Խաչբառ լրացնելը դարձել է մշակույթի հետ հարաբերվելու միակ ձեւ: Անշարժությունից ոտքի տեղ ուղեղն է թմրում: Սրբերի կերպարանքով տղամարդիկ տմբտմբացնում են մորուքները, մորուք չունեցողները բոցավառ ճառերի արանքում քթի վրա ուղիղ կանգնած ակնոցն են ուղղում, ակնոց չունեցողները նյարդային պտտեցնում են ճկույթին հագցրած ծանր մատանիները` երեք ազնիվ քարով:
Ահա այսպես: Ոչխարների եւ գայլերի միաժամանակյա կշտության անհրաժեշտությունից խոսողները ցատկոտում են խմբից խումբ` ձայները որքան հնարավոր է պիղատոսավարի արտաբերելով, իրենց մեջ նստած կայեններին կոծկելու գերմարդկային ճիգով:
Այսպես` տասը տարի:
Փողոցի փոշու մեջ թաթախվում են չկայացած շլիմանները` կծող շան տեսքով, բայց հարվածող ոտքի կամ փայտի ստվերից պուկ փախչելու պատրաստ: Քաջությունն ու վախկոտությունը հոմանիշներ են, ոչ մի լեզվաբան չի կարող հակառակն ապացուցել: Կլեոպատրա խաղացող աղջիկները, բողկ ծախողի պես, իրենց վրադիրով են առաջարկում` հանկարծ ու կենտ «կլիենտը» չնկատի ստվերում հերթի շարվածներին: Ժավելի «բիզնեսը» կիրակի առավոտները ողջ շաբաթ տքնաջան աշխատածներին չի թողնում մի լավ քնել: «Ժավե՜լ, ավե՜լ, թարմը ձուկ», բղավում են բակերում` նարդու շրխկոցին փոխընդմեջ:
Քավության նոխազների ինստիտուտը ծաղկում է ապրում եւ արագ «պրոդուկտ» տալիս` անունների պակաս չկա: Ամեն փոքրիկ ժամանակ իր քավության նոխազի բովանդակությամբ է լցված, մնացածները գլուխները կախ իրենց բանին: Երկու-երեք տարվա ճշտությամբ գուշակվում են նոխազացուներըՙ փողոցի մուրացկանների մակարդակով անգամ: Նոխազացու պատրաստելը դժվար գործ է` պետականության «կերտմանը» համարժեք: Բայց նոխազները չեն հավատում` մինչեւ հետդարձի անհնարինություն: Գլխի վրա գցվում են, որովհետեւ դպրոցում ձգողության օրենքը վատ են սովորել. հայի ֆենոմենը հենց դրա մեջ է` չի հավատա, մինչեւ ատամով չկծի ու լեզվով չփորձի:
Առավոտյան կուռք սարքելն ու երեկոյան կուռք ջարդելը դարձել է ազգային զբաղմունք: Պահմտոցին նույնպես մշտապես օրակարգում է`այդ խաղի նկատմամբ հայ տղամարդկանց հակումը մանկության տարիներին հագուրդ չի ստացել եւ զգացնել է տալիս հասուն տարիքում: Քաղաքական թատրոնը կյանքի անբաժան մասն է այլեւս, առանց որի ազգս չի կարող գոյատեւել: Կաշառակերության մասին խոսվում է միայն անցյալ ժամանակով, ներկաներին քննադատելը անբարոյական է, նախկիններին (պաշտոնյաներին) քննադատելը` օրինաչափ եւ պարտադիր: Պաշտոնյայի կաշառակերություն կարելի է մատնացույց անել միայն նրա պաշտոնանկությունից հետո, այն էլ ոչ միշտ, հակառակն անախորժ է` մինչեւ ֆիզիկական ոչնչացում:
Գրողներն անցել են ձեռագիր մատյանների. փողատերերը վատ երազ տեսնողի իրենց զառանցանքները` վերջին տնքոցն անգամ ափսոսալով դուրս թողնել, տպագիր կազմերով շարում են կաղնուց, մայրուց, էլ ինչ գիտեմՙ էվկալիպտից սեղաններինՙ որպես ժամանակի իգության հուշարձան: Գրող բժիշկներ եւ գիշերային պահակներ, հաղորդում վարող բարմեններ, պոետ կառավարիչներ. ժամանակն, ասում են, կոչվում է անցում: Տասնհինգ տարի անցնում ենք գետը` կամրջի կոտրվելու միտքն անտես անելով:
Ամեն օր Հայաստան կոչվող բնակավայրը, առանց մի վերջին անգամ Մասիսին նայելու, լքում է մի քանի երեխա: Երեք եւ չորս տարեկան աշոցքցի քույր ու եղբայր առաջին անգամ Երեւան եկան, Երեւան-Էջմիածին մայրուղով անցնելիս իրար բոթեցին ու մատով ավտոբուսի պատուհանից ցույց տվեցին անվրդով-սպիտակ փայլող սարը առաջին ու վերջին անգամ, հետո իջան օդանավակայանում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ