«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2005-09-07 | #160, 2005-09-08 | #161, 2005-09-09


ՊԱՐԳԵՎՆԵՐ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ

Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել միջազգային մրցաշարերում հաջողության հասած հայ մարզիկներին դրամական պարգեւների արժանացնելը: Երեկ ՀՀ սպորտպետկոմում դրամական մրցանակներ հանձնվեցին ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների անդամներին, նրանց մարզիչներին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դրամական պարգեւներ հանձնեց պատանիների աշխարհի չեմպիոն Օհան Թիքինյանին, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Ենոքյանին, Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Առաքելյանին, երիտասարդական եւ պատանեկան հավաքականների գլխավոր մարզիչներ Արայիկ Բաղդատյանին, Էդուարդ Թունյանին, մարզիչ Արամ Խանզադյանին, հունահռոմեական ոճի ըմբիշներՙ Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր Ռոմիկ Ստեփանյանին, բրոնզե մեդալակիր Տիգրան Գեւորգյանին, հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանին, մարզիչ Վարուժան Աղաբաբյանին:

Պարգեւատրվեցին նաեւ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արծաթե մեդալ նվաճած Աբաս Ջնդոյանը, բրոնզե մեդալակիր Պարգեւ Խաչատրյանը, մարզիչներ Արթուր Թովմասյանը, Արամ Գասպարյանը, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Շավիղ Գեւորգյանը եւ բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը, հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը, մարզիչներ Անդրանիկ Գեւորգյանը, Ռուբեն Գրիգորյանը, ինչպես նաեւ Հայաստանի սպորտի պետական կոմիտեի ըմբշամարտի պետական մարզիչ Լեւոն Վարդանյանը, միջազգային կարգի մրցավարներ Սամվել Հարությունյանը եւ Գեւորգ Ալեքսանյանը, թիմերի բժիշկները, գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Ռաֆայել Թորոյանը: Մրցանակների արժանացան նաեւ այլ մարզիկներ եւ մարզիչներ:

Շնորհավորելով մարզիկներին եւ մարզիչներին, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ յուրաքանչյուր մարզական հաջողություն համապատասխան արձագանք է գտնելու ԱՕԿ-ի, կառավարության եւ պետական մարզական կառույցների կողմից: Նա շեշտեց, որ դրա համար ամեն ինչ արվում է. շուտով շահագործման կհանձնվեն վերանորոգված մարզասրահները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4