«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2005-09-07 | #160, 2005-09-08 | #161, 2005-09-09


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՑ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փոփոխությունների մասին իր տեսակետներն է հայտնում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը

Դեռ չի լրացել հարյուր օրը, ինչ 34-ամյա դատավոր, տնտեսական դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը պաշտոնավարում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի աթոռին: Սակայն մեկ-երկու ամիսն էլ բավական եղավ, որ Հ. Մանուկյանը կողմնորոշվի իր նոր պարտականությունների ու իրավունքների հարցում: Մեր զրույցի սկզբում Հ. Մանուկյանը նշեց, որ ինքը գերադասում է դժվարին, քան հանգիստ աշխատանքային պայմաններ: Այդ պատճառով մի տեսակ սպորտային հետաքրքրությամբ ընդունեց ՀՀ նախագահի կողմից պաշտոնական իր նոր նշանակումը:

- Պարոն Մանուկյան, վճռաբեկ դատարանի շենքն արդեն կրում է նոր ղեկավարի գործունեության, այն է` շինարարական փոփոխությունների դրոշմը: Փոփոխությունները շինարարությունի՞ց եք սկսել:

- Ավելի կոնկրետ` զուգարաններից: Քանի որ շենքի շահագործման պահից մինչեւ այսօրՙ քառորդ դարից ավելի, շենքի զուգարանները չեն վերանորոգվել: Մինչդեռ, եթե աշխատանքի կարեւորությունն ու արժանապատիվ լինելը հասկանում ես, պետք է աշխատանքային պայմանները համապատասխանեցնես աշխատանքի կարեւորության աստիճանին: Չես կարող արժանապատվորեն աշխատել, եթե արժանապատիվ չեն աշխատանքային պայմանները, այդ թվում նաեւ զուգարանը:

- Բացի զուգարանները արժանապատիվ տեսքի բերելուց, ուրիշ ի՞նչ խնդիրներ եք կարեւորում այս պաշտոնում ընտրվելուց ի վեր: Որո՞նք են դրանց լուծման ուղիները:

- Արվելիք աշխատանքի ահռելի ծավալ կա, գործունեության ոլորտը շատ լայն է, շենքային պայմաններից մինչեւ դատավարական ու դատարանակազմական խնդիրները:

Հիմնական խնդիրն եմ համարում դատարանի անկախացումը, առանց որի մեր երկիրը լուրջ առաջընթաց չի արձանագրելու: Իսկ դատարանը կանկախանա միայն այն ժամանակ, երբ դատավորն ինքը անկախ ու արժանապատիվ աշխատանքի բոլոր պայմանները կունենաՙ սկսած աշխատավարձից, աշխատանքային պայմաններից մինչեւ կարգավիճակային խնդիրների լուծում, մասնավորապես դատավորի անձեռնմխելիության հարցը: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն մտքի վրա, որ անկախ դատավոր ունենալու իրավունքը դեռ պետք է նվաճենք: Դրա համար թող առանձին մարդիկ վայնասուն չբարձրացնեն, ասելով, թե ինչո՞ւ է դատավորի աշխատավարձը տասնապատիկ բարձրացվում: Պետք է հասկանանք, որ եթե ոչ այս երկու տարում, ապա տասը տարի անց այդ պետական ռեսուրսը (աշխատավարձի տեսքով) հատուցելի կդառնա հասարակության համարՙ արդարադատության կայացմամբ: Միաժամանակ դատավորը պետք է պարտավորվի նաեւ հրապարակավ կամ քրեական հետապնդման մարմիններին հայտարարություն տալ իրեն ճնշելու կամ իր գործին միջամտելու մասին: Հակառակ դեպքում նա եւս պետք է հատուկ պատժամիջոցների ենթարկվիՙ ե՛ւ քրեական, ե՛ւ վարչական:

- Դուք հավատո՞ւմ եք, որ կգա այդպիսի օր:

- Եթե չհավատայի, չէի աշխատի այստեղ:

- Դատաիրավական համակարգի ի՞նչ հաջողված փորձ կա աշխարհում:

- Նախ դատական նախադեպի կիրառում կոչվող մեթոդի մասին: Այն կամաց-կամաց փորձելու ենք կիրառել մեր իրավունքում եւ դատական համակարգում: Կարծում եմ, որ առաջիկա օրենքների մշակումների ընթացքում նախադեպային իրավունքի տարրեր պետք է կյանքի կոչենք:

Բացի այդ, միջազգային պրակտիկան թույլ է տալիս մեզ ճիշտ բաշխել արդարադատության բեռը դատական ատյանների վրա: Մեր երկրում դատական եռաստիճան համակարգի տրամաբանությունը խախտված է, որովհետեւ նսեմացված է առաջին ատյանի դերը, քանի որ կողմերը այդ ատյանին լուրջ չեն վերաբերվում եւ շատ հաճախ հիմնական հակափաստարկները պահում են վերաքննիչ դատարանի համար: Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանը դառնում է առաջին ատյանի դատարանի գործը մի քիչ ավելի աշխույժ կրկնող ատյան: Սա անթույլատրելի երեւույթ է: Կարծում եմ, որ պետք է բեռնաթափել վերաքննիչ դատարանները լուրջ տուրքերի եւ այլ օրինական սահմանափակումների միջոցով: Վերանայող դատարանը շատ ծանրաբեռնված դատարան չի կարող լինել, որովհետեւ պետք է ավելի լուրջ դատական ակտեր ընդունի եւ «թողարկի»:

- Ո՞վ եւ ինչպե՞ս պետք է որոշի տվյալ գործի լրջության կամ կարեւորության աստիճանը:

- Լրջությունը եւ կարեւորությունը պետք է սահմանազատել քաղաքացիական գործերումՙ ըստ հայցադիմումի պահանջի, քրեականումՙ ըստ քրեական հանցատեսակի: Վերաքննիչը պետք է լինի մեր երկրի դեպի արդարադատություն տանող ճանապարհի վերջին եւ ավարտուն օղակը: Իսկ վճռաբեկ դատարանին գործառույթն, ըստ իս, արդարադատության միատեսակության ապահովումն է, օրենքների ճիշտ, միատեսակ կիրառությունը, իրավունքի զարգացումը: Այս առումով եթե որեւէ գործ նպաստում է այս նպատակներից որեւէ մեկին, ապա վճռաբեկը պարտավոր է քննել այդ գործը, եթե ոչՙ ապա արդարադատությունն արդեն իրականացված պետք է համարվի վերաքննիչ դատարանի մակարդակով: Ինչպես նաեւ, կարծում եմ, այն դրույթը, որ վերջինիս վճիռները ուժի մեջ են մտնում կայացման պահից, պետք է վերականգնել:

- Հայտնի է, որ դատավորներին նշանակում է ՀՀ նախագահը: Ի՞նչ չափորոշիչներով են որոշվում վճռաբեկ դատարանի դատավորները: Դուք կարո՞ղ եք ազդել նրա որոշման կայացման վրա, այլ կերպ ասած, ո՞վ է դատավորի թեկնածության երաշխավորը:

- Ցավոք սրտի, համապատասխան գործող օրենքը թերի է եւ անկատար: Արդյունքում որեւէ մեկը երաշխավոր չէ նշանակված դատավորի գործունեության համար: Ընդհանրապես, երաշխավորված կարելի է համարել այն համակարգը, որի բոլոր կառույցները գործում են բալանսավորված եւ ճիշտ արդյունավետ մեխանիզմներով:

- Ինչպե՞ս եք պատկերացնում կոռուպցիայի կանխարգելումը վճռաբեկ դատարանում:

- Վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն խորհրդի նիստում խնդրել եմ հետաձգել դատական համակարգում հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի իրականացման քննարկումը (ի դեպ, տվյալ փաստաթուղթը հեղինակել է դատարանների նախագահների խորհուրդը, որի նախագահը եւս Հ. Մանուկյանն է- Ս. Մ.): Ես այդ ծրագիրը համարում եմ անարդյունավետ փաստաթուղթ: Իմ առաջարկությամբ այն հանվել է քննարկումից: Ես ժամանակ եմ խնդրել մշակելու հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիր, որը խորհրդին պետք է ներկայացնեմ հոկտեմբերի մեկին: Կարծում եմ, որ շատ ավելի կարեւոր է ապահովել դատավորի անկախությունը հակակոռուպցիոն տեսակետից, քան մի-երկու դատավորի ձերբակալել, քրեական գործ հարուցել դատավորի նկատմամբ կամ դատապարտել նրան: Հավատացեք, որեւէ դատավորի ձերբակալություն կամ դատապարտում կոռուպցիան չի կանխարգելելու, այլ առավել դժվար բացահայտելի է դարձնելու:

- Ուրիշ ի՞նչ ներդրումներ ու նորամուծություններ եք ենթադրում Ձեր պաշտոնավարության ընթացքում:

- Բացի դատարանների հիերարխիայի վերանայումից, հաջորդ էական փոփոխությունն եմ համարում դատարանների նախագահների խորհրդի ցրումը, քանի որ այն արդյունավետ չի գործում: Ես կարծում եմ, որ մենք հենվելով արտասահմանյան երկրների փորձի վրա, պետք է ստեղծենք ՀՀ բոլոր դատարանների ժողով հասկացությունը, որն ինքնակառավարման բարձրագույն մարմինը կլինի: Քանի որ այն մեծաքանակ եւ ոչ այնքան ճկուն մարմին է, պետք է ստեղծել նաեւ մի կորիզ խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն բոլոր դատարանները: Այս խորհուրդը կլինի մշտապես գործող մարմին եւ կունենա ճյուղային հանձնաժողովներ` ըստ դատական համակարգի առանձին ոլորտների, որոնք էլ կներկայացնեն խորհրդի նիստերի քննարկման առարկա հարցերը: Խորհրդի գործունեությունը ղեկավարելու է վճռաբեկ դատարանի նախագահը: Հաջորդ խնդիրը դատարանական աշխատակազմերն են, որոնց համարում եմ շատ անարդյունավետ: Կարծում եմ, որ դրանք պետք է միավորել հանրապետական նշանակության դատական դեպարտամենտում, որպես դատարանների ֆինանսական, տեխնիկական եւ այլ բնույթի գործնական աջակցության մարմին: Այս աշխատակազմը պետք է ապահովի դատարաններինՙ սկսած թուղթ ու գրչից, վերջացրած դատական ատյանների բնական գործունեության ապահովումը: Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում այս դեպարտամենտի ղեկավարն ունի նախարարի կարգավիճակ: Դատարանի նախագահի գիտելիքներն ու էներգիան օգտագործել ֆինանսական ինչ-ինչ թղթեր ստորագրելու կամ բյուջետային ֆինանսական միջոցներ հայթայթելու համար, ողջամիտ չէ: Հաջորդ խնդիրը դատավորների աշխատավարձերի էական բարձրացման (որը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը) եւ դատական դպրոցի ստեղծման խնդիրներն են:

- Ձեր նորամուծությունների ճանապարհին հավանաբար կունենաք բազմաթիվ ընդդիմախոսներ:

- Իհարկե, ունենալու ենք, բոլոր նրանք, ում ձեռնտու չեն այս փոփոխությունները, մեր դեմ են կանգնելու:

- Ինչո՞վ կցանկանայիք ավարտել մեր զրույցը, որը կարծես թե ոչ միայն վճռաբեկ դատարանի, այլեւ ողջ դատաիրավական համակարգի մասին ստացվեց:

- Կկամենայի նշել, որ հասարակությունը պետք է հասկանա համակարգի կարեւորությունը, ապա թե ոչ` պետական ատյանները, այսպես ասեմ, ստիպված չեն լինելու հասկանալ:

Զրուցեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հետ ծավալուն զրույցից ընդամենը մի հատված տպագրելով ակնկալում ենք ոլորտի խնդիրներով մտահոգ մասնագետների հակիրճ արձագանքը: Չէ՞ որ իրավական ոլորտի խնդիրներն ու նրանց ՙհասարակության համար շահեկան լուծումները բոլոր իրավաբանների խղճին է թողնված: Այս առումով նրանց գործնական արձագանքը ողջունելի է, ինչպես «Ազգ»-ի, այնպես էլ մեր զրուցակցի կողմից: Համենայն դեպս, վճռաբեկ դատարանի նախագահն իր կոլեգաների կարծիքը լսելու պատրաստակամություն է հայտնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4