«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2005-09-07 | #160, 2005-09-08 | #161, 2005-09-09


ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ

Անկախությունից հետո մեր երկիրը ծանր ու դժվարին ժամանակներ անցկացրեցՙ հայտնվելով սոցիալական ու տնտեսական ճգնաժամում: Սոցիալական իրավիճակի կտրուկ փոփոխությունը նաեւ իր «հետքը» թողեց հայ կանանց առողջության վրա, որն էլ իր անմիջական ազդեցությունը թողեց ու չբերությունը դարձավ տարածված հիվանդություն: Նյութիս հերոսըՙ Անահիտը, այդ օրերիՙ «անկախության զոհերից» է: Դեռ դպրոցական տարիներին նա ստիպված է լինում 8-րդ դասարանից ամառային արձակուրդի օրերին աշխատանք փնտրել եւ ինչ-որ չափով ընտանիքի հոգսը թեթեւացնել: Տեղավորվելով դպրոցի գրադարանում, նա ամիսներ շարունակ գրքի ծանր կապոցները տեղափոխում է տեղից տեղ, ամեն օր հոգնած տուն գնում եւ սկսում որոշ չափով էլ օգնել մորը տնային աշխատանքներում, պարտեզում... Տարիներն անցնում են, Անահիտը գերազանց գնահատականներով ավարտում է դպրոցն ու ընդունվում ԵՊՀ)ի բանասիրական ֆակուլտետՙ վճարովի հիմունքներով: Այդ տարվա բուհ (վճարովի) ընդունվածների 30 տոկոսը հնարավորություն չի ունեցել վճարելու ուսվարձը, եւ նրանցից 17 տոկոսը դուրս է մնացել բուհիցՙ չհաշված, որ հավաքել էին բարձր բալեր: Անահիտը նույնպես հայտնվում է անելանելի վիճակում եւ սկսում է տարբեր տեղեր աշխատանք փնտրել: Շատ փնտրելուց հուսալքված, ստիպված գնում է առաջարկված աշխատանքին գիշերային զվարճավայրում որպես աման լվացողՙ նախապես պայմանավորվելով, որ 6 ամսվա գումարը տնօրենը կանխիկ վճարի, որպեսզի կարողանա վճարել ուսման վարձը: Չանցած մեկ շաբաթ, տնօրենը Անահիտին կանչում է իր մոտ եւ պարտադրում սեքսուալ հարաբերություններ ունենալ օրական 1-2 հաճախորդի հետ, բավարարել նրանց ցանկություններըՙ բարձր վարձավճարով: Անահիտը սկզբում կարկամում է, հուզվում, լաց լինում... Աշխատակցուհիների հորդորը, թե «շուրջդ նայիր, քո կուրսեցիները գեղեցիկ հագնված, ամեն ինչը տեղը տեղին, իսկ դու, բա քեզ սազո՞ւմ է, քո տեսքով գիտե՞ս, թե ինչեր կարող ես անել...»: Հետ չմնալու համար ստիպված համաձայնում էՙ մտածելով. «Գոնե տան վարձը կփակեմ» ու... Մեկ տարի անց, մի սովորական օր, օտարերկրայա մի հաճախորդ տեսնում է Անահիտին, սիրահարվում ու ամուսնության առաջարկություն անում: Հայկական ավանդույթներով հարսանիքը կայանում է, եւ նրանք տեղափոխվում են այլ երկիր ապրելու: Երկու տարի անց հաշտ ու համերաշխ ընտանիքը կանգնում է փլուզման եզրինՙ երեխա չլինելու պատճառով:

Բժիշկների պնդմամբ, Անահիտը ծանր աշխատանք կատարելու ժամանակ լուրջ առողջական խնդիրներ է ձեռք բերել ու ժամանակին բժշկի չդիմելու հետեւանքով զրկվել է մայր դառնալու երազանքից: Այդ մասին ամուսինը իմանալով, նրան ստիպում է, որ իր ծանոթի մոտ աշխատի... վերադառնալով հին մասնագիտությանը, կամ էլ տանը զբաղվի ամենաստորացուցիչ աշխատանքներով: Քանի որ ամուսնանալուց կնքվել էր ամուսնական պայմանագիր, Անահիտը դիմում է դատարան եւ կին փաստաբանի օգնությամբ շահում է դատըՙ ամուսնու ունեցվածքի 25 տոկոսը տրվում է Անահիտին, նաեւ նշանակվում է որոշակի նպաստ, անկախ նրանիցՙ Անահիտն ուրիշի հետ կամուսնանա, թե ոչ:

Այժմ Անահիտը Երեւանում բացել է իր սրճարանը եւ աշխատանքի է վերցնում միմիայն երիտասարդ տղաների...

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4