Շաբաթներ առաջ «Ազգ» օրաթերթըՙ հիմնվելով Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի «Կոսմոլոգիա» խմբի եւ ամերիկյան SBSI ինկորպորացիայի նախագահ Դ. Քեյզերի հղած էլեկտրոնային նամակների, նրանց հետ ունեցած զրույցների եւ մեզ տրամադրած համապատասխան փաստաթղթերի եւ գրությունների վրա, հրապարակեց «Եվրոպական ինտեգրացման հայկական մի տարբերակ» հոդվածը (օգոստոսի 17), որը վերաբերում էր հայ-ամերիկյան գիտատեխնիկական մի ծրագրին առնչվող ֆինանսական խնդրին: Հիշեցնենք, որ Հայաստանում արբանյակային կայանի եւ տիեզերական դիտակի նախագծի ուսումնասիրման համաձայնագիրըՙ ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի եւ գլխավոր հետազոտող Վահագն Գուրզադյանի ստորագրությամբ կնքվել էր 2003-ին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի «Կոսմոլոգիա» խմբի ու ԱՄՆ առեւտրի եւ զարգացման գործակալության (USTDA) միջեւ: «Կոսմոլոգիան», համաձայն պայմանագրի, մրցութային կարգով ունեցավ ամերիկյան գործընկեր կազմակերպություն («Սքայ Բրոդբենդ», SBSI), որը (իբրեւ կապալառու) ֆինանսների փոխանցման համար պայմանագիր է կնքել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ (իբրեւ ենթակապալառուի):
Մեկ տարի կանոնավոր աշխատելուց հետո ծրագիրը դադարեցրել էր գործունեությունը, ֆինանսավորումն իրականացնող «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից գումարների տրամադրումը չշարունակելու պատճառով: «Կոսմոլոգիայի» գործընկեր ամերիկյան SBSI ընկերությանՙ դրամաշնորհային մնացորդ շուրջ 102.000 ԱՄՆ դոլարը վերադարձնելու պահանջը «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպությունը չէր կատարում տարբեր պատճառներով (մինչ այդ ամերիկյան ընկերությունը դադարեցրել էր իր հարաբերությունը այդ ՀԿ-ի հետ): Երկարատեւ նամակագրությամբ հարցի բավարարում չստանալովՙ SBSI նախագահը օգոստոսի 21-ին հատուկ այդ նպատակով ժամանեց Երեւանՙ հանդիպելու ՀԿ)ի ներկայացուցիչների հետ, որը չիրականացավ: «Ազգի» խմբագրությունում նրա հետ մեր ունեցած զրույցը տպագրվեց թերթի օգոստոսի 23-ի համարում:
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանն իր տեսակետները եւ պարզաբանումները ներկայացրեց հարցի առնչությամբՙ նաեւ ոչ էական այնպիսի մանրամասներով, որ հարկ եղավ խնդրել անդրադառնալու հարցի բուն էությանը, այն էՙ ինչո՞ւ չի վերադարձվում ամերիկյան SBSI պատկանող շուրջ 102.000 դոլարը:
«Մեր դիրքորոշումը հետեւյալն է, ասաց պրն Բեքարյանը, այդ գումարները Մ. Նահանգների կառավարությանն են ենթակա, գումարները պետք է ծախսվեին ծրագրի նպատակներով, անհասկանալի էր նրանց խնայման պատճառները, օրինական հիմքերի առկայության բացակայության պայմաններում նման կարգի գումարի գործարք «Ինտեգրացիան» ուղղակի չէր անի:
«Եվրոպական ինտեգրացիան» հանդիսացել է ամերիկյան «Սքայ Բրոդբենդ» կազմակերպության ենթակապալառու: Ինքըՙ կապալառուն («Սքայը»), ունի ֆիքսված ժամկետ իր իրավասություններում, որից հետո իրավասությունը պատկանում է գրանտ տրամադրողինՙ USTDA-ին:
Գումարի հետ պահանջման համար մենք դնում ենք հստակ պահանջՙ պայմանագրային ժամկետը, որից հետո ոչ պետական մարմինը կորցնում է իր իրավասությունը»: Այսինքնՙ ՀԿ-ն պահանջում է ամերիկյան կառավարությանՙ գումարի վերադարձման հանձնարարությունը: Մինչդեռ, մեր ունեցած տվյալներով, ծրագիրը շարունակվելու է, եւ, մյուս կողմից, USTDA-ի Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանային տնօրենի նամակը շեշտում է, որ USTDA-ը մաս չի կազմում պայմանագրին, հետեւաբար չի կարող առնչվել ծագած վեճին:
Ըստ Բեքարյանի, կազմակերպությունն իր դիրքորոշման մասին տեղեկացրել է ե՛ւ ԱՄՆ դեսպանատանը, ե՛ւ USTDA-ին ու ցայսօր չի ստացել գումարի փոխանցման հանձնարարական եւ ոչ մի հստակ պատասխան, որի պատճառն, ըստ ՀԿ-ի նախագահի ենթադրության, ամերիկյան կողմին թյուրիմացության մեջ գցելն է:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ «Ազգի» հրապարակմանը, քանի որ օրաթերթն է պատճառ դարձել հարցի հրապարակայնացմանը, մի բան, որ «Եվրոպական ինտեգրացիան» նախապես չի արել, իբր հաշվի առնելով երկու հանգամանքՙ հարցի լուծման իրավական ճանապարհը եւ անվանի հայ գիտնականի հեղինակությունը: «Ազգի» հոդվածը դիտվեց կազմակերպության հասցեին «առանց որեւէ հիմքի ցեխ շպրտող» միակողմանի հրապարակում, մանավանդ որ, ըստ պրն Բեքարյանի, «անհարկի 5-7 օր ձգելուց» հետո խմբագրությունը հրաժարվել է տպագրել 2-րդ կողմի տեսակետը: Մինչդեռ մամուլի օրենքի համաձայն թերթը սահմանված ժամկետում նամակ է հղել կազմակերպությանըՙ հիմնավորելով տպագրության մերժումըՙ դարձյալ ելնելով մամուլի օրենքիցՙ հավելելով, որ «պատրաստակամ ենք ուշադրությամբ ծանոթանալու եւ ՀՀ զանգվածային լրատվության մասին օրենքի տրամադրություններին համապատասխան ընթացք տալու ձեր հետագա գրություններին, եթե այդպիսիք լինեն»:
Եվ քանի որ հնչեց նաեւ, որ «ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրող շատ մարմիններինՙ գումարի նկատմամբ ինչ-որ ակնկալիքներ երեւի ունեցող, «Ազգն» ուղղակիորեն միացավ» արտահայտությունը, նկատենք, որ խնդրո առարկա գիտական ծրագրին հնարավորինս ընդհանուր ծանոթությունը մեր կողմից ընկալվել է իբրեւ Հայաստանի համար ոչ միայն գիտատեխնիկական-տնտեսական, նաեւ ստրատեգիական նշանակությամբ, որը նպաստելու էր մեր երկրի միջազգային հեղինակությանը: Մեզ անհասկանալի էր նման ծրագրի կասեցման միտումը, որը կարելի է համարել նաեւ իբրեւ գիտական սաբոտաժ: Ուստի մեր հրապարակման միակ շարժառիթը եւ մտահոգությունը բացառապես եղել են երկրի հեղինակության եւ ծրագրի կասեցման խնդիրները:
«Ազգի» տեղեկություններովՙ ամերիկյան SBSI ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան: Եվ եթե ՀԿ-ն հարցը չի հրապարակայնացրելՙ ընտրելով իրավական լուծումը, «Ազգն» էլ պատեհ առիթից օգտվելով, երբ առաջարկեց Քեյզերի եւ կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը խմբագրությունում եւ վերջիններիս կողմից մերժում ստացավ, նպատակ ուներ օգնելու հարցիՙ արտադատական ճանապարհով լուծմանը:
Մամուլի ասուլիսի ավարտին Կ. Բեքարյանն արեց կազմակերպության հայտարարությունը, որում ասված է, որ «Եվրոպական ինտեգրացիան» սպասարկող բանկից ձեռք է բերել «Ցպահանջ մուրհակ»ՙ ամերիկյան կառավարության (ի դեմս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության) անունով», որով «կազմակերպությունը գումարի տնօրինման հնարավորությունը լիարժեք ձեւով հանձնում է միայն ու միայն ԱՄՆ դեսպանատանը»:
Մեր տպավորությամբ, պրն Բեքարյանը շարունակում է գումարի վերադարձը ձգձգելու քաղաքականությունը: Որովհետեւ ոչ ոք չի կարող վստահ լինել, թե ԱՄՆ դեսպանատունը ընթացք կտա մուրհակն ընդունելու առաջարկին: Այս բոլորի մեջ դրականն այն է, որ ամերիկյան դրամաշնորհային մնացորդ գումարն առկա է բանկում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ