Միասնական ֆինանսական վերահսկողության համակարգի ձեւավորման արդյունքում
Կառավարությունը, երեկ, ի լրումն ավելի վաղ հաստատած «Ֆինանսական համակարգի միավորված վերահսկողության հայեցակարգի», հաստատեց նման համակարգի ստեղծմանն անհրաժեշտ օրենսդրական փաստաթղթերի փաթեթը: Այն լրագրողներին ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:
ԿԲ նախագահը անդրադառնալով այդ փաթեթին, թվարկեց միասնական ֆինանսական վերահսկողությանն անցնելու առավելությունները: Դրանք ենՙ ֆինանսական կոնգլոմերատների միասնական ռիսկերի ավելի արդյունավետ վերահսկողություն, կարգավորման ճկունություն, ապակենտրոնացված վերահսկողության վերացում, վարչական ծախսերի կրճատում եւ ֆինանսական շուկայում վերահսկողական մի քանի կառույցների գործունեության դադարեցում, բարելավված հաշվետվություններ եւ փոխկապակցված ռիսկերի բացահայտման հնարավորություններ եւ այլն: Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, ավելի դյուրին է ստեղծել մեկ մարմին եւ ապահովել նրա անկախությունը, քան դա անել մի քանի կառույցների համար: Նա հայտնեց, որ արժեթղթերի շուկան եւ ապահովագրական ոլորտը դեռ թույլ են զարգացած, այդ պատճառով արժեթղթերի պետական հանձնաժողովի եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժնի բոլոր վերահսկողական գործառույթները կտեղափոխվեն Կենտրոնական բանկ:
Համաձայն ներկայացված փաթեթի, փոփոխություններ կկատարվեն «Կենտրոնական բանկի մասին» «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Արժեթղթերի կարգավորման մասին» եւ այլ օրենքներում: Ընդ որում, օրենսդրական փոփոխությունները կառավարությունը համարել է առաջնահերթ, եւ դրանք պետք է քննարկվեն արագացված գործընթացով: Դրանք պետք է պատրաստ լինեն մինչեւ 2006 թ.-ը:
Այն հարցին, թե ինչպե՞ս է ապահովվելու մեկ կառույցի անկախությունը, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ վերասհսկողություն իրականացնող մարմինները պետք է անկախ լինեն գործադիր մարմնից: Ներկայումս արժեթղթերի պետական հանձնաժողովը եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժինը ֆինանսավորվում են բյուջեից: Այսուհետեւ դրանք դուրս կբերվեն այդ ֆինանսավորումից եւ կմտցվեն Կենտրոնական բանկի ֆինանսավորման մեջ: «Արժեթղթերի հանձնաժողովը լուծարվելու է, եւ դա ամրագրված է հայեցակարգով», ընդգծեց Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի՞ ազդեցություն կունենա տարեկան գնաճի վրա բենզինի գների աճը, ԿԲ նախագահը նշեց, որ վառելիքի գների թանկացումը, ճիշտ է, ոչ անմիջապես, բայց կարող է իր ազդեցություն ունենալ բոլոր ապրանքների գների վրա, եթե այդ թանկացումը լինի երկարաժամկետ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ