ԱՆԿԱՐԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաջորդ շաբաթ կքննարկի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը:
«Անատոլու» գործակալության փոխանցմամբ, հավանականությունը մեծ է, որ հանրապետական կոնգրեսական Հենրի Հայդի գլխավորած հանձնաժողովը կքվեարկի օրինագծի ընդունման օգտին: Ընդունվելու դեպքում օրինագիծը կարող է մտցվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ, սակայն դա կախված կլինի Կոնգրեսի նախագահ, հանրապետական Դենիս Հաստերտի նախաձեռնությունից:
Կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչի, Ադամ Շիֆի, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի ներկայացրած բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահինՙ ապահովել, որ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության իրողությունն արտացոլվի ճշմարտացիորեն:
Կոնգրեսական Ադամ Շիֆը օրինագիծը Ներկայացուցիչների պալատ էր ներկայացրել հունիսին: Ըստ «Անատոլու» գործակալության, օրինագիծը կրկնում է 2000 թվականին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաստատած, սակայն վերջին պահին նախագահ Բիլ Քլինտոնի միջամտությամբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգից հանված նախագիծը: Նախագահ Քլինթոնը զգուշացրել էր Կոնգրեսի նախագահ Դենիս Հաստերտին, որ «օրինագծի ընդունումը կարող է հեռու գնացող բացասական հետեւանքներ ունենալ Միացյալ Նահանգների համար»: