադրությամբ (գլխավոր դերումՙ Հովհաննես Բաբախանյան, բեմադրիչՙ Հակոբ Ղազանչյան): Հայ դերասաններից հանդես կգան նաեւ Գուժ Մանուկյանըՙ «Վերջի սկիզբը», Կարեն Ջանիբեկյանըՙ «Լիր արքայի հուշերը», Տրդատ Մակարյանըՙ «Ընդմիջումից հետո», Արամ Հովհաննիսյանըՙ «Շայլոկ», Մխիթար Մելքոնյանըՙ «Աշխարհի գերին», Անուշ Փանոսյանըՙ «Ջուլիետ» ներկայացումներով: Բոլոր ներկայացումները բեմադրված են բացառապես Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա կամ մոտիվներով:
Փառատոնի պատվավոր հյուրն է մեծանուն բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, գեղարվեստական ղեկավարըՙ Անջեյ Ժուրովսկին, տնօրենըՙ պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:
Ռ. Պ.