«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2005-09-07 | #160, 2005-09-08 | #161, 2005-09-09


Ի՜ՆՉ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՄԵԶ ԽԱԲՈՒՄ

Ամեն առավոտ, ժամը 9-ից սկսած, կենտրոնական փոստի շենքի (Սարյան 22) մուտքն ու աստիճանները գրավվում ենՙ մոդայիկ բառովՙ դիլերների, իրականումՙ վերավաճառողների բազմության եւ նրանց հաճախորդների կողմից: Առաջինները վաճառում, իսկ մյուսները գնում են «Արմենտելի» բջջային իզի քարտեր: Իսկական սեւ շուկա, որտեղ վերավաճառողներն իրար ձեռքից փախցնում են հաճախորդներին: Իզի քարտերը վերջիններին առաջարկվում են 20-70 հազար դրամով, նայածՙ համարի «թույնության» աստիճանի: Իրար գլխի հավաքված եւ անգամ գետնին շարված հարյուրավոր իզիները վաճառվում են իսկույն, տեղը զիջելով պարկում մնացածներին: Եվ սաՙ հակառակ «Արմենտելի» բազմիցս արած պնդումներին, թե, իբր, վերավաճառողների նկատմամբ խիստ հսկողություն է սահմանված եւ, իբր, միայն հատուկ հայտեր ներկայացրածներին է տրվելու իզի քարտ:

Եվ իրոք, «Արմենտելի» ինչի՞ն է պետք հսկողություն սահմանել: Բջջային կապի տենդը շարունակվում է երկրում, հայերը, մանավանդ երիտասարդները, անմիտ ու սնափառ ազգ են, մոդայիկ երեւալու համար կարող են քարտերն իրական արժեքից 10 անգամ ավելիով գնել, որպեսզի հետ չմնան ուրիշներից, «նախանձից տրաքացնել» ուրիշներին: Մինչդեռ «Արմենտելը» կարող է, առանց էական ներդրումների եւ հաղորդիչ կայանների ու սարքավորումների համալրման, պարզապես 158 մլն դրամ տուգանք վճարելով պետությանը, կողոպտել սպառողներինՙ օգտվելով նրանց դատարկամտությունից:

Այնինչ 3-4 ամիս է, որ բջջային ոչ մի տեսակի կապ չկա եւ բջջային հեռախոսը շատերն օգտագործում են լավագույն դեպքում որպես ծոցատետր, ժամացույց, իսկ համապատասխան հանձնաժողովի նախագահըՙ մեխ մեխելու «չաքուջ»...

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4