«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2005-09-07 | #160, 2005-09-08 | #161, 2005-09-09


ԱՅՍՕՐ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ ՋՈՏՏՈՅԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

«Լինսի» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվելուց հետո այսօր մայրաքաղաքում կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղըՙ Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարանը:

1979 թ. ստեղծված թանգարանը բավականին մեծացվել է (ավելացվել է կցակառույց), որի շնորհիվ այնտեղ համաշխարհային մշակույթի, մասնավորապես Թիֆլիսի մշակութային միջավայրի, հայ-վրացական մշակութային փոխհարաբերությունների մասին դասախոսություններ կկազմակերպվեն: Այսօր թանգարանը կբացվի «Ափսեի կլոր տարածությունը» ցուցահանդեսով, կցուցադրվեն վրաց եւ թիֆլիսահայ նկարիչների ափսեների վրա կատարած հորինվածքները: Վրաց ժամանակակից գեղանկարիչներն ազգային գեղանկարչական դպրոցի ձեւական տարրերի կիրառմամբ նկարազարդել եւ հարստացրել են ափսեի դատարկ տարածությունը: Սա արվեստի մի տեսակ է, որը գոյություն է ունեցել տարբեր ժամանակներում եւ ժամանակակից հնչողության հասել Խորհրդային Միության առաջին տարիներին:

Ջոտտոն սովորել է Կովկասյան բարեգործական ընկերության գեղարվեստի դպրոցում, աշակերտել է Եղիշե Թադեւոսյանին, Մոսկվայի ՎԽՈՒՏԵՄԱՍ կոչված համամիութենական արվեստանոցում սովորել է ճարտարապետ Վենսինի եւ նկարչուհի Լյուդմիլա Պոպովայի մոտ:

Ջոտտոյի 20-ական թթ. աշխատանքները բարձր են գնահատել Ա. Լունաչարսկին, արվեստաբան Տուգենխոլդը: Ջոտտոն հատկապես մեծ ուշադրության արժանացավ, երբ 1960-ական թթ. սկզբին Թբիլիսիից փոխադրվեց Երեւան: Այս ընթացքում երեւանյան նրա բնակարան եւ արվեստանոց այցելեցին Խորհրդային Միության ամենաառաջադեմ գիտնականներն ու մշակութային գործիչներըՙ Անդրեյ Սախարովը, Յուրի Լոտմանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Եվգենի Եվտուշենկոն, Լեոնիդ Ենգիբարովը, Արսենի Գուլիջան, Գեորգի Բոյաջիեւը եւ ուրիշներ:

Ջոտտո-Գրիգորյանը խորհրդային շրջանի այն հազվագյուտ նկարիչներից էր, որոնք չէին հրաժարվում իրենց արվեստի սկզբունքներից, այն երեք նկարիչներից մեկը, որի ցուցահանդեսը բացվեց Մոսկվայի Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտի մշակույթի տանը: Ջոտտոյի «Սգում են առաջնորդի մահը» գործը (գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում) ճանաչված է իբրեւ իր ժամանակաշրջանի լավագույն գեղանկարչական ստեղծագործություններից մեկը: Երեւանյան շրջանում Ջոտտոյի ստեղծած «Կոմիտաս», «Վարդանանք», եղեռնին նվիրված գեղանկարները նույնպես արվեստասերները բարձր են գնահատել:

«Ջոտտոն չէր պատկերացնում, որ կարելի է նկարը վաճառել: Նա չգիտեր, որ 60-ական թթ. Եվրոպայի նշանավոր սոցիոլոգներից մեկն արդեն ասել էր, որ պատկերասրահը մշակութային արժեքները ֆինանսական արժեքի վերածող հաստատություն է: Իր այս հոգեւոր զգացողությամբ Ջոտտոն գրավել է ամենատարբեր մակարդակի այցելուների, ասում է թանգարանի տնօրեն Մարտին Միքայելյանը: Մարդկայնության (որը էսթետիկական կատեգորիաների մեջ գոյություն չունի եւ կյանքում էլ առանձնապես չի գնահատվում) շնորհիվ նրա կտավների առջեւ մաքրության, գեղեցկության, նույնիսկ ազատության մասին թեկուզ մի պահ մտորել են ժամանակի լուսավոր, ազատամիտ անհատները»:

Բացի Ջոտտոյի աշխատանքներից, թանգարանում ցուցադրվում են նաեւ Վրաստանի պատվո շքանշանի ասպետ, Ջոտտոյի կյանքի երկարամյա ընկեր, նկարչուհի եւ բանաստեղծուհի Դիանա Ուկլեբայի գեղանկարները:

Ա. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4